Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայների հավասարության դեպքում պատգամավորի մանդատը տրվում է վիճակահանությամբ

Ապրիլ 10,2017 11:30

Մանդատների տրամադրումը պատգամավորներին

ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաեւ, թե ինչպես են ընտրված պատգամավորներին տրամադրվում մանդատներ:

Նախ, կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով համապետական ընտրական ցուցակից եւ տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին: Ընդ որում, համապետական ընտրական ցուցակի առաջին եւ երկրորդ մասերից մանդատ ստացած թեկնածուն հանվում է տարածքային ընտրական ցուցակից, իսկ տարածքային ընտրական ցուցակից մանդատ ստացած թեկնածուն հանվում է համապետական ընտրական ցուցակի առաջին եւ երկրորդ մասերից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Որ թեկնածուներն են մանդատ ստանում

Առաջին հերթին մանդատները տրամադրվում են տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին: Ընտրական տարածքում կուսակցությանը հասանելիք մանդատները ստանում են տվյալ ընտրական տարածքին հասանելիք մանդատների թվին հավասար թվով այն թեկնածուները, որոնք ստացել են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Եթե կուսակցության տվյալ ընտրական տարածքի ցուցակում չկան բավարար թվով թեկնածուներ, ապա թափուր մանդատները փոխանցվում են համապետական ընտրական ցուցակի առաջին մասին:

Երկրորդ հերթին, մանդատները տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Իսկ երրորդ հերթին` մանդատները տրամադրվում են կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: Եթե կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:

Ում է փոխանցվում մանդատը, եթե ընտրված պատգամավորը հրաժարվում է դրանից

Տարածքային ընտրական ցուցակից մանդատից հրաժարված կամ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության տվյալ տարածքային ընտրական ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին: Ձայների հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Եթե տվյալ տարածքային ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը փոխանցվում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասին: Եթե համապետական ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որեւէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է եւ արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա: Եթե համապետական ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:
Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

 

Պատրաստեց
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ»

08,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930