Հին հայկական բուժիչ ճաշատեսակներից է ավելուկով ապուրը` «Տորմեկադուռ»-ը: Այն ոչ միայն համեղ է, այլեւ խիստ բարերար ազդեցություն է թողնում ստամոքսային հիվանդությունների` գաստրիտի, խոցի, այրոցի, ենթաստամոքսային բորբոքումների ժամանակ: Ինչպես նաեւ շաքարային դիաբետի դեպքում, արագ անցկացնում է գլխացավը:
Անհրաժեշտ է: Ավելուկ չոր-հյուսած` 1 կապ, գլուխ սոխ` 200 գրամ, բոված ալյուր` 40 գրամ, ձու` 1 հատ, մաղադանոսի կոթ` 40 գրամ, եփած խոշորահատիկ ձավար` 100 գրամ, գետնախնձոր` 100 գրամ, աղ, վայրի ծոթրին` 3 գրամ, մաքրած ընկույզ` 20 գրամ:
Պատրաստման եղանակը: Ավելուկը լավ լվանալուց հետո լցնել կաթսայի մեջ, ավելացնել 3 լիտր ջուր եւ դնել կրակին: Մոտ 2 րոպե եռացնելուց հետո քամել, ջուրը թափել, փոխարենը լցնել թարմ ջուր՝ նույն չափով: 5 րոպե եռացնելուց հետո ավելացնել եփված ձավարը, կտրատած գետնախնձորը, մաղադանոսի կոթերը, ապա` բոված ալյուրից պատրաստված խյուսը, աղը` ըստ ճաշակի, վայրի ծոթրինը, մաքրած ընկույզը, հարած ձուն:
Բացի այդ, առավել օգտակար է ապուրը պատրաստել լայնատերեւ ավելուկի թարմ տերեւներով: Այս պարագայում ավելուկի քանակությունը` 500 գրամ, մնացածը` նույն ձեւով:
Ճաշատեսակը՝ ըստ հայկական հնագույն խոհանոցի մասնագետ Սերգեյ Հունանյանի:
Կարդացեք նաև
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
08,04.2017