«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված «Երդվում եմ քեզ՝ իմ երկիր» խորագրով բարեգործական համերգի նախաձեռնողների առաջին փորձն էր: Ապրիլի տասին Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի, Երեւանի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբերի, օպերային եւ էստրադային մեներգիչների կատարմամբ կհնչեն կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած հայրենասիրական ստեղծագործությունները:
Ռոբերտ Ամիրխանյանի բնորոշմամբ՝ նա երբեք այպիսի համերգ չի ունեցել: «Այն այլ խորհուրդ ունի, քանի որ ժողովրդի գրկում ապրող մարդու խոսք է՝ իր սպասելիքներով ե անելիքներով: Ուրախ եմ, որ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եմ իրագործում այս ծրագիրը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Համերգային ծրագրում ներառված կատարումների մի մասն Ամիրխանյանը նվիրել է ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին: ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր հերթին նկատեց. «Բոլորս պատրաստ ենք եւ ոգեւորված: Հուսամ՝ մեր հերոսներին արժանի համերգ կմատուցենք»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ համերգից ստացված հասույթը տրամադրվելու է ապրիլյան քառօրյայում զոհվածների ընտանիքներին: Համերգի նախաձեռնողները տեղեկացրին, որ քննարկում են նախագիծն առաջիկայում նաեւ Արցախում կյանքի կոչելու հնարավորությունները:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ