Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրո-ամերիկյան երաժշտությունն ու մեծ միգրացիան

Ապրիլ 08,2017 23:39

«Նարեկացի» արվեստի միությունում, «Արվեստագիտություն» ծրագրի շրջանակում,  տեղի ունեցավ զրույց-քննարկում «Մեծ միգրացիայի ազդեցությունն աֆրո-ամերիկյան երաժշտության վրա» թեմայով:

Բանախոս Նունե Գրիգորյանը, ով երկար տարիներ ուսումնասիրել է աֆրո -ամերիկյան երաժշտությունն ու պատմությունը, նշում է. «Շատ հետաքրքիր է, երբ երկու տարբեր բաներ մենք ուսումնասիրում ենք ոչ թե առանձին-առանձին, այլ տեսնում,  թե ինչպես են ազդում մեկը մյուսի վրա, իհարկե դա այն դեպքում, երբ կա այդ կապը, այլ  ոչ թե արհեստական ենք ստեղծում այն»:

1910-1970 թվականներին 6 միլիոն աֆրո-ամերիկացիներ գաղթեցին Ամերիկայի հարավային նահանգներից դեպի հյուսիս-արևելյան և արևմտյան նահանգներ՝ իրենց հետ տեղափոխելով նաև մշակութային յուրահատկությունները:

«Մենք փորձեցինք դիտարկել այն, թե ինչ է լինում, երբ երկու մշակույթներ հանդիպում են իրար: Հարավից արևելք և արևմուտք գաղթի ամենակարևոր արդյունքը միգրանտների համար եղավ Հարլեմյան վերածնունդը, որն աֆրո-ամերիկացիների նոր ձեռքբերումն էր արվեստի, գրականության և երաժշտության մեջ»,- նշում է միգրացիայի մասնագետը:

Աֆրո-ամերիկյան երաժշտությունը զարգացել է` այդ բախումների ազդեցությունները կրելով:

Ինչպես նշում է միգրացիայի մասնագետը, երբ երաժշտությունը  հարավում՝ Լուիզիանա նահանգում էր, կրում էր ստրուկների աշխատանքային երգերի ազդեցությունը. «Դա տեղի էր ունենում շաբաթը մեկ անգամ, երբ ստրուկները հավաքվում էին Կոնգո հրապարակում, պարում և երգում իրենց աշխատանքային երգերը՝ վերցնելով սպիտակների երաժշտությունից դետալներ»:

Հաջորդ փուլը, որ սկսվեց, եղավ այն ժամանակ, երբ սևամորթները մուտք ունեցան եկեղեցի, այստեղ արդեն վերցրեցին շարականներին հատուկ յուրահատկություններ: Հաջորդ փուլում սկսեցին օգտագործել երաժշտական, գուսանական գործիքներ՝ կրկնօրինակելով սպիտակներին: Այս ամենը դիտարկվում էր որպես ժամանց, այլ ոչ թե հենց երաժշտություն:

Հետո արդեն գալիս է ջազի դարաշրջանը, որը համընկնում է մեծ միգրացիայի առաջին փուլի և Հարլեմյան վերածնունդի հետ: Երբ միլիոնավոր ստրուկներ հարավից տեղափոխվեցին այլ շրջաններ, սա պատճառ դարձավ ջազի տարբեր ձևերի ստեղծմանը:

Միգրացիայի հաջորդ փուլը 1940-1970-ականները,  համընկնում է ջազի այն շրջանի հետ, երբ տեղի  էր  ունենում սևերի և սպիտակների պայքար: Շատ ջազային կատարումներ համարվեցին հավասարության և ազատության հիմներ, նրանք մեծ մեքենաներով անցնում էին տարբեր շրջաններ և տարածում ազատության կոչեր:

Ինչպես նշում է Նունե Գրիգորյանը, այն ժամանակ ջազը ստորադաս էր. «Կարծիք կար, որ ջազը պետք է հնչեր փաբերում և ակումբներում, այլ ոչ թե բեմերից, և այն ավելի շատ համարվում էր անդերգրաունդ»:

Տարբեր կարծիքներ կան նաև ջազի արմատների հետ կապված, և դեռ վաղ ժամանակներից: Երբ 1917 թվականին Յորքի Victor ֆիրմայի ստուդիայում հինգ սպիտակամորթ երաժիշտներ Նոր Օռլեանից, ձայնագրեցին ջազի առաջին ձայնասկավառակը, նրանք դա համարեցին ամերիկյան, իսկ շատ սևամորթներ պնդում էին, որ նրանք ընդամենը կրկնում են այն սևամորթներին,  որոնք ուղղակի հնարավորություն չունեին ձայնագրվելու: Մինչ սկավառակի թողարկումը ջազը երաժշտական ֆոլկլորի համեստ մի ճյուղավորում էր, նրա կատարողների շրջանակը սահմանափակվում էր մի քանի հարյուր սևամորթներով ու մի խումբ սպիտակամորթ նորօռլեանցիներով, ջազը դուրս չէր եկել այդ քաղաքի սահմաններից:

Սկզբնական շրջաններում ջազն արգելված էր և ուղղակի ժամանցի միջոց էր փաբերում, դրանում մենք համոզվում ենք, երբ օրինակ կարդում ենք Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»: Այժմ ջազը համարվում է բարձրաշխարհիկ երաժշտություն, չնայած որ ըստ Նունե Գրիգորյանի մաքուր ջազի շատ քիչ կհանդիպենք:

Ջազի առաջին միջազգային օրը (International Jazz Day) նշվեց 2012 թվականին: Այն նշվում է ապրիլի 30-ին` Դյուկ Էլինգթոնի ծննդյան օրը:

Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930