Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ համայնքի պատմությանը նվիրված գիտական կոնֆերանս Լեհաստանի Ժեշով քաղաքում

Ապրիլ 10,2017 13:25

Ապրիլի 7-ին Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Կրակովի Հայկական մշակութային ընկերակցությունը և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը Լեհաստանի Ժեշով քաղաքում կազմակերպել էին գիտական կոնֆերանս` նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը:

Կոնֆերանսին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոդկարպացկե վոևոդության փոխնահանգապետ Պիոտր Պիլխը, մի շարք անվանի գիտնականներ, հրապարակախոսներ, մշակութային գործիչներ, Պոդկարպացկեում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ու Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլք:

Բացման իր խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ 2017 թվականը կարևոր տարի է հայ-լեհական հարաբերությունների համար, քանզի նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունների հիմքում հայ և լեհ ժողովուրդների միջև բազմաթիվ հիշարժան իրադարձություններով հարուստ բարեկամությունն է, որոնցից մեկն էլ 650 տարի առաջ Լեհաստանի թագավորի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու հոգևարականին շնորհված արտոնությունն է:

Գիտագործնական կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքին նվիրված մի շարք զեկույցներ: Մասնավորապես, Կիելցեի պետական թանգարանի գիտաշխատող Պավել Գժեսկին իր զեկույցում ծավալուն անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, Քրիստոնեական հարուստ ժառանգությանը:

Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց նաև Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ուսումնասիրությունը, որը վերաբերում էր լեհ թագավոր Կազիմիր Մեծի կողմից 650 տարի առաջ հայերին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված մի շարք արտոնություններին:

Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցավ նաև Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին, ով ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի բազմադարյա պատմությունը, Լեհաստանի պատմության մեջ հայ ականավոր գործիչների ունեցած դրական դերակատարումը:

Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվել էր նաև Ժեշովում բնակվող Սուրեն Վարդանյանի նկարների և Կրակովում բնակվող Անի Մուրադյանի խեցեգործական աշխատանքների ցուցադրությունները:

Կոնֆերանսի ավարտին մասնակիցներն այցելեցին Ժեշովի Սուրբ Վոյչեխ և Ստանիսլավ եկեղեցի, որտեղ ծաղիկներ զետեղեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930