Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմության վերացման հարցը ԱԺ-ում լուծել են». Զուրաբյանը «Ելքը» վերահսկվող ընդդիմություն է որակում

Ապրիլ 10,2017 16:16

Այսօր լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրեցին՝ դուք խաղաղության շարժում ստեղծելու մասին էիք խոսում քարոզարշավի ընթացքում՝ անկախ արդյունքներից, հիմա ուժի մե՞ջ է այդ շարժում ստեղծելու միտքը:

Նա պատասխանեց. «Շարժումը ստեղծված է, գաղափարական հիմքը ստեղծված է: Կան արդեն բազմաթիվ մարդիկ, ովքեր մեզ հետ կապ էլ չունեին, բայց արդեն շարժման մեջ անելիքներ ունեն եւ հանդես են գալիս հոդվածներով, հրապարակախոսությամբ: Մարտի 29-ի հզոր հանրահավաքը նույնպես ցույց տվեց, որ ինչքան աջակիցներ ունենք մենք այդ ծրագրի իրականացման գործում: Այստեղ կարեւոր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, որովհետեւ ոչ ոք թող չարխայնանա: Շատ ծանր վիճակ է գալիս: Ոչ մի խնդիր լուծված չի: Հայաստանը կանգնած է պատերազմի եւ խաղաղության միջեւ ընտրության առջեւ եւ այդ ընտրությունը ոչ ոք չի հեռացրել կամ չի տարել մեզանից:

Եթե իրենց թվում է, որ ընտրությունները կեղծիքով հաստատելով՝ իրենք լուծել են որեւէ հարց, իրենք սխալվում են: Իրենք իշխանության պահպանման հարցը լուծել են, դա՝ մեկ, ընդդիմության վերացման հարցը պառլամենտում լուծել են, որովհետեւ այսուհետեւ միայն կլինի իրենց կողմից վերահսկվող ընդդիմություն: Այս հարցը լուծել են: Բայց ինչ գին է Հայաստանը վճարել դրա համար: Իրենք իշխանությունը պահպանում են՝ Հայաստանը թուլացնելու եւ նորանոր վտանգների տանելու սպառնալիքների միտումով՝ ով է դրանից շահում: Անգամ այդ փայլուն դեմքերով հաղթանակած իբր մեծամասնությունը շատ մեծ կորուստներ է ունենալու, բայց դրա մասին իրենք դեռ չգիտեն: Իրենք դեռ երջանիկ են, կարծում են, որ լափամանը կարողացել են պաշտպանել, պահել իրենց ձեռքում եւ անպատիժ հարստանալ»:

Լրագրողները ճշտեցին՝ որ ասում եք վերահսկվող ընդդիմություն են ունենալու, քիչ են ընդդիմության մանդատները, դրա համա՞ր են վերահսկվող լինելու, թե՞ այլ իմաստով՝ Զուրաբյանը պատասխանեց. «Չէ, ուղիղ այն, ինչ ասում եմ»:

Լրագրողները եւս մեկ անգամ ճշտեցին՝ դուք «Ելքին» վերահսկվող ընդդիմությո՞ւն եք համարում՝ նա պատասխանեց. «Գնացեք ուսումնասիրեք, տեսեք, շատ ճիշտ հասկացաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930