Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Անկարա ապամերձեցման առաջնորդող պատահարները

Ապրիլ 08,2017 23:19

Սիրիայի կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող ռազմական օդանավակայանի հրթիռակոծումը ամերիկյան մարտանավերի կողմից իր խորքում նախագահ Թրամփի զինվորական առաջին ցուցադրությունն էր:

Այս ցուցադրությանը, իհարկե, պետք է տրվեր մարդասիրական բնույթ՝ մարդկությունը զանգվածային աղետից փրկելու առաքելության տպավորություն: Դեպքերը հիշեցնում են զանգվածային ոչնչացման զենքեր ունեցող իրաքյան իշխանություններին հիմնովին վերացնելու ամերիկյան ներխուժման պատճառաբանությունները:

Ժամանակին ամբողջ աշխարհը` միջազգային ընտանիք եւ միջազգային հանրություն, համոզվեց, որ ներկայացված փաստերը Իրաքի այն ժամանակվա իշխանությունների զանգվածային ոչնչացման զենքեր ունենալու առումով, շոշափելի չէին, չէին համապատասխանում ներկայացված վտանգին:

Հիմա բոլորը պարզ տրամաբանությամբ հարց են տալիս, որ առաջխաղացում արձանագրող սիրիական կառավարական ուժերը ինչու՞ պիտի դիմեին միջազգային հանրությանը, միջազգային ընտանիքին եւ ընդհանրապես բոլորի կողմից դատապարտելի, անընդունելի միջոցի:

Ռուսական կողմը ամերիկյան հրթիռակոծումների դիմաց հայտնեց, որ դադարեցնում է Սիրիայում օդանավերի պատահարների մասին հուշագրի գործունակությունը. Տակավի՛ն. պահանջվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ հրավիրեր` քննելու համար սիրիական կառավարական զորքերի ամերիկյան հրթիռակոծումը: ՌԴ-ի արտգործնախարարությունը հստակ հայտարարեց նաեւ, որ ամերիկյան այս գործողությունները վճռված էին Իդլիբի իրադարձություններից առաջ, ինչը հստակեցնում էր, որ Իդլիբի պատահարները պարզապես պատրվակային բնույթ ունեին:

Պենտագոնը հակազդում էր, որ ռուսական կողմը տեղյակ էր պահվել հրթիռակոծման որոշման մասին: Եւ անշուշտ բացատրում էր, որ քիմիական զենքեր օգտագործած օդանավերը հարվածած օդակայանից մեկնել էին, եւ թե այնտեղ պահվել է նախագահ Ասադի վերահսկողության տակ գտնվող քիմիական զինամթերքը:

Դամասկոս-Թեհրան-Մոսկվա առանցքից բացի ամբողջ աշխարհը պիտի ուզեր հավատալ, որ իրոք քիմիական զենքը օգտագործվել է կառավարական ուժերի կողմից եւ թե Թրամփի միջամտությունը օրինաչափ է ու ճիշտ կայացած:

Մոսկվայի եւ Արեւմուտքի արանքում ոստոստող Անկարայի համար կողմնորոշվելը կարող է որոշ կանխատեսումների դուռ բացել, հատկապես տատանվող մերձեցման գործընթացում գտնվող Մոսկվա-Անկարա հարաբերությունների համար: Անկարան դրական էր գնահատել ամերիկյան գործողությունները, բավարար չէր նկատել դրանք եւ հավելյալ միջոցներ էր պահանջել սիրիացի ժողովրդի պաշտպանության միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ:

Այս պահի դրությամբ ամերիկյան գործողությունները սահմանափակ են.  ռուս-ամերիկյան հուշագրի գործունակությունը առկախվել է, Արեւմուտքը միավորվել` ողջունելով Վաշինգտոնի քայլը:

Շարունակենք հենվել փաստացի իրողությունների վրա: Կառավարական ուժերը, ռուսական կործանիչների հետ միասին անցել էին կրոնական ահաբեկչական խմբավորումների մաքրագործման աշխատանքին եւ արձանագրում էին տեղաշարժ, որոշակի աջակցությամբ նաեւ Թեհրանի: Հիմա այդ տեղաշարժը կասեցնելու կամ դանդաղեցնելու կարմիր լույսն է վառվում Վաշինգտոնի կողմից, մինչ ոչ շատ առաջ սպառնալից փոխասացություններ էին տեղի ունենում Թել Ավիվի եւ Թեհրանի միջեւ:

21-րդ դարի համաշխարհային պատերազմի նորագույն տարբերակը իր օրինաչափություններով շարունակվում է. առնչված կողմեր` Թեհրան, Մոսկվա, Վաշինգտոն, Անկարա, (քողարկված Թել Ավիվ) եւ ահաբեկչության դեմ միջազգային դաշինքին մաս կազմող երկրներ:

Պետք է սպասել Մոսկվայի հակազդեցությանը, իրեն մերձեցող Անկարայի այս վերջին կողմնորոշումից հետո: Որքան գործնականանան ամերիկյան հարվածները ռուսական հովանու տակ գործող սիրիական ուժերին, այնքան, «կմերձենան» Անկարան եւ Մոսկվան:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930