ԻՏՁՄ վարչության հայտարարությունը
ԻՏՁՄ-ն վերջին տասնամյակում բազմիցս ահազանգել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման ժամանակ հայկական ընկերություններին այդ գործընթացներից հեռու պահելու արատավոր պրակտիկայի մասին: Մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի մրցույթներում դրվում են այնպիսի պայմաններ, որոնք բացառում են տեղական ընկերությունների մասնակցությունը, ինչի հետևանքով պատվերները ուղղորդվում են դեպի օտարերկրյա ընկերություններ: Ընդ որում, հարկ է նշել, որ հայկական ընկերությունները նմանատիպ պատվերներ իրականացնում են այլ՝ հիմնականում զարգացած երկրների համար և որակով որևէ կերպ չեն զիջում, այլ նույնիսկ հաճախակի գերազանցում են այն լուծումները, որոնք մեզ փորձում են հրամցնել օտարերկրյա ընկերությունները: Հեռու պահելով հայկական ընկերություններին՝ օտարերկրյա ընկերություններին արհեստական հաղթանակ են ապահովում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն և նրանց վերադաս պետական մարմինները:
Վերոհիշյալի հետևանքով պետությունը տասնապատիկ ավել գնով լուծումներ է ձեռք բերում օտարերկրյա ընկերություններից, պարբերաբար դադարում է այդ լուծումների հետագա սպասարկումը, որը անհրաժեշտություն է ստեղծում նոր միջազգային մրցույթների հայտարարմանը: Արդյունքում հարված է հասցվում ինչպես պետությանը, այնպես էլ տեղական ընկերությունների զարգացմանը, որոնք լուծումները իրականացնելու դեպքում ձեռք կբերեին դրանք միջազգային շուկաներում վաճառելու հնարավորություն: Այս ամենին գումարվում է անդառնալի հարվածը երկրի անվտանգությանը, քանի որ էլեկտրոնային կառավարման համակարգերը դառնում են թափանցիկ օտարերկրյա ընկերությունների համար, և դրանք ստանում են հասանելիություն ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներին, ինչպես նաև պետական մարմինների հույժ գաղտնի և կարևոր տվյալներին: Արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերությունները որևէ ձևով չեն կարող վերահսկվել ՀՀ անվտանգության մարմինների կողմից:
Ասածի ապացույցն է վերջերս հրապարակված՝ «ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով մրցույթի հայտարարում» մրցույթը (ՀՀԷԿԵՆԳ-ՄԵԾՁԲ-N17/2), «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից, որտեղ մասնակցության պայմանների մեջ (մեջբերված է մրցույթի պայմաններից) նշված է՝
2) ֆինանսական միջոցներ.
Կարդացեք նաև
ա. Մասնակիցը վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով սույն կետի 1-ին ենթակետում նշված համակարգերի մշակման, շահագործման և սպասարկման ծառայությունների կամ նմանատիպ այլ ծառայությունների և աշխատանքների դիմաց պետք է ստացած լինի ֆինանսական հասույթ՝ առնվազն 20 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:
բ. Մասնակիցը անձամբ կամ մասնակիցների կոնսորցիումը համատեղ նախավորակավորման հայտը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող տարվա՝ 2016 թվականի ընթացքում բանկային հաշիվներում պետք է ունենա միջին հաշվով ազատ շրջանառու միջոցներ առնվազն 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:
Նման պայմանները բացառում են ՀՀ ընկերությունների մասնակցությունը այս նախագծին:
Հիմնվելով վերոնշյալի վրա՝ ԻՏՁՄ-ն առաջարկում է ՀՀ կառավարությանը.
ա. քննության առարկա դարձնել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ –ի գործունեությունը, քայլեր ձեռնարկել այն առողջացնելու և ՀՀ շահերին ծառայեցնելու համար,
բ. անմիջապես դադարեցնել մրցույթի գործընթացը և հնարավորություն ստեղծել հայկական ընկերություններին մասնակցելու դրան,
գ. միջոցներ ձեռնարկել հետայսու տեղական ՏՀՏ ընկերություններին ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծմանը մասնակցելու համար,
դ. Ազգային Անվտանգության Ծառայությանը և Հատուկ Քննչական Ծառայությանը ընդունել այս հայտարարությունը որպես դիմում հանցագործության մասին,
ե. հետաքննել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ –ի և նրա վերադաս պետական մարմինների գործունեությունը, որի հետևանքով Հայաստանի հանրապետությունը հայտնվել է լրացուցիչ վարկային պարտավորությունների տակ, ունեցել է ֆինանսական կորուստներ, վնաս է հասցվել տեղական ընկերությունների զարգացմանը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները և պետական տեղեկատվությունը հասանելի է դարձրել վերահսկողությունից դուրս գտնվող արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերություններին:
ԻՏՁՄ վարչության անունից
Գործադիր տնօրեն՝
Կարեն Վարդանյան
Նույնը վերաբերում է ընտրությունների կազմակերպմանը:
Այս ընտրություններին տեսանք, ինչ խղճուկ, սխալներով լի չաշխատող տարբերակ էր ներդրվել:
հարությունյան դավիթին առաջարկել էի աշխատող, շատ ավելի ֆունկցիոնալ տարբերակ: Նույնիսկ անվճար էի համաձայն:
Արհամարհվեց, իհարկե :