Վերջին մեկ տարում 53-ամյա Արտեմ Մովսիսյանի (անունը փոխված է-հեղ.) կյանքը գլխիվայր է շրջվել: Կնոջը կորցնելուց հետո համատեղ հիմնած բիզնեսը փակել է. սիրտ չունի շարունակելու: Իսկ նոր, կայուն աշխատանքի հույսերն օր օրի նվազում են: Հասունության շեմը հատած տղամարդը տևական ժամանակ է՝ սպասման մեջ է: Դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություններին, լրացրել ինտերնետում տեղադրված բոլոր այն հայտարարությունները, որոնցում տարիքային շեմ նշված չի եղել, սակայն դեռևս որևէ տեղից չեն կանչել հարցազրույցի:
Արտեմը նեղսրտում է, որ չի կարողանում լիարժեք օգտագործել աշխատելու իր կարողությունը: Պարզվում է՝ տարիքն արդեն այն չէ, չնայած ինքն իրեն երիտասարդ է համարում: Արտաքուստ առողջ է, կոկիկ ու արագաշարժ: Ասում է՝ բանը չի հասնում նրան, որ գործատուներն անձամբ տեսնեն իրեն ու գնահատեն կարողությունները: Ենթադրում է, որ կենսագրականում նշված տարիքը տեսնելով՝ սխալ պատկերացում են կազմում իր հմտությունների մասին: Իսկ դրանք բազմազան են. երկար ժամանակ հաստոցաշինական գործարանում իր մասնագիտությամբ՝ որպես փականագործ-խառատ է աշխատել: Երկրի ծանր տարիներին ընտանիքը կերակրելու համար ոչ մի գործից չի խուսափել, ձեռքից էլ ամեն բան եկել է՝ շինարարություն, էլեկտրական լարերի և սարքերի հետ կապված տարաբնույթ աշխատանքներ, վարորդություն:
Հայաստանի անկախացումից հետո առևտրի մի կետ է բացել, քիչ-քիչ ընդլայնել գործն ու սկսել ապրանք ներկրել: Ասում է՝ ողջ կյանքում հույսն իր վրա է դրել, ժամացույցի մեխանիզմի նման է աշխատել: Այժմ էլ ավտոմեքենան «տաքսու տակ քշելու» հետ մեկտեղ սպասում է. գուցե մի տեղից դեռ կկանչեն հիմնական աշխատանքի:
Հայաստանում Արտեմի նման շատերն են առերեսվում գործազրկության փաստին, երբ դեռ թոշակի տարիքի չեն հասել (63տ.), սակայն աշխատաշուկայում իրենց համար առաջարկ չեն գտնում:
Կարդացեք նաև
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է աշխատանքային հարաբերություններում տարիքային խտրականության արգելման սկզբունքը (հ.29, հ. 57.1, 57.2), սակայն հաճախ օրենքով նախատեսված աշխատանքի իրավունքը ստորադասվում է գործատուի հայեցողությանն ու կամայական վերաբերմունքին, և հասուն տարիքի մարդիկ անուղղակի խտրականության առաջ են կանգնում:
Անուղղակի խտրականությունն ի հայտ է գալիս, երբ բոլորի համար նույնանման որևէ միջոց կամ պրակտիկա առանց օրինական նպատակի անհամաչափորեն է կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն որոշակի կրոն կամ դավանանք, հաշմանդամություն, տարիք, սեռական կողմնորոշում, քաղաքական հայացքներ, էթնիկական ծագում և այլն:
Մեր երկրի աշխատաշուկան շատ բազմազան է: Պետական և ոչ պետական կադրային կենտրոններին զուգահեռ էլեկտրոնային հարթակում գործում են տարբեր առցանց գործակալություններ, կան գործատուների և աշխատանք փնտրողների մի շարք շտեմարաններ:
Այդպիսի աղբյուրներից մեկի՝ job.am կայքի կոմերցիոն տնօրեն Հայկ Սուլթանյանը, Aravot.am-ի հետ զրույցում խոսելով շուկայում առկա առաջարկի մասին, հաստատեց, որ հասուն տարիքում դժվար է աշխատանք գտնելը. հայտարարություններում հիմնականում տարիքային ցածր շեմ է նշվում՝ հավանաբար հաշվի առնելով ավագ սերնդի մասնագիտացումների անհամապատասխանությունը ներկայիս պահանջներին:
Մեկ այլ կայքի՝ jobfinder.am-ի հաճախորդների սպասարկման կենտրոնի մասնագետ Կարինե Սիմոնյանը հայտնեց, որ գործատուները շատ հայտարարություններում տարիք չեն նշում, ինչից կարելի է ենթադրել, որ հասուն տարիքի մարդիկ ևս կարող են դիմել տվյալ աշխատանքին:
Դիմելը՝ դիմում են: Այլ հարց է՝ կանցնե՞ն աշխատանքի, թե ոչ:
Հայաստանում աշխատանքային խտրականության կարող է բախվել յուրաքանչյուրը՝ անգամ այդ մասին չիմանալով: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) 2015թ. իրականացրած աշխատուժի ընտրանքային հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխատանքից ազատման, կրճատման ու հարկադիր պարապուրդի առյուծի բաժինը 35-64 տարեկան անձանց ուսերին է ընկել՝ 44-60% (այստեղ նաև նախորդ տարիներին՝ մինչև 2015թ. աշխատանքից զրկված անձանց տվյալներն են):
Հատկապես մասնավոր ոլորտում որևէ կերպ գործատուն իրեն պատասխանատու չի զգում՝ բացատրելու, թե ինչու չընտրեց կամ աշխատանքից հեռացրեց իր ցանկություններին չհամապատասխանող քաղաքացուն:
Գործատուի կամայական մոտեցումը վերահսկող մեխանիզմներ կարծես թե չկան, չնայած աշխատանքի բնագավառում անհատի սահմանադրական իրավունքներն ու ազատություններն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ, Աշխատանքային օրենսգրքով և «Աշխատանքի պետական տեսչության մասին» օրենքով: Ըստ իրավական ակտերի՝ աշխատանքի նկատմամբ որևէ, այդ թվում՝ տարիքային խտրականությունը, զբաղվածության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումները համատեղելի չեն իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության հիմնարար սկզբունքների հետ, ինչպիսին իրեն հռչակել է Հայաստանի Հանրապետությունը:
Այստեղ առկա է անհատի և պետության փոխադարձ պատասխանատվության սկզբունքը և առաջին հերթին՝ պետության պարտականությունը քաղաքացու նկատմամբ: ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք, իսկ 86-րդ հոդվածով որպես պետության հիմնական խնդիր է սահմանվել բնակչության զբաղվածության խթանումը:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքում նշվում է, որ գործակալությունն իր աջակցությունն է հայտնում աշխատանք փնտրողներին և գործատուներին: Կայքէջում տեղադրված են թափուր աշխատատեղերի, զբաղվածության ծրագրերի և աշխատանքի միջնորդության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ և խորհրդատվություն:
Aravot-ը փորձեց Զբաղվածության պետական գործակալության պատասխանատու մարմիններից ճշտել, թե աշխատաշուկայում որքանո՞վ են մրցունակ հասուն տարիքի քաղաքացիները:
Հարցին` կարո՞ղ է արդյոք 50-ն անց քաղաքացին իրենց միջոցով աշխատանք գտնել, գործակալության Աջափնյակի տարածքային կենտրոնի տնօրեն Գայանե Զարգարյանը պատասխանեց, որ և՛ աշխատատեղեր կան, և՛ վերապատրաստման, խթանման ծրագրեր:
Գործակալության Արաբկիրի տարածքային կենտրոնի տնօրեն Նունե Մովսիսյանը ևս վստահեցրեց, որ քաղաքացիները ցանկացած տարիքում կարող են գործ գտնել. նայած ինչ մասնագիտություն, նայած ինչ աշխատանք:
Այդուհանդերձ, ԶՊԳ տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը նշեց, որ եթե հանկարծ 50 տարեկան անձը կորցնում է աշխատանքը՝ նոր աշխատանք փնտրելիս լուրջ մարտահրավերների առաջ է կանգնում:
Ընկերության հաշվետվություններում ներկայացված են գործազուրկներին առնչվող տարաբնույթ ծրագրերը: Աշխատանք փնտրողները կարող են գրանցվել իրենց տարածքի զբաղվածության կենտրոնում և ըստ անհրաժեշտության մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և աշխատանքի աջակցություն ստանալ:
Անկախ այս ամենից՝ Հայաստանում վերջին տարիներին գործազրկության մակարդակը չնչին շեղումներով անընդհատ աճում է:
ՀՀ ԱՎԾ-ի 2015թ. հետազոտության տվյալներով (աղբյուրը` ՀՀ ԶՊԳ) աշխատանքի դիմողների միայն 13.9%-ն է տեղավորվել աշխատանքի: Զբաղված բնակչության միայն 76%-ն ունի մշտական աշխատանք, մնացածն իրականացնում են ժամանակավոր, սեզոնային կամ մեկանգամյա աշխատանք: Պաշտոնապես գրանցված գործազուրկների 60.6%-ը 30-54 տարեկան անձինք են:
Աշխատանք փնտրողների թիվն իրականում շատ ավելի մեծ է, պարզապես նրանց զգալի մասը չի գրանցվում զբաղվածության կենտրոններում:
2015թ. տնային տնտեսություններում ԱՎԾ-ի իրականացրած աշխատուժի հետազոտությունը ցույց է տալիս, որ միջին և հասուն տարիքի մարդիկ ավելի դժվարությամբ են աշխատանք գտել, ավելի տևական ժամանակ են մնացել անգործ: 35 տարեկանից բարձր քաղաքացիներն աշխատանք փնտրելիս հազվադեպ են հարցազրույցի կամ մրցույթի մասնակցել, առավելապես դիմել են ծանոթների աջակցությանը, անմիջապես գործատուին, զբաղվածության պետական ծառայություն, նաև՝ պատահական աշխատանք փնտրել փողոցում:
Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ՝ 25-29 տարեկանների խմբում 2001թ.-ի համեմատ բնակչության թիվն ավելացել է մոտ 175 հազարով, ինչն իր հերթին ճնշում է գործադրում աշխատաշուկայի վրա:
«Ներկայիս տնտեսական իրականությունը հնարավորություններ չի ստեղծում բավարար աշխատատեղեր ստեղծելու համար: Առաջարկը քիչ է, պահանջարկը՝ շատ: Շատերը, Հայաստանում աշխատանք չգտնելով, արտագաղթում են: Դա էլ իր հերթին բացասաբար է ազդում ինչպես ամուսնությունների, այնպես էլ ծնելիության ցուցանիշների վրա:
Առաջիկա 10 տարիների կտրվածքով՝ բավարար տնտեսական զարգացման պայմաններում ներկայիս 10-24 տարեկանների խմբում աշխատաշուկայում կարող է դիտարկվել առաջարկի ավելցուկ պահանջարկի նկատմամբ, և ճնշումը կթեթևանա, ինչն էլ իր հերթին կարող է մեղմել դեպի դուրս միտված միգրացիոն հոսքերը»,-ասում է ժողովրդագետը:
Ոչ միայն առաջարկն է քիչ աշխատաշուկայում, այլև առկա է զգալի անհամապատասխանություն առաջարկվող և պահանջվող մասնագիտական հմտությունների միջև: Սրա հետևանքով բավական մեծ է տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը, որոնց մեջ դասակարգվում են հուսազուրկները:
Ըստ տնտեսական ակտիվության կարգավիճակի՝ 15-75 տարեկան բնակչությունը դասակարգվում է միմյանց բացառող հետևյալ երեք խմբերում` զբաղված, գործազուրկ, տնտեսապես ոչ ակտիվ (): Անձն, ով չի համարվում զբաղված կամ գործազուրկ, չի ներառվում աշխատուժի մեջ և դասվում է տնտեսապես ոչ ակտիվ բնակչության խմբին:
Հուսազուրկ գործազուրկներն անձինք են, ովքեր չունենալով աշխատանք հետազոտությանը նախորդող վերջին չորս շաբաթում (ներառյալ հետազոտվող շաբաթը), թեև հարմար աշխատանքի առաջարկի դեպքում ցանկացել են աշխատել, սակայն չեն փնտրել աշխատանք, որովհետև. չեն ունեցել հարմար աշխատանք գտնելու հույս, չգիտեին որտեղ և/կամ ինչպես փնտրել աշխատանք, չեն ունեցել մասնագիտական հմտություններ/փորձ, չեն կարողացել գտնել մասնագիտությանը/որակավորմանը համապատասխան աշխատանք, համարվել են շատ երիտասարդ/շատ մեծ՝ աշխատանք գտնելու համար, տվյալ տարածքում չեն գտել աշխատանք:
Ինչպես երևում է աղյուսակում՝ ՀՀ-ում միջին տարիքից կտրուկ աճում է հուսազրկությունը: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության զգալի մասն այս խմբի ներկայացուցիչներ են. մարդիկ, որոնք այլևս կորցրել են սեփական աշխատանքով ապրուստը հոգալու, իրենց պիտանի համարելու հույսը:
2015թ. Հայաստանում գործազրկությունը կազմում էր 18.5%: 2016թ. գործազրկության մակարդակը 18.0% էր:
Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում գործազրկության տարեկան ցուցանիշը 2016թ. եղել է 5.5%:
Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆ