Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց ընդգրկումը ցուցակներում ձեւական է, թե ոչ՝ կերեւա մի քանի օրից

Ապրիլ 10,2017 14:00

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այն 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանական առաջին ընտրությունն էր։ Այս ընտրություններով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին։ Երկրի նախագահը կշարունակի լինել պետության գլուխը, սակայն նրա լիազորությունները կնվազեն հօգուտ վարչապետի եւ Ազգային ժողովի։

Այս խորհրդարանական ընտրությունները նախորդներից տարբերվում էին նրանով, որ կին թեկնածուներն ավելի շատ էին: Սա, իհարկե, ոչ թե տղամարդկանց բարի կամքի, այլ Ընտրական նոր օրենսգրքի պահանջն էր: Հիշեցնենք, որ օրենքով ամրագրված է 25/75 համամասնության պահպանումը: Թե այս ընտրություններից հետո ինչ ղեկավար պաշտոններ կվստահվեն կանանց՝ կիմանանք մի քանի օրից: Առայժմ ոչ բոլոր ուժերն են պաշտոնապես հրապարակել, թե իրենց ցուցակներով անցածներն ով որտեղ է լինելու:
Այսպես. ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի՝ 5 կուսակցությունների եւ 4 դաշինքների համապետական ցուցակներում ընդհանուր թվով 29,5% կին թեկնածու էր ներկայացված: Տարածքային ցուցակներով կին թեկնածուների թիվը 30,8% էր: Այսինքն` քաղաքական ուժերը ավելի մեծ թվով կանանց էին ներգրավել իրենց ցուցակներում, քան Ընտրական օրենսգրքի պահանջն էր: Ցուցակների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը դեռեւս պատրաստ չեն զիջել կանանց ավելի մեծ թվով տեղեր առաջին հնգյակում եւ տասնյակում: Կին թեկնածուները որոշ ուժերի մոտ վերջին տասնյակում էին:

Մանե Թանդիլյան

Այս ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական ուժի ցուցակ կին չէր գլխավորում: Եվ միայն որոշ կուսակցություններում էին, որ երրորդ հորիզոնականում կին թեկնածու ունեին: Մնացածը 4-րդ տեղից սկսած էին կանանց ներառել:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ՀՀԿ-ն, որ իր նախընտրական ցուցակում 197 թեկնածու էր ներառել, կուսակցության առաջին եւ երկրորդ հորիզոնականներում տղամարդ թեկնածուներ էր առաջադրել: Չնայած, որ 197 թեկնածուներից 58-ը կանայք էին: Ցուցակի առաջնորդներից` Վիգեն Սարգսյանից ու Տարոն Մարգարյանից հետո միայն երրորդ տեղում Արփինե Հովհաննիսյանն էր: Ապա 8-րդ տեղում` Մարգարիտ Եսայանը, 12-րդ տեղում՝ Հերմինե Նաղդալյանը, 16-րդում` Շուշան Պետրոսյանը: ՀՀԿ-ի ցուցակի վերջին հորիզոնականներում նույնպես իրար հետեւից կանայք են ընդգրկված:
Կին թեկնածուների թիվը ՀՀԿ տարածքային ցուցակում 27 տոկոս էր կազմում: Այսինքն` 118 թեկնածուներից 32-ը կանայք էին:

ՕՐՕ դաշինքի ցուցակի 148 թեկնածուների առաջին եռյակում տղամարդիկ էին, եւ միայն 4-րդ հորիզոնականում տեղ էր գտել թեկնածու Էլինար Վարդանյանը: Թեեւ ՕՐՕ-ն չհաղթահարեց խորհրդարան անցնելու 7 տոկոս շեմը, այդուհանդերձ՝ նշենք, որ այս դաշինքի համապետական ցուցակում 149 թեկնածուներից 41-ը կանայք էին, այսինքն` 27,5 տոկոսը:

Դաշինքի հաջորդ կին թեկնածուն 8-րդ տեղում էր` Սուսաննա Մուրադյանը, ապա 12-րդ տեղում` Լիգիա Մելքումյանը, 13-րդ տեղում` Արեգնազ Մանուկյանը: ՕՐՕ-ի վերջին հորիզոնականներում եւս կանայք կային:

ՕՐՕ-ն տարածքային ցուցակներում 35 կին թեկնածու է ունեցել ընդհանուր 126 թեկնածուների թվում:

«Ելք» դաշինքում 121 թեկնածուներից 39-ը կանայք էին: Կանանց ներգրավվածությունը «Ելքի» ցուցակում 32 տոկոս էր: Այս դաշինքն իր ցուցակի առաջին տեղում նույնպես կին թեկնածու չուներ. ցուցակը գլխավորում էին Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը: Կանանց ներկայությունը ցուցակում՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, սկսվում էր 4-րդ հորիզոնականից, այնուհետեւ կին թեկնածուներից դաշինքի ցուցակի 7-րդ տեղում էր Լենա Նազարյանը, հաջորդ կին թեկնածուն 11-րդ տեղում էր, «Ելք»-ը կին թեկնածու ուներ նաեւ ցուցակի 13-րդ հորիզոնականում:

Այս դաշինքի 107-րդ, 112-րդ, 113-րդ, 117-րդ, 118-րդ, 119-րդ տեղերում նույնպես կանայք էին:

«Ելք»-ն իր տարածքային ցուցակում 112 թեկնածու է առաջադրել, որից 33 տոկոսը կանայք են եղել:

Ընտրություններին մասնակցած եւ խորհրդարան անցած ՀՅԴ կուսակցության ցուցակը նույնպես տղամարդիկ էին գլխավորում. Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան: Նրանք ցուցակի առաջատարն էին: 4-րդ հորիզոնականից սկսած միայն կուսակցությունը կին թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս Արմենուհի Կյուրեղյանի: ՀՅԴ ցուցակով հաջորդ կին թեկնածուն 8-րդ տեղում էր, ապա ցուցակի 12-րդ, 16-րդ, 20-րդ տեղերն էին կանանց վստահված:

ՀՅԴ 171 թեկնածուներից կանայք 48-ն էին, այսինքն` 28 տոկոսը: Ուշագրավ է, որ դաշնակցականների ցուցակի 164-ից մինչեւ 171-րդ հորիզոնականը իրար հետեւից կանայք էին ընդգրկված:

Դաշնակցության տարածքային ցուցակներում էլ 45-ն են կին թեկնածու եղել: ՀՅԴ-ն տարածքայինով ընդհանուր առմամբ 146 թեկնածու է առաջադրել:

«Ծառուկյան» դաշինքն այն երեք կուսակցություններից մեկն էր, որ 3-րդ հորիզոնականում կին թեկնածուի` Նաիրա Զոհրաբյանին էր առաջադրել:

Նաիրա Զոհրաբյան

Այս դաշինքը նույնպես խորհրդարանում կլինի: Համապետական ցուցակում ընդգրկել էր 188 թեկնածու, որից 53-ը կամ 28 տոկոսը կանայք էին: «Ծառուկյան» դաշինքի հաջորդ կին թեկնածուն կրկին ցուցակի տասնյակում էր` 8-րդ տեղում: Ապա այս դաշինքում կանանց տեղեր էին վստահվել 12-րդ, 16-րդ, 20-րդ, 28-րդ, 32-րդ տեղերում:
«Ծառուկյան» դաշինքը տարածքային ցուցակով 134 թեկնածուներից 39 կանանց համար է տեղ սահմանել, ինչը կազմում է 28 տոկոսը:

Նշենք նաեւ, որ կուսակցություններն իրենց ցուցակների առաջին տասնյակում, բացառությամբ մեկ կուսակցության` «Ազատ դեմոկրատների», 2 կին են ներկայացրել, եւ միայն դեմոկրատներն էին, որ առաջին տասնյակում կուսակցության ցուցակով 3 կին էին առաջադրվել` Անահիտ Բախշյանը` 4-րդ տեղում, Անժելա Խաչատրյանը` 6-րդ տեղում, եւ Սոնա Մինասյանը` 8-րդ տեղում:

«Ազատ դեմոկրատները», որն այս ընտրություններում չի լինի Ազգային ժողովում, 101 թեկնածու էր ցուցակագրել, որից 38-ը կանայք էին:

Անահիտ Բախշյան

Տարածքային ընտրացուցակում «Ազատ դեմոկրատների» կողմից առաջադրված 32 կին կար 88 թեկնածուների թվում, ինչը կազմում էր ընդհանուրի 36,4 տոկոսը:
Խորհրդարանում հայտնվելու համար անցողիկ շեմը չհաղթահարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը 29,6 տոկոս կանանց մասնակցություն էր ապահովել ցուցակում առկա 300 թեկնածուների թվում: Այսինքն` ՀՎԿ-ի ցուցակում 300-ից 89-ը կանայք էին: Այս կուսակցության ցուցակն էլ տղամարդ թեկնածու էր գլխավորում, փոխարենը` վերջից առաջին` 300-րդ տեղում կին թեկնածու ունեին: Երկրորդ տեղում նույնպես արական սեռի ներկայացուցիչ էր: Հեղինե Բիշարյանը ցուցակի երրորդ տեղում էր: ՀՎԿ-ի ցուցակի առաջին տասնյակում երկու կին կար:
ՀՎԿ-ի տարածքային ցուցակում 164 թեկնածուներից 49-ը, այսինքն՝ 29,8 տոկոսը կանայք էին:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջին եռյակը տղամարդիկ էին: Ցուցակի 4-րդ տեղում Զոյա Թադեւոսյանն էր: Այս դաշինքը, որն այդպես էլ չհաղթահարեց 7 տոկոս շեմը, համապետական ընտրությունների համար ցուցակագրել էր 140 թեկնածուի, որից 45-ը, այսինքն` 32,1 տոկոսը կանայք էին: «Կոնգրես-ՀԺԿ»-ի ցուցակի առաջին տասնյակում էլ ընդամենը երկու կին թեկնածու կար: Երկրորդ կին թեկնածուն` Լիդա Մելիքյանը, ցուցակի 8-րդ հորիզոնականում էր:

Զոյա Թադեւոսյան

Այս դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրված 125 թեկնածուներից 43-ն էին իգական սեռի, այսինքն` 34,4 տոկոսը:
Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին եռյակում նույնպես կին թեկնածու չկար: 4-րդ հորիզոնականից սկսած էր այս կուսակցությունը կանանց տեղ վստահել: Կոմունիստների ցուցակը գլխավորում էին տղամարդիկ, 4-րդ տեղում թեկնածու Մարիամ Շահինյանն էր:

ՀԿԿ-ի համապետական ցուցակով 173 թեկնածու էր առաջադրված, որից 44-ը կամ 25,4 տոկոսը` կին:

ՀԿԿ-ի տարածքային ցուցակում 130 թեկնածու կար, որից 41-ն էին իգական սեռի: Այս ցուցակում էլ կանանց ներգրավվածությունը կազմում էր 32 տոկոս:
Նշենք նաեւ, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին թեկնածուն «Ելք» դաշինքից է` Մանե Թանդիլյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Մարգարիտ Եսայան

 

«Առավոտ»

08,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930