Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խախտումները ահավոր են, շատ են». ՀԱԿ-ը ՍԴ է դիմել՝ միջազգային հանրությանը ապացուցելու համար. (Տեսանյութ)

Ապրիլ 10,2017 16:11

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ հույս ունեին 2017-ի ԱԺ ընտրությունները վերածել քաղաքական լուրջ պայքարի, բայց չի հաջողվել. «Եթե ԱԺ-ի ընտրությունն անցավ այս կլանային մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, բնական է, Երեւանի ավագանու ընտրությունները առավել եւս անհնար է քաղաքականացնել: Մենք կարծում ենք, որ այսօր ստեղծված քաղաքական իրավիճակում քաղաքական ընտրություն ՀՀ-ում չի կարող լինել, ընտրություն ընդհանրապես չի կարող լինել եւ ԱԺ-ի ընտրությունները դա ապացուցեցին: Ես ցավով եմ նշում, որ մեզ չհաջողվեց քաղաքականացնել այդ ընտրությունները:

Մենք բնականաբար այս վիճակում անիմաստ ենք համարում մասնակցել ավագանու մրցումներին: Մասնակցությամբ մենք ընդամենը պիտի լեգիտիմացնեինք ընտրակաշառքը, ահաբեկումը, ադմինիստրատիվ լծակներով այս ճնշումները: Մենք դա չենք անի: Մենք կկենտրոնանանք Սահմանադրական դատարանի մեր դիմումի վրա, որը մենք համարում ենք շատ կարեւոր քայլ:

Մեզ էդքան քննադատում էին 4+4+4 ձեւաչափի համար, բայց շնորհիվ այդ բանակցությունների ձեռք բերած արդյունքների, մենք ունենք փաստացի շատ նյութեր: Մասնավորապես, 1500 տեսախցիկները ֆիքսել են այն ամբողջ տեսանյութը, թե ինչ է տեղի ունեցել տեղամասերում: Դա ուղղակի շատ լուրջ նյութ է, ուղղակի մեր ռեսուրսները չեն բավարարում այդ ամեն ինչը նայել: Պատկերացրեք, 1500 տեղամասում մոտ 25 ժամ ամեն մեկում տեսանյութ: Խախտումները ահավոր են, շատ են: Դա սուտ է, որ տեղամասերում չեն եղել խախտումներ, եղել են»:

Թե կոնկրետ ինչպիսի խախտումների մասին է խոսքը՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ ամեն ինչը հիմնավորված կներկայացնեն ՍԴ՝ փաստերով. «Չեմ ցանկանում փակագծերը վաղաժամ բացել»:

Նա ասաց, որ ԿԸՀ-ի որոշումից հետո նոր հնարավորություն կա վիճարկելու ընտրությունները ՍԴ-ում ու արդեն ժամանակը քիչ է. «Չենք էլ հասցնի տեսաժապավենները վերլուծել, միայն մի քանի տեղամասինը մենք կկարողանանք ծայրից ծայր նայել, հանել դրվագները, որ խախտումներ են եղել»:

Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ «Որ եղել է ընտրակաշառքի զանգվածային բաժանում՝ գիտեք, 10 հազար դրամը բաժանել են մի քանի կուսակցություններ՝ ըստ էության ծածկելով ընտրազանգվածի մեծամասնությանը: Բայց ես ուզում եմ շեշտել՝ ընտրակաշառքը թեեւ եղել է զանգվածային, ազդել է արդյունքների վրա, դա գլխավոր բաղադրիչը չի: Ընտրակաշառքն ընդամենը կոմպենսացիա է, որ վճարվել է ժողովրդին, որին իրականում ահաբեկել են: Ադմինիստրատիվ ճնշումները՝ տարբեր վարչական լծակներով, դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների միջոցով ազդել են ժողովրդի վրա, իրականում ժողովուրդը պարտադրված է եղել գնալ եւ քվեարկել իրենց ինստրուկցիա տված տարբերակով, ուղղակի բացի պարտադրանքից կիրառել են նաեւ ընտրակաշառք: Ընտրակաշառքը եղել է փոքրիկ բաղադրիչ մաս: Իրականությունը հետեւյալն է՝ տոտալ ամբողջ մեր բնակչությանը պարտադրել են այս քվեարկությանը: Սա մոտավորապես եղել է քվեարկություն, որը կանցկացվեր համակենտրոնացման ճամբարում: Պատկերացրեք՝ համակենտրոնացման ճամբարում անցկացվում են ընտրություններ, որտեղ ճամբարի բնակչությունը պետք է որոշի ճամբարի ապագան: Ինչ եք կարծում, ինչպե՞ս կքվեարկեն մարդիկ, ճիշտ է, վերջում բոլորին մի հատ էլ պայոկ են տալիս՝ մի օրվա: Այ սա է, ինչ եղել է ՀՀ-ում»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ մեծ սպասելիքներ ՍԴ-ից չունեն. «Սա արվում է ուղղակի նրա համար, որ միջազգային հանրությունն ուղղակի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ՀՀ-ում: Մենք բնականաբար կամակատար այս ՍԴ-ի կամ ԿԸՀ-ի հետ որեւէ հույսեր չենք կապում եւ պատրանքներ չունենք, բայց գոնե մեր փաստարկները,ապացույցները կներկայացնենք, դա կֆիքսվի եւ դրանց ստիպված պետք է ինչ-որ պատասխաններ տան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930