Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրական գործընթացում որեւէ թերացում չի եղել». Գառնիկ Իսագուլյան

Ապրիլ 10,2017 15:12

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության մշտական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ, նոր խորհրդարանում որակական առումով այնքան էլ մեծ փոփոխություններ չեն լինի:

«Հուսով եմ՝ քանակի կրճատումը, աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի նրան, որ կունենանք աշխատող խորհրդարան»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Իսագուլյանը:

Նրա խոսքով, ընտրություններից հետո ավելի ցայտուն երեւաց, որ կուսակցությունների մեծամասնությունը նոր Ընտրական օրենսգրքին  լուրջ չէին վերաբերվում, չէին էլ խորացել՝ ինչ օրենսգիրք է ընտրվելու. «Բացի ՀՀԿ-ից, մյուս ուժերը լավ չէին էլ պատկերացնում՝ ինչ ասել է տասներեք ընտրատարածք, ինչ ասել է այդ տարածքներում վարկանիշային թեկնածուներ կամ ընդհանրական ցուցակներ, երբ հայտարարվել էր ընտրությունների օրը, քարոզարշավը, նույնիսկ երբ արդեն գրանցմանը մնացել էր մեկ շաբաթ, շատերը լավ չէին էլ պատկերացնում ինչը ոնց պետք է լինի, չունեին վարկանիշային ցուցակներ»:

Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ, ՀՀԿ-ն ընտրական գործընթացում աշխատեց մի քանի շերտով. «Նախ՝ առաջին եռյակում ընդգրկեցին նոր վարչապետին, որը դեռ իր վարկանիշը կարողացել էր բարձր մակարդակով պահել, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին, որն իր բոլոր պարտավորությունները լավ կատարել էր ու դրական վարկանիշ ուներ, մենք նրա՝ նախարար լինելու ընթացքում սահմանագծում ավելի արտոնյալ կարգավիճակում ենք, ԱՆ նախարար Արփինե Հովհաննիսյանը բարետես աղջիկ, մեր հասարակության համար դա էլ մեծ նշանակություն ունի, եւ Տարոն Մարգարյանը, որ վրան հոր վարկանիշի շվաքը կար»:

Նա պատմեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ շրջայց է կատարել բոլոր ընտրատարածքներում ու հանդիպել է իրենց վարկանիշային ցուցակում ներկայացված բոլոր թեկնածուների հետ, իսկ դա բավականին լուրջ ազդեցություն ունեցել է, որ թեկնածուները միմյանց նկատմամբ հանդուրժող լինեն:

Պարոն Իսագուլյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն, ի տարբերություն այլ ուժերի, շատ կազմակերպված է աշխատել, գնացել է ընդդիմության բոլոր պահանջներին ընդառաջ՝ ապահովելով տեղամասերից ուղիղ հեռարձակում, ցուցակների թափանցիկություն. «Ընտրական գործընթացում որեւէ թերացում չի եղել»:

Իսկ Ծառուկյան դաշինքը, ըստ բանախոսի, մինչեւ վերջ էլ ամբողջական չեն պատկերացրել Ընտրական օրենսգիրքը ու իրենց հաջողությունները կապված էին մեկ անձի հետ:

Ինչ վերաբերում է «Ելքին»՝ պարոն Իսագուլյանի գնահատմամբ, շատ գրագետ կարողացան կազմակերպել իրենց քարոզարշավը, իրենց բոլոր ելույթները սինխրոնիզացրել էին, որ կարողանան արտահայտեին նույն մտքերը ու կարողացան համոզել, որ արեւմտյան արժեքների կրող դաշինք են եւ չունենալով ռեսուրսներ՝ կարողացան ոչ ռեսուրսային զանգվածին թեքել դեպի իրենց:

Գառնիկ Իսագուլյանն ամփոփելով իր գնահատականները՝ ասաց, որ առանց ՀՅԴ-ի բարդ է պատկերացնել դրսում մեր աշխատանքն ավելի արդյունավետ, բայց ըստ նրա, ՀՅԴ-ն չկարողացավ ամբողջապես օգտագործել իր ռեսուրսները, շեշտը դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման թեզի բանավեճի վրա, մինչդեռ  այդ բանավեճը հաստատ իրենց ձայների քանակ չէր բերի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930