Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ արքայի մաշկավարզանը (պատմվածք)

Ապրիլ 10,2017 10:44

Գեղամը հինգերորդ հարկի չորս սենյականոց բնակարանում ամառ օրով վրան էր զարկել՝ իսկական անջրանց վրան: Անկյունները պնդել էր, կապել ջեռուցման մարտկոցից, բազմոցի ոտքին, հասցրել խոհանոց, հանել պատշգամբ: Տնով մեկ ձգված պարանները խանգարում էին անցուդարձին, փոխարենը պաստառը շուրջանակի պրկվել էր՝ ոչ մի գոգություն, խորշոմ, բացի գագաթից, որն առաստաղի ցածրության պատճառով ճապաղվել էր, կորվել:

Տղաներից երկուսը՝ ձեռքերին շամփուր, աջ ու ահյակ լարվել էին, մյուսները նեղլիկ դռնից ներսուդուրս էին անում, ըստ հարկի զեկույց տալիս, հանձնարարական ստանալով՝ աճապարում հարևան տերություններ՝ լոգարան, ննջասենյակ, խոհանոց, պատշգամբ: Վրանում գորգին ընկողմանած Գեղամը՝ գլխին զարդաթագ, լսում էր բանագնացներին, հրովարտակներ արձակում, որոնք հետո մունետիկները տարածում էին ի լուր ամենքի: Կողքին երկրի ընտրանին էր՝ զորականներ, իշխանք, հոգևոր պետեր, գեղջուկք:

Գեղամը վրանը շահել էր վիճակախաղով: Տոմսը ծննդյան օրը գործընկերներն էին նվիրել: Շահածը զբոսաշրջիկի էր, բայց մարզական իրերի բազայում առաջարկեցին հովվականը, որը, ճիշտ է, մյուսներից փոքր ինչ էժան էր, հարմարությունից զուրկ, սակայն պարզ կառուցվածք ուներ, և քաթանն էր ամուր:

Մինչև տուն բերելը՝ ավելի քան երեք ամիս, տնեցիների զրույցի նյութը վրանն էր: Կինն առանձնապես ոգևորված չէր, ավելին՝ դառնություն կար ներսում. եթե շահելու էին, գոնե հեռուստացույց լիներ, մի լավ գորգ, ավտո, թե չէ՝ վրան: Դա նրա կարծիքն էր, ցանկությունը: Իսկ Գեղամն ու երեխաները… Համատեղ, մինակուկ, երևութական վրանն ուսած կամ թե մեքենայով, երևի հազար անգամ, եթե ոչ ավելի հասել էին Արագածի փեշերն ու Հատիսի կատարը, Գոշավանքի հաճարկուտն ու Գեղարդա ձոր, անցել Հայկական պարից անդին, և որտեղ կանաչ էր հանդիպել, աղբյուր, որտեղ սիրուն էր եղել, անաղմուկ, բնակատեղի էին հիմնել՝ կենալով բնությանը մերձ, նրան դաշն, մի օր իրենց արիացի նախահոր, մեկ ուրիշ անգամ արաբ բեդվինի, ավստրալիական բնիկի, ամերիկյան կովբոյի և էլի հազար ու մի վրանաբնակի կյանքով:

Երեխաներին հավասարապես գրավում էին երևակայական բոլոր ճամփորդությունները, իսկ Գեղամին… Ըստ նրա, պատմությունը դասագիրք է՝ անփոխարինելի: Յոթանասուն, հարյուր, տասը հազար տարվա հեռվից սթափ ուղեղով թերթել այն, վերապրել առանցքային դեպքերը, նշանակում է խուսափել գալիք փորձություններից, հնարավոր ճակատագրական սխալներից: Եվ նա այդ օրերին պատմության ավազանում թաթախված հայորդի էր՝ Բաբելոնյան աշտարակաշինությանը մասնակցած Հաբեթյան Հայկ ու ասորաց վրա գնացող Պարույր Սկայորդի, Պիրամոսին օգնության գնացած Զարմայր ու թշնամուն հալածող Տորք՝ Անգեղ տնից, նահանջի ճանապարհին Բյուրին ուղեկցած Երվանդ արքա և սահմանասյուն տնկող Արտաշես, Խուժիստանում հեծծող Արշակ թագավոր, հայոց այբուբենը վերագտած երանելի Մեսրոպ և «բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնի» պատմահայր՝ Խորեան գյուղից, Սուրբ Սոֆիայի տաճարը վերականգնող Տրդատ և Անիի պարիսպների վրա մարտնչող Այծեմնիկ ու այդպես՝ մինչև մեր օրերը /բոլորին չես թվի:/ Զվարթնոց էր կերտում, որպեսզի հետո Կոնստանտին կայսեր նախանձը շարժի, «Տաղ հարության» էր մրմնջում՝ ի հեճուկս մոնղոլ-թաթարի, սելջուկ-թուրքի, հացի, մանկան փոխարեն Առաքելոց վանքի դուռ, Մշո «Ճառընտիր» շալակած էր հրաժեշտ տալիս նախնյաց երկրին, ավազուտներում Այբ-Ֆե էր ուսուցում սովալլուկ մանկանը, որպեսզի հետո չմեռնի ոգին, և մնում էր անպարտ, և մնում էր անպարտ՝ ի հեճուկս մոնղոլ-թաթարի, սելջուկ-թուրքի, այլոց:

Իր ու հարևանների զավակներն այդ օրերին իմացան, որ Արագածից ու Մասիսներից զատ Թոնդուրեք լեռ կա՝ գործող հրաբխով, Սիփան ու Սիմ, Արածանիի հովիտ ու Կարնո սարահարթ, Բզնունյաց ու Կապուտան ծովեր, Եփրատ, Տիգրիս ու Մեղրագետ, Սոսյաց ու Ծննդոց անտառներ, Տարնո ու Ծոփաց աշխարհ՝ բոլորն անձկալի, բոլորն անձկալի:

Հաբեթը սերում է Գամերին, Գամերը՝ Թիրասին, Թիրասը՝ Թորգոմին, Թորգոմը՝ Հայկին, Հայկը՝ Արամանյակին, Արամանյակը՝ Արամայիսին, Արամայիսը՝ Ամասիային, Ամասիան՝ Գեղամին, Գեղամը՝ Հարմային, Հարման՝ Արամին, Արամը՝ Արա Գեղեցիկին, Արա Գեղեցիկը… Ո՞վ է ինքը, ուղիղ գծով արյան ժառանգո՞րդ, կապ կա՞ իր ու առաջին Գեղամի միջև: Նա՝ Գեղամ նախնին Հարմային թողեց Արմավիրը, իսկ ինքը գնաց հյուսիս-արևելք և, դեմ առնելով Սևանա լճին, բնակավայր հիմնեց՝ լեռը կնքելով Գեղասար, շեները՝ Գեղարքունի, իսկ ծովը՝ Գեղամա: Ապա սերեց Սիսակ որդուն և նրան նվիրելով Ծովակից արևելք ընկած հողերը՝ մինչև Երասխ /այսօրվա Սյունիք-Սիսականը/, ետ եկավ և մի ամուր ձորաբերանի դաստակերտ կառուցեց, որը հետո թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:

Իսկ ի՞նքը Հայկակ առաջնեկին, Հրանտին, Հրայրին, Հրաչեին, Հովակին, Հասմիկին ի՞նչ է թողնելու, փոխանցելու, տալու: Գրքերից հանած տեղանուննե՞ր միայն, որ իր մահից հետո ծալեն, մի կողմ դնեն, իբրև հնոտի, անպիտո իր, թե՞ ոգի նույնպես, տառապանք նույնպես, և հպարտություն, և արյան եռք, և նպատակ Մեծ:

Վրանը տուն բերելուց հետո խաղերի ծրագիրը հստակվեց, որոշակիացավ, ապա՝ ամառը վրա տվեց: Ծովափ, հանգստյան տուն, ճամբար ու զովասուն ուրիշ անկյուն աճապարողը գնաց, և տոթակեզ քաղաքում մնացին հոգս ու գործ ունեցողները, նրանց հետ նաև Գեղամը՝ վրանով, աղջիկ-տղաներով, հարևանի ճիժ-պիժով, ովքեր արդեն երեխա չէին, այլ բարձրացող Կենաց ծառի օր օրի զորացող ընձյուղ:

Կինն սկզբում դժգոհեց, փորձեց արգելք հանդիսանալ, բայց երբ հասկացավ՝ օգուտը վնասից շատ է, հաշտվեց: Տեսնում էր՝ երեխաների հետ լեզու գտնել կարողանում է, զբաղեցնել՝ նույնպես: Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում խաղը նրան ևս գրավեց. տրամադրության լավ պահերի, եթե առտնին գործերը չէին խանգարում, մտնում էր վրան՝ ստանձնելու պատվավոր դերեր:

-Դավադիրներ են պետք՝ երկուսը: Ո՞ վ է կամենում:

Ոչ ոք ձայն չհանեց:

-Գիտեմ, դժվար է, բայց կարգն է այդպես, պատմություն կա. մենք ո՞վ ենք նրա առաջ:

Թեպետև տեսադաշտ չկար, վրանի պատերը հեռուն նայելու հնարավորություն չէին տալիս, Գեղամը դժվարանում էր մեկնումեկի հայացքը բռնել:

-Չե՞ք հավատում, նորի՞ց ապավինենք պատմահորը:

Սեղանիկին դարսած գրքերից Հայկակը մեկնեց Բյուզանդի «Պատմությունը»:

-Հայոց քերթության հայրը եղել և մնում է Խորենացին, բայց ոչինչ, Բյուզանդի մոտ ևս նրանց մասին կա,-ու սկսեց կարդալ: -«Այնուհետեւ Վահան Մամիկոնեան եւ Մերուժան Արծրունի, սոքա երկոքեան արք պիղծք անօրէնք էին, ապստամբեալք էին հուխտէ աստուածապաշտութեան, եւ զանաստուածն Մազդեզանց աղանդն յանձն առեալ պաշտէին, սկսան այնուհետեւ յերկրին Հայոց աւերել զեկեղեցիս՝ զտեղիս աղոթից քրիստոնէից… Ատրուշանս շինէին ի բազում տեղիս… եւ զորդիս եւ զազգայինս իւրեանց տային յուսումն Մազդեզանցն»:

Գեղամը վրանն այն հաշով էր կանգնեցրել, որ էլեկտրական լամպը կախվի երդիկից, սակայն տվյալ պահին դրա կարիքը չկար, որովհետև գրքի շատ տողեր անգիր գիտեր, իսկ բացված էջերին նայելը պարզապես խոսքին կշիռ տալու միջոց էր:

– Հայկակ, Հրանտ, Հրայր, չեղավ: Ամեն անգամ, երբ բանը դավաճանության է հասնում, սկսում եք: Սա ընդամենը խաղ է, հոգու վրա այն բիծ, հավատացեք, չի թողնի: Ավելին, կօգնի ձեզ՝ խորությամբ ըմբռնելու ձեր նախա-նախա, ինչ իմանամ որ պապի տմարդի արարքը: Այդպես, չէ՞, Հովակ:

-Իմը Հայկն ու Վարդանն են, Մուշեղն ու Սամվելը, Անդրանիկը:

-Դարձյալ ձերն եք զոռում: Բա իսկական դերասանները ո՞նց են: Մարդ կա կյանքում ոչ մի դրական դեր չի խաղացել: Ճիշտ չե՞մ ասում, Զարուհի,-խրախուսանք ստանալու ակնկալիքով կնոջը դիմեց Գեղամը:

-Մեկ է, ոչ Մերուժան կդառնամ, ոչ Վահան,-համառեց Հովակը:

-Ինձ Փառանձեմի դերը կտաս: Ես էլ Տաճատուհու-մաճատուհու հետ գլուխ չունեմ,-խռովկան, ցանկությունը չկատարելու դեպքում ամեն րոպե խաղից դուրս եկող փոքրիկի պես, որպես սպառնալիք, պայմանները թելադրեց կինը:

-Համը լրիվ հանեցիք: Բոլորդ թագուհի, թագավոր, առնվազն իշխան եք ուզում: Կյանքում ևս այդպես է: էլ չեն ասում՝ արժանի՞ եմ, շնորհք ունեմ, չունեմ, ուժս կպատի, չի պատի: Միայն առաջինը, միայն առաջինը, միայն առաջինը: Ո՜ւր էր, թե կռվի ժամանակ էլ նույն կերպ վարվեին:

-Կարդա՞մ,-բաց գիրքը ձեռքին՝ հորը դարձավ Հայկակը, հետո չսպասեց պատասխանին. «Ապա որդի մի Վահանայ, անուն Սամուէլ, եհար սատակեաց զՎահան զհայր իւր և զՈրմիզդուխտ զմայր իւր՝ զքոյր Շապհոյ Պարսից թագաւորին»:

-Ա՛յ հայր, էդ ո՞նց է Րաֆֆու մոտ իսկական մորն է սպանում՝ Տաճատուհուն, կարդացածում՝ Շապուհի քրոջը:

-Վիպասանը, Հասմիկ, պատմության գերին չէ, նա իրավունք ունի,-փափկեց Գեղամը: -Երևում է, հոգնել եք: Հայոց դասը բերեք ավարտենք: Եկեք ուրիշ խաղ խաղանք՝ նախամարդու: Ես տոհմի ավագն եմ, հիմա տղամարդկանց որսի կուղարկեմ՝ խանութ, աղջիկներին՝ հատապտուղ հավաքելու՝ խոհանոց: Համաձա՞յն եք: Մածունը չմոռանաք, թանջուր կանենք:

– Կարծում ես՝ շոգին մածու՞ն թողած կլինեն: Վաչկատուն ցեղերի պես վրանից, մածունից դենը բան չես տեսնում,-կնոջ ձայնում, սակայն, չարություն չկար. պարզապես խոսքի տոնն էր այդպիսին:

-Հայոց լեռնաշխարհը Եվրասիայում է՝ Եփրատ և Տիգրիս գետերի միջև, Արածանիի ու Երասխի հովիտներն ամբողջ, ներառյալ Կուրը: Մենք, եթե կուզես, բաժանարար շերտն ենք, գոտին՝ Եվրոպայի և Ասիայի, հետևաբար նման ենք մեզ, միմիայն մեզ: Գիտցիր՝ քաղաքակիրթ ազգերը վրանում ապրում են հարկադրաբար, երբ երկրին, խաղաղությանը վտանգ է սպառնում, երբ մարտադաշտում են: Եվ հետո՝ մերը սովորական վրան չէ, այլ արքունական, որին հնում մաշկավարզան էին ասում:

-Կեցցե՛ Գեղամ արքան,-հիացական ձայներ լսվեցին չորեքկողմյան: -Կեցցե՛ Գեղամ թագավորը: Փա՛ռք նրան, փա՛ռք, փա՛ռք:

-Գնամ վեհագույնին թան սարքեմ: Կարտոֆիլն էլ չառնեի, ի՞նչ պիտի ուտեիք,-գլուխն օրորելով՝ ելավ Զարուհին:

Զավակները պատրաստակամ՝ վրանի դուռը, որպեսզի մայրը դուրս գա, բացեցին:

-Մինչև կարտոֆիլի խաշվելը չիջնե՞նք բակի ծառերը ջրելու. շաբաթը կլորվեց:

Առաջարկը երեխաներին չոգևորեց: Դույլերով ջուր կրելն ամռան շոգին առանձնակի հաճելի զբաղմունք չէր, մանավանդ՝ ծառերը պտղատու չէին ու միայն իրենցը:

-Օ՛ֆ, գոնե անձրև գար:

-Հրանտ, մի դժգոհիր արևից: Ժամանակ կա, այն ավելի է պետք բնությանը, քան անձրևը: Օգոստոս ամիսն է՝ հայոց Նավասարդը: Պիտի քաղցրանա, չէ՞, խաղողը: Իսկ եթե շատ ես կամենում, դիմիր Անահիտ, Աստղիկ դիցուհիներին: Հնում այդպես էին վարվում մեր հեթանոս նախնիք: Նրանք մոտավորապես ասում էին.

-Ոսկեծղի Աստղիկ, ընտրյալ Վահագն Աստծո, ամենայն աղբյուր սիրո, գեղի, բարերար մարդկան, գթա և քո ասվածային բարձրությունից անձրև տեղա ի վերա աշխարհին, արպեսզի չկծղի ցորենն արտերի, չչորանա խոտը հանդի, չչամչի պտուղը ծառի, որպեսզի լիություն լինի ամենուր և գոհություն, որպեսզի անոթությունից մարդիկ չչարանան և ախտաժետ մտքերը չպարուրեն նրանց: Տեղա, տեղա, որպեսզի չցամաքեն աղբյուրները, չցամաքեն առուները, չցամաքեն գետերը, չցամաքեն ծովերը: Տեղա և ի վերա երկրին մեր, և ի վերա քաղաքին մեր, և ի վերա բակին մեր, որպեսզի օր առաջ երկարեն Գեղամ հորս տնկած շիվերը, հասնեն հինգերորդ հարկ և անուշ խշշան՝ լսելի բոլորին, իսկ ճյուղերին բույն հյուսեն թևավորները և բռնոցի խաղան տերևների մեջ, տերևների հետ, արևն ու լուսինը՝ նմանապես:

Վարդամատն, ոսկեբազուկ դիցուհի, որ սերն ես ամպրոպային Վահագնի, անսա…-ամպրոպի ձայն լսելով՝ Գեղամը դադար առավ, բայց երբ քիչ անց երկինքը նորեն որոտաց, ճառագող հայացքը պտտեցնելով զավակների գլխավերևով՝ շուտասելուկի պես վրա տվեց,-անսա մահկանացուներիս պաղատանքը և զջուր մեր հանապազորդ տուր մեզ այսօր, զի քոյ է արքայութիւն եւ զօրությիւն և փառք յավիտեանս, ամէն,-ապա փութաց դուրս՝ դեպի պատշգամբ՝ ետքից զավակները:

Արև չկար: Մի մեծ, մութ ամպ կախվել էր քաղաքի վրա: Այնուհետ քամի ելավ: Տնկիները կեռվեցին, պատուհան շրխկաց կողքի շենքում, մեկը վազքով կտրեց փողոցը, և առաջին կաթիլները՝ խոշորահատիկ, շեղակի զարկեցին ասֆալտին, հողին, մայթի եզրաքարերին: Օգոստոսյան վարար անձրև էր՝ ամպրոպի ուղեկցությամբ. հազվադեպ երևույթ տարվա այդ եղանակին: Թափվում էր ու թափվում, ասես դույլերով ջուր կործեին վերևից: Հողից, ասֆալտից, որձաքարից առաջին պահ ելնող գոլը, փոշին անձրևը տարավ, և դուրեկան մի սառնություն խաղաց պատշգամբում, իսկ ներքևում փրփուր կապեց ջրհորդաններից ժայթքած ջուրը:

-Իջնեմ ուղղեմ ծառերին: Նկուղի բանալին տվեք:

-Մենք էլ գանք, հայրիկ:

-Ո՞ւր, ո՞ւր, կապելու գժեր,-կանխեց մայրը: -Սեղանն արդեն դնում եմ:

-Երեխաները դժկամ՝ վերադարձան պատշգամբ: Քիչ անց բահը ձեռքին երևաց հայրը:

-Հայրի՜կ…

-Հայրո՜…

-Հա՜յր…

-Այ հա՜յր…

-Գեղա՜մ,-մտքով զավակներին միացավ մայրը,-խենթուխելառ թագավոր, հետ արի, կմրսես: Պատուհաններից, հրեն, մեծ ու պուճուր կախվել, քեզ են նայում: Մտքներում, երևի, ծիծաղում են, ձեռ առնում,-հետո անսպասելի բորբոքվեց: -Ցնդածն իրենք են: Դու նրանց երեսից, նրանց պատճառով, նրանց չարածի, նրանց հոր, պապերի, ապուպապերի չարածի համար ես գժվել: Բակ չէր, աղբանոց էր, որ եկանք: Մենակ, երեխաներին համոզելով, կոնֆետով, պաղպաղակով խաբելով՝ մաքրեցիր, ի՜նչ իմանամ որ հեռվից հող, ծառ բերեցիր, որ անցնող-դարձողը, դուռ զարկողը չասի՝ էս ի           նչ վայրենանոց է, էստեղ մարդ չի՞ ապրում:

Հիմի էլ՝ շոգը զոռել է, էդ խեղճ ծառ ու թուփը թալկած՝ քեզ ու երկնքին են ապավինել, բա ո՞նց չջրես, իմ խենթուխելառ, իմ ծուռ: Օր է եղել, նեղսրտել եմ, կռիվ սարքել, ուզել եմ, որ ուրիշների նման դու էլ ուրագի պես լինես՝ միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, բայց… Ճիշտը դու ես, դու՛, իսկ եթե կուզես իմանալ, քեզ հենց է՛դ խենթության, խևության, ծռության համար եմ սիրում, քո անունն է մտքումս, որովհետև ոչ մեկին նման չես, իմ թագավոր: Էս լենուբոլ աշխարհում ես քեզ համար ինձ զրկեցի, քեզ համար էս ճիժուպիժն աշխարհ բերի ՝ քո ցանկությամբ, քո պահանջով, որովհետև ասում էիր՝ ուրիշ օրեր են գալու, որովհետև ասում էիր՝ հայրենիքին զինվոր է պետք, արքայից արքա Գեղամ:

-Հայրի՜կ…

-Հա՜յր…

-Հայրո՜…

Գեղամին միայն խոսքի պատառիկներ էին հասնում, սակայն գիտեր՝ իր համար են անհանգիստ, և դա հաճելի էր, նույնպես և անձրևի շփշփոցը, մեջքն ի վար վազող, մազերից ծորացող, ոտնամաններում, ներբանի տակ չլմփացող ջուրը, րոպե առ րոպե ուսերը շտկող, ժպտացող խոտերը, ցիրուցան երիցուկները, մատղաշ, հատուկ ընտրված ազնվացեղ սոսիներն ու կաղնիները, որոնք օրեր, ամիսներ, տարիներ հետո հասակ կնետեն, կուժովնան և կմնան, կապրեն, երբ մարի իր աստղը:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930