Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միջազգային կրթական նոր հարթակ` հասանելի բոլորի համար. «EPIC»՝ բացառիկ նախագիծ Հայաստանում

Ապրիլ 08,2017 22:21

Հայաստանում իր տեսակով դեռևս նմանը չունեցող EPIC նոր նախագիծը կոչված է լրացնելու երկրում առկա ոչ ֆորմալ կրթության և դրա բազմազան մառուցման ձևերի բացը: Ինչպես նաև այս նախագիծը կարող է գրավական հանդիսանալ ամբողջ աշխարհից դեպի Հայաստան ուսանողների հոսքի, տեղացի ուսանողների գաղափարական զարգացման, շփման պակասի լրացման, նոր մշակույթներին ծանոթանալու համար և ոչ միայն:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով Հայաստանի և հայերի` համաշխարհային գիտության, արվեստի, սպորտի մեջ ունեցած ավանդը, նախագծի կայացումը Հայաստանում ևս մեկ անգամ գալիս է փաստելու վերոնշյալ ուղղությունների զարգացման իրական հեռանկարը հենց մեր երկրում:

Մեր զրուցակիցն է EPIC նախագծի գաղափարի համահեղինակ Գևորգ Ավետիսյանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը: Ինչպե՞ս ծագեց նախագծի անվանումը և գաղափարը:

-Սկսելով նախագծի ծագման գաղափարից` հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում կրթության, ինչպես նաև դասախոսների մասնագիտական մակարդակը որոշ դեպքերում ոչ միայն չի զիջում եվրոպականին կամ ամերիկյանին, այլ նաև գերազանցում է դրանց և չափանիշային է դառնում հենց վերոնշյալ երկրների կրթական համակարգերի համար: Այդ մասին է վկայում Հայաստանում ապրող, աշխատող դասախոսների պահանջարկը նույն Եվրոպայում և Ամերիկայում:

Հայաստանում սովորող ուսանողների մի ստվար զանգվածի խնդիրները՝ սկսած նույն շփման պակասից մինչև ոչ ֆորմալ կրթությոան հասանելիության բացակայությունը, ապա կարող ենք փոխել ստեղծված իրականությունը: Շփումն ու ոչ ֆորմալ կրթության հասանելիությունը գալիս են զարգացնելու ուսանողների կարծրատիպային դարձած աշխարհայացքներն ու մոտեցումները կրթությանը: Վստահորեն կարող ենք ասել, որ շփման եզրերը փոխելով ու նախագծեր ներդնելով է, որ փոխվելու է այդ իրականությունը: Հենց այս խնդիրների զուգամիտման արդյունքում էլ ստեղծվեց նախագծի ստեղծման գաղափարը:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ընդունել ավելի քան 300 ուսանողի`  Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կանադայի, Լիբանանի և ոչ միայն լավագույն բուհերից:

Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն մասնագիտական հավաստագրեր և որոշ դեպքերում էլ ոչ միայն բոլոնյան, այլ նաև ամերիկյան նորմերին համապատասխանող ուսումնական կրեդիտներ։

Նախագիծը, ունենալով միջդիսցիպլինար սոցիալ-ուսուցողական ուղղվածություն, հնարավորություն է ընձեռում ընդլայնել ուսանողի աշխարհայացքը, ծանոթանալ և ավելի լավ ճանաչել աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած իրենց հասակակիցներին և նրանց երկրների մշակույթին:

Նախագծի կայացումն ու իրականացումը կնպաստի Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ամբողջ աշխարհում` որպես կրթական հզոր ավանդույթներ ժառանգողի, կրողի և հնարավորություն տալով արդեն այսօր մեր երկրում պատրաստել Հայաստանի համար այլազգի «ապագա  դեսպանների», ովքեր նախագծի ավարտից հետո, վերադառնալով իրենց երկրներ, կդառնան Հայաստանի կրողն ու գովազդողն ամբողջ աշխարհում:

Հայաստանում մեծ ճանաչում ունեցող, բրենդինգով զբաղվող ընկերության հետ համագործակցության արդյունքում որոշվեց նախագծի անվանումը, որն արտացոլում է նախագծի էությունն ու արդիականությունը չորս պարզ բառի ու սիմվոլների միջոցով. կրթվի՛ր, խաղա՛, ոգեշնչվի՛ր, ստեղծագործի՛ր (Educate, Play, Inspire, Create):

Որո՞նք են այն առավելությունները, որոնք նախագիծը դարձնում են բացառիկ:  

-Առաջին հերթին նախագիծը բացառիկ է դարձնում այն հանգամանքը, որ այն իր տեսակով առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Այնուհետև, բացառիկության կարևոր մեխերից թերևս կարելի է նշել մասնակիցների նկատմամբ անհատական մոտեցումը՝ թե՛ կրթական, թե՛ արվեստի, և՛ թե սպորտի ու ժամանցի ոլորտներում: Մասնակիցները, նախապես լրացնելով
մասնակցության հայտը, ստանում են հնարավորություն` ընտրելու իրենց իսկ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, թեման, դասախոսին, վարպետության դասերը, սպորտաձևը և, վերջապես, հոգեհարազատ արվեստի ժանրը։

Համագործակցության և փորձի փոխանակման ինչպիսի՞ նախադեպեր Նախագծի շրջանակներում ո՞ւմ հետ եք համագործակցում:

-Համագործակցության և աջակցության տեսանկյունից` նախագծի կայացման կարևորությունը բազմիցս հաստատել են Հայաստանում գործող պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչները: Այսօր արդեն նախագծին աջակցում է Հայաստանում գործող բարձր որակավորում ունեցող ավելի քանի տասը համալսարան, չորս նախարարություն, հիմնադրամներ, որոնք գործում են և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս:

Համագործակցությունների ձևաչափերը տարբեր են, և սիրով եմ նշում, որ մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար, որը կնպաստի թե՛ նախագծի կայացմանը, թե՛ Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:

Ասացիք, որ ֆինանսական առումով նախագիծը հասանելի եք դարձնում բոլորին: Ինչպե՞ս:

-Շատ կարևոր է նշել, որ նախագիծն ի սկզբանե ունեցել է և ունի կոմերցիոն բնույթ, սակայն այն կոմերցիա չի հետապնդում տեղացի ուսանողների համար: Մեր գործընկերների շնորհիվ շատ ուսանողներ նախագծին անվճար մասնակցության հնարավորություն կստանան: Հարկ է նշել, սակայն, որ նախագծում տեղացի ուսանողների թիվը սահմանափակ է լինելու: Մոտ հիսուն ուսանող հնարավորություն կստանա մասնակցելու նախագծին: Նույն թվով ուսանողների սպասում ենք սփյուռքից, իսկ մնացած բոլոր ուսանողները կլինեն աշխարհի տարբեր երկրներից:

Ինչո՞վ է նախագիծը տարբերվում դեպի Եվրոպա առաջարկվող մյուս տուր-փաթեթներից:

-Համախմբելով դասական` ամերիկյան և եվրոպական կրթական ամառային դպրոցների ձևաչափը, առավելություններն ու առանձնահատկությունները՝ EPIC ամառային դպրոցը միևնույն ժամանակ տարբերվում է դրանցից: Մեր դպրոց-ճամբարի բոլոր մասնակիցները, արդեն նախապես լրացնելով մասնակցության հայտը, ստանում են հնարավորություն` ընտրելու իրենց իսկ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, թեման, դասախոսին, վարպետության դասերը, սպորտաձևը և, վերջապես, հոգեհարազատ արվեստի ժանրը։ Նախագծի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան բացի ուսումնական, մասնագիտական ծրագրերից, մասնակցելու նախապես կազմակերպված սպորտային, ժամանցային և մշակութային տարաբնույթ միջոցառումներին:

Ի՞նչ սկզբունքով են ձևավորվում խմբերը, և կա՞ արդյոք տարիքային սահմանափակում: 

-Տարիքային սահմանափակում չկա. նախագծին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, շփվելու և կրթվելու: Աշխատանքային լեզուն նախագծի ընթացքում լինելու է անգլերենը: Ուսանողները, որոշ դեպքերում անցնում են որոշակի փուլեր մինչ մասնակցության վերջնական հաստատումը:

Ովքե՞ր են լինելու նախագծի հյուրերը:

-Այս պահին արդեն իսկ բանակցություններ են ընթանում համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անհատների հետ` սկսած գիտության ոլորտից մինչև սպորտի ոլորտ: Բացի այդ, լինելու են բազմաթիվ կայացած ընկերությունների ներկայացուցիչներ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս գտնվող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930