«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կամ դաշինքի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ավագանու ընտրություններին:
«Ոչ, որովհետեւ մնաց մեկ օր, իսկ մենք դեռ ոչ մի քննարկում չենք արել, նշանակում է՝ չենք մասնակցի, եթե մասնակցեինք, հիմա ցուցակ կունենայինք: Ֆինանսական ռեսուրսների խնդիր չէ, այլ թվանկարչության ու ընտրակաշառքի պայմաններում ընտրություն չի լինում: Այս անգամ չենք մասնակցի այս ֆարսին, մինչեւ կտեսնենք՝ ինչ միջոցառում կլինի ու ինչի մասնակիցը կդառնանք, սա պետական հեղաշրջման լեգիտիմացման փորձ էր, ոչ թե ընտրություն»,- Aravot.am-ին ասաց «Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե կա՞ մատնահետքերի համընկնո՞ւմ, թե՞ ոչ: Տիկին Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ որպես հանձնաժողովականներ՝ ՕՐՕ-ի ներկայացուցիչները միայն կասկածնե՞ր են արձանագրել, կարո՞ղ են փաստ նշել:
«Փաստն այն է, որ միայն ընտրությունների մասնակցության թիվը ոչ թե կասկած, այլ համոզմունք է հարուցում, որ այդքան մարդ չէր կարող մասնակցել ընտրություններին ու բավական չէ, որ մասնակցել են, այդքան մարդ իր քվեն տվել է այն կուսակցությանը, որին առավոտից երեկո հայհոյում է»,- ասաց տիկին Մուրադյանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպես եղավ, որ մոտ 30 հազար տեղական ու միջազգային դիտորդները «կրկնաքվեարկման» կասկածներ չունեցան, կամ չարձանագրեցին այնպիսի խախտումներ, որ նման կասկածների տեղիք տար, իսկ ՕՐՕ-ի ներկայացուցիչները կասկածում են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինչպես կարող էին դիտորդները արձանագրել այդ պահին, երբ կային մարդիկ, որոնց հասցե ենք հարցրել, իրենց հասցեն չգիտեին: Ընտրություններին եղել են, հավանաբար, նոր անձնագրեր տպված, նոր հասցեներ՝ չեղած մարդկանցով: Վստահ եմ, որ այդքան ընտրակաշառք չի բաժանվել, որքան դրան գումարվել է թվանկարչությունը, թե ինչ մեխանիզմներով, մենք հետեւողական ենք լինելու ու պարզենք»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ ԿԸՀ նախագահին ներկայացրած դիմումի մեջ բացառապես կասկածների մասին են խոսում ու փաստեր չեն ներկայացված, տիկին Մուրադյանը պատասխանեց. «Կրկնաքվեարկությունների փաստեր էլ կան, բայց մասսայական այդ փաստերն ուսումնասիրում ենք, ժամանակ է պետք, որ հասցե առ հասցե գնանք ու պարզենք՝ կան արդյոք այդ հասցեներն ու մարդիկ, որի վերաբերյալ խիստ կասկածներ ունենք, վստահ եմ, որ բացելու ենք այդ գաղտնիքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ