«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել ապրիլի երկուսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ ԿԸՀ-ն կմերժի մեր դիմումը՝ ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն, բայց հարցն այն է, որ այդ դրույթները հակասում են թե՛ կոնվենցիային, թե՛ Սահմանադրությանը: Այն տեղամասերում, որտեղ մեր դիտորդների պահանջները գրանցամատյանում չեն գրառվել, դիտորդի իրավունքների շատ կոպիտ խախտում է, այս դեպքում նույնիսկ այս չարաբաստիկ ընտրական օրենսգրքով միեւնույնն է՝ իրավունք ունենք բողոքներ ներկայացնել ԿԸՀ: Մենք դա անում ենք, նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովներ ենք ներկայացնելու»,- ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ տեղական ընտրական հանձնաժողովականների նկատմամբ արդեն քրեական գործեր կան իրենց հաղորդումների հիման վրա հարուցված:
Ըստ նրա, տեղամասերի երեսուն տոկոսում իրենց դիտորդները չեն կարողացել իրենց պահանջները գրառել գրանցամատյաններում: Մեր հարցին՝ ինչու են ընտրություններից հետո բողոքում միայն տեղական դիտորդները, իսկ որեւէ քաղաքական ուժ չվիճարկեց ընտրությունների արդյունքները, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Քաղաքական ուժերից ոմանք կբողոքարկեին, եթե ձեռքների տակ ունենային լավ փաստեր: Ընտրությունները եղել են ոչ ազատ ու ընտրողների զանգվածային վերահսկողությամբ, ընտրողները չեն կարողացել ազատ քվեարկել այն ուժերին, որոնց կցանկանային»:
Մեր հացին, այսինքն` տեղական դիտորդների, քաղաքական ուժերի արձանագրած խախտումները լավը չէին ու բավարար հի՞մք չէին վիճարկելու համար, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Մենք մեր արձանագրած խախտումները տրամադրում էինք այն ուժերին, որոնք կցանկանային, իսկ դրանք էական խախտումներ էին, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ