Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ խորհրդարանական ընտրություններից 1 շաբաթ անց՝ ապրիլի 9-ին, հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները:
Այսպիսով ընտրություններին մասնակցության իրավունք է ունեցել 2 միլիոն 588 468 քաղաքացի, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 786-ը: Անվավեր է ճանաչվել 6679 քվեաթերթիկ:
Այսպիսով՝ խորհրդարան է անցել չորս ուժ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել 770 441 ձայն, «Ծառուկյան» դաշինքը՝ 428 836 ձայն, «Ելք» դաշինքը՝ 122 065 ձայն եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 103 048 ձայն:
5 տոկոսի շեմը չի հաղթահարել 5 ուժ՝ Հայկական վերածնունդ կուսակցությունը ստացել է՝ 58 265 ձայն, Ազատ դեմոկրատները՝ 14 739, «Կոնգրես-ՀԺԿ»-ն ՝ 25 950 , Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11 741, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32508:
Կարդացեք նաև
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները ստորագրեցին արձանագրությունը, սակայն մինչ համապատասխան որոշում կայացնելը քննեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, ըստ որի դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց դաշինքի դիմումը:
Եվ այսպես՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստանում է 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ, Հայ հեղափոխական դաշնակցությունը 7 մանդատ: Ազգային փոքրամասնությունների մանդատների քանակը 4 է՝ 3-ը Հանրապետական կուսակցությունում, 1-ը՝ «Ծառուկյան դաշինքում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ