Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջարկներ Կարեն Կարապետյանին` սփյուռքահայությանը հղած իր կոչի առիթով

Ապրիլ 09,2017 21:08

Հարգելի Արմեն Ավակյան

Շնորհակալություն հայտնելով իմ նախորդ գրությանը շուտափույթ արձագանքելու համար, հարկ եմ համարում հիշեցնել, որ

ա- Վերնագրից դատելով վարչապետի կոչը ուղղված է սփյուռքահայությանը, և ոչ թե համայն հայությանը, ինչպես նշել եք ձեր պատասխան երկտողում:

բ- Կոչը հրավիրում է համագործակցության և նրանում առաջարկներ ընդունելու մասին չկա ոչ մի խոսք, ինչպես գրել եք դուք:

Անցյալ 25 տարիների և մանավանդ «Սփյուռքի Նախարարության» գոյառման 8  տարիների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ համահայկական համագումարների, փոխադարձ գործնական այցելությունների, դեսպանատների և հյուպատոսարանների կատարած աշխատանքի և այլ բազմաթիվ պատճառներով չի թվում, որ Հայաստանի Վարչապետը կամ կառավարությունը իրավունք ունեն գանգատվելու սփյուռքի մասին տեղեկացվածության և առաջարկների պակասից, այլապես յուրաքանչյուր նախարար ու պաշտոնյա պիտի ամեն ինչ սկսի զրո կետից: Հենց այդպիսի տպավորություն էլ թողնում է այս կոչը: Այդուհանդերձ, կրկնվող հարցին կրկնվող պատասխան տալու փորձությանն ընդառաջ գնալով մեծարգո վարչապետի ուշադրությանն եմ հանձնում հետևյալը:

Առաջարկներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին սփյուռքահայությանը հղած իր կոչի առիթով

Տեղեկատվական

1- Կազմել և հրապարակել զեկուցում անկախացումից ի վեր սփյուռքահայ իրական և իրավական անձանց միջոցով Հայաստանում ձեռնարկած հաջողած և ձախողած նախագծերի զեկույց, համապատասխան հիմնավորումներով և գնահատականներով և այն հրապարակել ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

2- Կատարել նույնը Հայաստան-սփյուռք համատեղ նախագծերի վերաբերյալ:

3- Պատրաստել և հրապարակել «Համահայկական Հիմնադրամ»-ի, եթե ոչ ձախորդ, ապա առնվազն անբավարար արդյունավետության պատճառները և լրջագույն հաշվետվության ենթարկել պատասխա-նատուներին: (Հիմնադրամի կայքում եղած տվյալները թերի են և անբավարար):

4- Կազմել և հրապարակել վերջին 25 տարում Հայաստանի կառավա-րության և նրա կողմից ֆինանսավորվող հաստատությունների (ստեղծագործական միություններ, գիտական հաստատություններ և այլն) կողմից  իրականացված Հայաստան-սփյուռք միջոցառումների (համագումարներ, համաժողովներ և այլն), դրանց հիման վրա կատարված ուսումնասիրությունների և սրանցից բխած եզրակացությունների զեկուցումը, եթե այդպիսիք կատրվել են: Վիճակագրություն:

5- Սփյուռք կոչվածի մասին իրական պատկերացում ունենալու համար ՀՀ դեսպանատների և տեղի հասարակական և կրոնական կազմա-կերպությունների համագործակցությամբ ծրագրել և իրականացնել սփյուռքի հայ համայնքների   հնարավորինս մանրամասն և ճշգրիտ վիճակագրություն:

6- Դրա տվյալների հիման վրա կատարել հասարակագիտական նպատակադրված ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կարելի կլինի հստակ սահմանում տալ «հայկական սփյուռք», «սփյուռքի մշակույթ» և հարակից հասկացություններին:

7- Խուսափել սփյուռքահայության թվաքանակի ուռճացումից, Հայաստանին զորավիգ կանգնելու նրա հնարավորությունների և պատրաստակամության գերագնահատումից:

8- Փորձել սփյուռքի անհատ գործարարների և մասնագետների ներգրավել տնտեսական, գիտական և մշակութային կոնկրետ ծրագրերի մեջ և խուսափել ընդհանուր անբովանդակ կոչերից:

Իրավական

9- Ստեղծել միջազգային իրվունքին համահունչ իրավական դաշտ և երաշխիքներ սփյուռքահայ և ոչ միայն, ներդրողների կյանքի և գույքի անվտանգության համար: Ավելորդ է ասել ու կրկնել բազմաթիվ տուժած ու հուսախաբված սփյուռքահայերի մասին, ովքեր հսկայական գումարներ են կորցրել, ոմանք նույնիսկ իրենց, ոչ այնքան մեծ, ամբողջ ունեցվածքը, զոհ գնալով բացարձակ թալանին, «կռիշին» և մոնոպոլների դավադրությանը: Կատարված ավերը հնարավոր չէ վերականգնել հուզաթաթավ և անգրագետ կոչերով:

10- Քրեական հետապնդում իրականացնել սփյուռքահայ ներդրողների կողմից ցայժմ Հայաստանի դատարաններին և համապատասխան մարմիններին ներկայացված և բավարարում չստացած, ինչպես նաև նոր ստացվելիք հայցերի ուղղությամբ:

11- Ներդրումների պարագային հարկավոր է առանձնապես հովանավորել փոքր և միջին տնտեսություններին, որը կարող է քաջալերել ներգաղթը դեպի Հայաստան. այս տեսակետից սիրիահայերի պարագան լավագուն փորձաքար է Հայաստանի իշխանության համար:

Քաղաքական

12- Սփյուռք-Հայաստան հարաբերությունների որակը անջատ չէ հայ պետականության զարգացման ընդհանուր գործընթացից, իսկ թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում, սփյուռքը չէ, որ պիտի բացահայտի ձեզ համար, ինչքանով դուք հետևողական կլինեք ձեր բարեփոխության խոստումների իրականացման գործում, այնքանով կարող եք հուսալ նաև սփյուռքահայերի աջակցությունը:

13- Հայաստան-սփյուռք հարաբերությունները առնվազն տեսականորեն ռազմավարական կարևորություն ունեն հայ ժողովրդի գոյատևման և զարգացման համար, ուստի «Սփյուռքի Նախարարությունը» պետք է դիտվի, որպես այդ ուղղությամբ քաղաքականություն մշակող պետական օրգան, համապատասխան կադրերով և հնարավորութ-յուններով: Հասկանալի է, որ այստեղ անիմաստ են սփյուռքահայ նախարար ունենալու ոմանց պնդումները, սակայն անհրաժեշտ է սփյուռքահայ մասնագետների ներգրավվածությունը տարբեր բնագավառներում:

14- Ինչպես տեղյակ եք, խորհրդային շրջանում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խստորեն պայմանավորված էին Խորհրդային Հայաստանի իշխանությունների, հայ ավանդական կուսակցությունների և Էջմիածին, Կիլիկիա կաթողիկոսական աթոռների միմյանց նկատմամբ ունեցած քաղաքական դիրքորոշմամբ. այսօր «ավանդական» սփյուռքին գումարվել է նոր կամ հայաստանական սփյուռքը, որն իր հերթին քաղաքական շերտավորման միտումներ է ցույց տալիս, ինչը կարելի է համարել բնական և անխուսափելի: Հայաստանի իշխանությունների կողմից մեծ սխալ կլինի, աչք փակել այս նոր խմորումների վրա և շարունակել միասնության «անմեղ» կոչերով սպառած համարել իր անելքները սփյուռքում: Բազմակարծության երկրի իշխանությունը պիտի հաշվի առնի նաև սփյուռքի բազմակարծությունը, իսկ սա ուղղակի կապ ունի Հայաստանում ժողովրդավարական կարգերի զարգացման և ամրապնդման`արդարության և իրավունքի հաստատման հետ:

15-  Մեծարգո վարչապետ, Դուք, որպես անձ որոշակի իմաստով նաև սփյուռքահայ եք, ուստի ակնկալվում է, որ անձամբ կոնկրետ առաջարկներով հանդես գայիք ի պատասխան ձեր կոչին, նույնը ակնկալվում է ձեզանից, որպես ՀՀ կառավարության ղեկավար, որը պիտի լավատեղյակ լինի, թե երկրի կարիքներին, և թե սփյուռքի հնարավորություններին, և որին է տրված համագործակցության գործունակ մեխանիզմներ մշակելու պարտականությունը:

16- Որպես ՀՀ պետության ներկայացուցիչ, որի պարտականությունն է հոգ տանել պետական լեզվի պահպանման և զարգացման ուղղությամբ հսկում և նախանձախնդրություն ցուցաբերել առաջին հերթին հենց պետական օրգաններում հայոց լեզվի պատշաճ մակարդակն ու ճշգրտությունը ապահովելու ուղղությամբ, որով, մեղմ ասած այնքան էլ չի փայլում ձեր վարչապետական կոչը:

17- Քննարկվող հարցը բնականաբար ունի երկու կողմ, Հայաստան և Սփյուռք և հնարավոր չէ դրանց փոխհարաբերության մասին քիչ, թե շատ խելամիտ խոսք ասել` միայն մեկ կողմին պահանջներ ներկայացնելով, ուստի հարկավոր է լրջորեն քննակել նաև սփյուռքի տարբեր շրջանակների գործունեությունը տվյալ ժամանակաշրջանում:

Ազատ Մաթյան

25 Մարտ 2017

ԱՄՆ, Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930