Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինացված ձուկ

Ապրիլ 09,2017 12:30

Առջեւում Սուրբ Զատիկն է, եւ սեղաններին կլինեն ձուկն ու փլավը: Եթե ցանկանում եք ինչ-որ նոր բան փորձել, առաջարկում եմ այս անգամ ձուկը ոչ թե եփել, այլ մարինացնել նարնջով եւ թարմ կանաչիով:

Անհրաժեշտ մթերքները

1-1,5 կգ-անոց իշխան (փոքրիկ ձկները այս ուտեստի համար պիտանի չեն, անպայման պետք է գտնել խոշոր ձուկ)
Աղ (ցանկալի է ծովի աղ)- 2 ճաշի գդալ
Շաքարավազ (ցանկալի է եղեգնաշաքար` շագանակագույն շաքարավազ)- 1 ճաշի գդալ
Սեւ պղպեղ- 1 թեյի գդալ
Հազրեվարդ- 1-2 ճյուղ (կարող եք փոխարինել սամիթով կամ թարխունով)
Նարինջ-1 հատ

Պատրաստման եղանակը

Մաքրած եւ լավ լվացած իշխանից առանձնացրեք ֆիլեն: (Գլուխը, ոսկորները եւ կաշին կարող եք եփել եւ հրաշալի ձկնապուր պատրաստել):


Մեկ ձկից ստացվում է երկու կտոր ֆիլե:

Ի դեպ, իշխանի փոխարեն, եթե, իհարկե, հնարավորությունները ներում են, կարող եք վերցնել թարմ սաղմոնի ֆիլե:

Լավ լվացած նարնջի կեղեւը քերեք մանր անցքերով քերիչով: Փոքրիկ ամանի մեջ լավ խառնեք շաքարավազը, աղը, պղպեղը եւ նարնջի կեղեւը:


Ապակե տարայի հատակին ցանեք այդ խառնուրդի կեսը, վրան դրեք ձկան ֆիլեները: Վրան լցրեք խառնուրդի մնացած մասը: Կեղեւահան նարնջից քամեք նաեւ հյութը եւ լցրեք ձկան վրա: Վերջում` թարմ կանաչին: Այսքանից հետո ծածկեք ձուկը պոլիէթիլենե թաղանթով կամ սննդի համար նախատեսված պլաստիկ ամանով, վրա դրեք որեւէ ծանրություն (ես, օրինակ, նման դեպքերի համար ունեմ խոշոր գետաքարեր), եւ դրեք սառնարան:

 

Արդեն 24-26 ժամից ձուկը լիակատար պատրաստ կլինի օգտագործման համար, սակայն 2-3 օր հետո` շատ ավելի համեղ է: Նկատենք, որ մեկ շաբաթից ավելի պետք չէ պահել ձուկը, թեեւ, խիստ կասկածում եմ, որ այն հենց առաջին իսկ օրը չի վերջանա:


Կարող եք մատուցել ինչպես բարակ շերտերով կտրատած, ասենք` սեւ հացով եւ կարագով, այնպես էլ` փոքրիկ կտորներով` ավոկադոյի եւ կիտրոնի հետ նախուտեստ դարձրած (լուսանկարում այդ տարբերակն է): Նկատենք նաեւ, որ մատուցելուց առաջ անհրաժեշտ է ձուկը չորացնել եւ վրայից մաքրել ավելորդ համեմունքները:

Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

08.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ինչ որ ալ անես, որքան որ ալ որակաւոր եւ թարմ լինի, հում ձուկը միշտ ել անախորժ «հոտ» մը ունի… նաեւ, ակռայի տակ խանգարիչ հյուսվածք մը…

    փուռի մէջ եփածը լաւագոյնն է

    սակայն ճաշակի հարց է, անշուշտ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930