Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքը թռչող ափսե էր, բոլորը խոսում էին, բայց ոչ ոք չէր տեսնում

Ապրիլ 08,2017 13:52

«Կաշառքը դարձել է թռչող ափսե, ուրվական, բոլորը դրա մասին խոսում են, բայց ոչ ոք չի տեսնում, փաստ չկա»,-այսօր Ֆորում մամուլի ակումբում պատասխանելով հարցին, թե ընտրակաշա՞ռքը հաղթեց թե՝ վարչական ռեսուրսը, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա խոսքով, «այդ ամենն այնքան անվերահսկելի էր, որ չհասկացանք ինչը ոնց եղավ»: Պարոն Ախոյանի կարծիքով, այնպես չէ, որ քարոզարշավը հենված էր անհատների վրա, ըստ նրա՝ օրինակ «Ելք»-ը ոչ մի ռեսուրս չունենալով, բայց ճիշտ PR-ով կարողացավ ձայներ հավաքել: Նա կարծիք հայտնեց, որ մեր ժողովուրդը դեռեւս քաղաքականապես այնքան էլ հասուն չէ:

Հարցին, թե նույն «Ծառուկյան» դաշինքը, որն ասում էր, որ ԱԺ-ն պիտի մաքրեն մականունավորներից, իր դաշինքում ընդգրկեց մականունավորներ, պարոն Ախոյանը պատասխանեց. «Մարդ, որ գնում է աղջիկ ուզելու, վերջին անգամ իրեն հայելու մեջ պիտի նայի: ԱԺ գնացող ցանկացած մարդու խորհուրդ եմ տալիս աշխատեն իրենց վրա, ես ինքս ինձ վրա շատ եմ աշխատել եւ ինձ ճանաչողները կասեն, որ ես աճ գրանցել եմ»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ սոցիոլագ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ինքը ճանաչում է մարդկանց, որոնք երկու կուսակցությունից էլ փող են  վերցրել, բայց ձայնը տվել  երրորդին: Ըստ նրա, այս ընտրություններում լավագույնն այն էր, որ ընտրատեղամասում ամեն ինչ մաքուր էր: Նա ՀՀԿ-ին ձայն տալու մեծամասնության ցանկությունը պայմանավորեց սոցիալական վիճակով՝ ասելով, որ շատերը չէին ուզում փոփոխություններ, քանի որ կարծում էին, որ ավելի վատ կարող է լինել. «Ընտրողների կեսի ակնկալիքները կապված էին սոցիալական խնդիրների հետ, դրա համար ընտրեցին ուժեղ կուսակցություն, որն ի վիճակի էր դրանք լուծելու»:

Մեկնաբանելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե իրենց դաշինքը չանցավ, քանի որ ժողովուրդն աղքատ է եւ քաղաքականապես ոչ հասուն, ապա Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ չանցան, քանի որ նրա օրոք հզոր գործարաններ են քանդվել, մարդիկ գործազուրկ են մնացել, սխալ սեփականաշնորհում է եղել, ինչը հիմք է տվել, որպեսզի նախապատվություն չտան քաղաքական այդ ուժին. «Եթե ժողովուրդը քաղաքականապես անկիրթ էր, ապա այսքան տարի պետք է կրթեին»:

Պարոն Ադիբեկյանն անդրադառնալով ընտրակաշառքի թեմային, ասաց, որ ավելի շատ նշանակություն է ունեցել ռեյտինգայինով թեկնածուների հանգամանքը, որոնք կարողանում էին տեղերում խնդիր լուծել:

Առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ էլ Ահարոն Ադիբեկյանը կանխատեսեց, որ եթե այսօր լինեն ավագանու ընտրություններ, ապա ավագանու կեսը կլինի ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինքը կանցնի, բայց ավելի քիչ ձայնով քանի որ Երեւանում ԲՀԿ-ն ավելի քիչ համակիրներ ունի:

Հարցին, համաձա՞յն են, որ այս խորհրդարանը կլինի անդեմ՝ հաշվի առնելով, որ ցուցակներում հայտնվել են հասարակությանն անհայտ դեմքեր եւս, պարոն Ադիբեկյանն ասաց՝ որոշ առումով՝ այո: Ըստ նրա, մեր քաղաքական գործիչների մի մասը աստղային հիվանդություն ունի եւ սովորելու հատկությունը 18 տարեկանում կորցրել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930