Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որը այցելել էր Բաքու, որտեղ նրան ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շարունակում է մեկնաբանել իր այցը:
Սոլովյովը, պատասխանելով Twitter-ի օգտատերերից մեկի այն հարցին, արդյոք չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանի իշխանություններից Արցախ այցելելու համար, գրել է. «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրել: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Այցելել եմ բազմիցս: Եվ չեմ պատրաստվում փոխել իմ դիրքորոշումը: Այն լավ հայտնի է: Ռազմական լուծում չկա»:
Սոլովյովը նաև հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին մանրամասն կպատմի հաղորդման ժամանակ, որը եթեր է հեռարձակվելու երեքշաբթի:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ: Ինչպես հայտնում է Ալիևի մամլո ծառայությունը՝ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը Սոլովյովի «ուշադրությանն է հասցրել» երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Սոլովյովն իր հերթին նշել է, որ առաջին անգամ է այցելում Բաքու և իրեն հետաքրքիր է ծանոթանալ Ադրբեջանում ընթացող գործընթացների հետ: