Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. Մտահոգիչ ու վտանգավոր հետընտրական տրամադրություններ. ilur.am

Ապրիլ 10,2017 11:05

Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես պառակտելու եւ հուսալքելու մեր հասարակությանը։

* * *

Նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ ընտրությունների արդյունքների վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքի երեւույթը, շատերը փորձում են դրա մեղքը բարդել ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի վրա՝ չխորշելով անգամ վերջինիս ուղղված բարոյախոսական կշտամբանքներից։ Իմ նախորդ հոդվածում ես բավարարվել էի իշխանությունների սցենարով ապրիլի 2-ին բեմականացված խայտառակ միջոցառումը բնութագրել հետեւյալ հակիրճ քաղաքական ձեւակերպմամբ. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ» (iLur.am, 3.04.2017)։

Պահն է, թերեւս, բացելու փակագծերը։ Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին, եւ ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի եւ քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը եւ հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը։

Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը։ Դիմադրելու պարագայում ընտրակաշառքն ստիպելով կխոթեն նրա գրպանը՝ մեկին վախեցնելով բանակում ծառայող որդու վիճակի վատթարացմամբ, մյուսին՝ դպրոցում կամ բուհում սովորող զավակին նեղություն տալով, երրորդին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով եւ այլն։ Վստահաբար, ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով։

Այնպես որ, որքան էլ բարոյական տեսակետից անընդունելի, ընտրակաշառք վերցնելու այլանդակ երեւույթի դրսեւորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին։ Մեղադրելու, անարգելու եւ կշտամբելու փոխարեն, ժողովրդին, ընդհակառակը, իշխանությունների կողմից նրա արժանապատվությանը հասցված աններելի հարվածի համար, պետք է միայն կարեկցել, հուսալով, որ մի երջանիկ օր այդ արժանապատվությունը կվերականգնվի։ Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայնումիայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը։

Նյութի մանրամասները կարդացեք ilur.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930