Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը 15 օր ժամկետով կալանավորվել էր մարտի 26-ին Մոսկվայում կոռուպցիայի դեմ տեղի ունեցած խոշոր ցույցից հետո, ազատ է արձակվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Նավալնիի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը:
ԶԼՄ-ների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հավաքվել էին «Մնևնիկի» շրջանի մեկուսարանի անցակետի մոտ, որտեղ Նավալնին կրում էր վարչական կալանքը: Սակայն ընդդիմադիր գործիչն այդպես էլ դուրս չի եկել հաստատության այդ դարպասներից:
Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել էր Մոսկվայի կենտրոնում չհամաձայնեցված ակցիայից հետո, որում նրա կողմնակիցները բողոքում էին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ: Նավալնին տուգանվել էր նաև 20 հազար ռուբլիով: