Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Ես այսքան անմեղ մարդ մեկ տեղում չեմ տեսել» (Տեսանյութ)

Ապրիլ 10,2017 12:19

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Կարգը պահպանեց նաև «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց կենտրոնի սաներին:

Նավասարդ սրբազանը հակիրճ խոսեց տոնի մասին, այնուհետև ընդգծեց երեխաների մաքրությունը և նրանց օրհնության կարևորությունը. «Երբ փոքրիկները գնում են Հիսուսի մոտ և առաքյալները չեն թողնում, Հիսուս ասում է. «Թող գան, որովհետև մանուկների նման մաքուր էակներ երկնքի թագավորությունում չկան»:

Նավասարդ սրբազանի համար այդքան շատ երեխաների մեջ գտնվելը հավասարազոր էր պտղատու այգում լինելուն, որտեղ միջավայր է ստեղծվում, որպեսզի մեծերը ևս աշխատեն մանկական անարատ, ազնիվ վիճակը պահպանել. «Իրենցից մենք ոգևորվում ենք, ես այսքան անմեղ մարդ մեկ տեղում չեմ տեսել, իսկ մեր գործը մեղավորների հետ է», – ավելացնում է սրբազանը:

Այնուհետև երեխաները հերթով մոտեցան և օրհնություն ստացան ոչ միայն Նավասարդ սրբազանից, այլ նաև Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանից: «Ինձ թվաց, թե հրեշտակ մոտեցավ, և այսուհետև ամեն մի գործ կատարելիս ինձ օգնելու է: Կարծես հոգիս պայծառացավ, և ես օրհնելու պահին ջերմություն զգացի», – օրհնությունից հետո տպավորված պատմում էր Անուշ Վրթանեսյանը:

«Կանա» կենտրոնը երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար տոնական տրամադրությունը տեղափոխեց «Արարատ» գոլֆ ակումբ: Երեխաները խմբերի բաժանվեցին և Տեր Տաճատի առաջնորդությամբ սկսեցին խաղալ:

Գոլֆ խաղալու առաջարկը եղել էր «Կանա» կենտրոնի սաներից մեկինը՝ Անուշ Վրթանեսյանինը. «Ես հաճախում եմ այստեղ՝ խաղալու, և առաջարկեցի, որ ընկերներս ևս միանան ինձ, և Տեր Տաճատը հավանություն տվեց, ավելին, մեզ շատ ոգևորեց՝ ասելով, որ ինքը ևս կգա ու մեզ հետ կխաղա»:

Փոքրիկները խաղում էին մինի դաշտում գոլֆի մարզիչ, «Կանա» կենտրոնի ծնողներից մեկի՝ Կարեն Հովհաննիսյանի օգնությամբ:

Իսկ վերջում Տեր Տաճատը խաղաց փորձառուների համար նախատեսված ավելի մեծ դաշտում:

 Նելլի Թառփոշյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930