Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետընտրական մատաղներն ու խորհրդարան չանցած թեկնածուների սուգը

Ապրիլ 10,2017 13:30

Շիրակցիները խորհրդարան կուղարկեն իրենց երկու նախկին մարզպետերին ու Գյումրու նախկին քաղաքապետին

Շիրակի մարզը, որը նախընտրական շրջանում աչքի ընկավ բավական պասիվ, կարելի է ասել ձանձրալի քարոզարշավով, աննկարագրելիորեն ակտիվացել է ընտրություններից հետո։ Բանն այն է, որ խորհրդարան մտնելու հավակնող մի քանի թեկնածուներ՝ չնայած իրենց կատարած ահռելի ծախսերին, խաբվեցին ժողովրդի կողմից։ Այժմ էլ տնետուն շրջելով՝ հաշիվ են պահանջում նույն ժողովրդից։ Թեկնածուներից մի քանիսն էլ զբաղված են ընտրազանգվածին մատաղ պատիվ տալով ու տորթ բաժանելով։

Շիրակի մարզը, ըստ նախնական արդյունքների, Ազգային ժողով կուղարկի 6 պատգամավորների. շեշտենք, որ նրանք եղել են վարկանիշային թեկնածուներ՝ բացառապես իրենք ապահովելով իրենց մուտքը խորհրդարան։ Ապագա պատգամավորները բնավ էլ անծանոթ դեմքեր չեն. նորընտիր խորհրդարանում ՀՀԿ-ից կլինեն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, որը, ի զարմանս շիրակցիների, չլինելով տեղացի՝ (նա ծնունդով Ջավախքից է) այս տեղանքում ձեռք բերեց ամենաշատ ձայները՝ 14 հազար 510, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը ստացավ 11 հազար 796 ձայն։

«Ծառուկյան դաշինքից», որն ի դեպ հաղթեց Գյումրիում, խորհրդարան կգնա Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը՝ 13 հազար 999 ձայնով, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը 5 տարի ընդհատակում մնալով՝ դարձյալ հավաքեց մեծ քանակությամբ ձայներ՝ 12 հազար 452։ Նույն դաշինքից որպես ազգային փոքրամասնություն՝ խորհրդարան կմտնի Տատյանա Միքայելյանը։ Տիկինն ազգությամբ ռուս է, կրում է ամուսնու ազգանունը, նա «Ինեկոբանկի» Գյումրու մասնաճյուղում աշխատում է որպես գլխավոր մասնագետ։
Խորհրդարան կգնա նաեւ Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որը հավաքել է 3123 ձայն։ Տարիներ շարունակ Շիրակի մարզից ընտրված մի քանի պատգամավորներ փաստորեն դուրս են մնում խորհրդարանից. նրանց թվում են ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, որը 22 տարի շարունակ եղել է պատգամավոր, սակայն այժմ հավաքել է ընդամենը 1140 ձայն, «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ, 15 տարվա պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը ստացել է 2140 ձայն։

 

Այս պահին ՀՀԿ վարկանիշային թեկնածուներից դեռ անորոշ է Մարտուն Գրիգորյանի ու Մուշեղ Պետոյանի խորհրդարան մտնել-չմտելու հարցը։ Նշենք, որ երկուսն էլ բավական մեծ ձայներ են ապահովել ՀՀԿ-ի համար. Մարտուն Գրիգորյանը ստացել է 10 հազար 700 ձայն, Մուշեղ Պետոյանը՝ 8799 ձայն։ Ըստ որոշ տեղեկությունների, Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակի անցողիկ տեղերում գտնվող թեկնածուներին պաշտոններ կառաջարկվեն կառավարությունում՝ այսպիսով տեղեր կազատվեն խորհրդարանում Մարտուն Գրիգորյանի ու Մուշեղ Պետոյանի համար։ Նշենք, որ օրինակ Մուշեղ Պետոյանը իրեն պարտված չի համարում, վստահ է, որ իր համար պարտադիր մի տեղ կգտնվի։ «Ինձ համար գերնպատակ չէ Ազգային ժողովում հայտնվելը, հետո հեչ մարդ չգիտի ես կհայտնվե՞մ, թե՞ չեմ հայտնվի, դեռ շատ բաներ կարող են փոխվել», -մեզ հետ զրույցում ասաց նա։

Ինչեւէ, մենք ընտրարշավի ժամանակ իր արտասովոր ցուցապաստառով աչքի ընկած թեկնածուից՝ ՕՐՕ դաշինքով առաջադրված Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ զգացումներ ունեցավ Շիրակի մարզում տեղի ունեցած ընտրություններից՝ հիասթափվա՞ծ է, որ իր դաշինքը չի անցել, թե՞ սպասում էր նման արդյունքների։ «Ես, ճիշտն ասած, ո՛չ հիասթափված եմ, ո՛չ էլ ոգեւորված։ Գիտեք, ես ժողովրդից էլ հիասթափված չեմ, ես հիասթափված եմ ընդդիմությունից։ Չես էլ կարող ասել, այս ընդդիմությունը որ իշխանության գար, արդյո՞ք իշխանությունն ավելի լավ կլիներ։ Ես ինքս ինձ մտածում եմ, եթե ընդդիմության մեջ անհատականություններ լինեն, ժողովուրդը կգնա հետեւից։ Ո՞նց որ Նիկոլ Փաշինյանի հետեւից գնացին, ձայն տվեցին, մյուսների հետեւից չեկան։ Ժողովուրդը միշտ գնում, լիդերի հետեւն է կանգնում, փայլուն կերպարներ պետք է լինեն, որ ժողովուրդը գնա, հետեւը կանգնի։ Հիմա Հանրապետականը աշխատեց, հաղթեց։ Ընտրակաշառքների մասին, ես ազնվորեն ասում եմ, ոչ մեկի ձեռքը ոչ փող եմ տեսել… Ես քաղաքական գործիչ չեմ, բայց մարդիկ գնացին, կանգնեցին դեմքերի հետեւից, հիմա թե ոնց են կանգնել, ես դրա մեխանիզմը չեմ ուզում վերլուծել, ինչո՞վ են կանգնել, ի՞նչ միջոցով, հավատո՞վ են կանգնել, հույսո՞վ են կանգնել… Ես, ըստ էության, կարող եմ միայն շնորհավորել հաղթողներին, իսկ մեղադրողներին միայն կասեմ՝ այնպես անեիք, որ ժողովուրդը ձեր կողքը կանգներ։ Այսօր հաղթողներին ոչ մեկը իրավունք չունի մեղադրել, կարեւորը հաղթելը չէ, կարեւորն այնպիսի քայլեր կատարելն է, որ առաջիկայում աղքատության տոկոսը նվազի, դա կլինի հաղթանակը։ Հաղթելու գնահատականը միայն դա է»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

08,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930