Ապրիլի 9-ին Հարավային Օսիայում երկու նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել՝ հանրաքվե և նախագահական ընտրություններ: Կայացած հանրաքվեի արդյունքում Հարավային Օսիան վերանվանվելու է «Հարավային Օսիայի Հանրապետություն – Ալանիայի Պետություն»: Վերանվանման օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների շուրջ 78 տոկոսը, դեմ՝ 21 տոկոսը։
Միևնույն ժամանակ Հարավային Օսիայի բնակիչները ընտրել են երկրի նախագահին: Ընտրությունների արդյունքում առաջատարը «Միասնական Օսիա» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովն է, որը հավաքել է ձայների 57.98%-ը: Բիբիլովի մրցակիցը, գործոց նախագահ Լեոնիդ Տիբիլովը հավաքել է ձայների 30%-ը:
Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին ինքնահռչակ Հարավային Օսիայում ընտրությունների անցկացումը համեմատել է Ղրիմի բռնակցման հետ:
«Նման գործողությունն իրենց ներկայացնում է Վրաստանի դեմ կոպիտ ճնշում և ուղղված է Սև ծովի տարածաշրջանում, Հարավային Կովկասում իրավիճակի հետագա էսկալացիային»,-ասել է նա:
Վրաստանի նախագահը տեղի ունեցածը որակել է «սողացող օկուպացիայի ռեժիմի վերափոխում դեպի ակնհայտ բռնակցում՝ այն նույն սցենարով, որով Ռուսաստանն իրագործել է Ղրիմի բռնակցումը»։
Կարդացեք նաև
Վրաստանի ԱԳՆ-ն ևս խստորեն դատապարտել է Հարավային Օսիայում անցկացված ընտրությունները և հանրաքվեն: «Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտում է օկուպացված Ցխինվալիի տարածաշրջանում այսօր անցկացվող այսպես կոչված նախագահական ընտրություններն ու հանրաքվեն… Համաձայն միջազգային իրավունքի նորմերի՝ ցանկացած այսպես կոչված ընտրություններ կամ հանրաքվե Վրաստանի օկուպացված տարածքներում հանդիսանում են անօրինական և չեն ունենա որևէ իրավական հետևանք»,-ասվում է հայտարարությունում:
Եվրամիությունը, անդրադառնալով տեղի ունեցածին, իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ կարևորելով հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հարավային Օսիայում կայացած ընտրությունների և հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ երկիրը չի ճանաչում հանրաքվեի և ընտրության արդյունքները: