Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայների աճուրդ. «Ընտրության օրը կրկնակի շատ կտան». «Ազգ»

Ապրիլ 08,2017 11:47

Ով շատ փող ունի, շատ ձայն է առնում, սա ուրախացնում է քվե գնողներին: «Կոռուպցիայի դեմ` կոռուպցիայով», գրում է առցանց «Ցայթ»-ի հոդվածագիրը` մեջբերելով «լավագույն առաջարկին սպասող» 2 երեխաների մոր` 58-ամյա Նարինեի վերոհիշյալ ձեւակերպումը: «Ընտրության օրն ավելի շատ փող կտան», ինքն իր ամսական աշխատավարձի կրկնակին է վերցնելու:

Գերմանական սույն հոդվածի ներկայացմամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի տնտեսական վիճակը ծանր է, պաշտոնական տվյալներով` բնակչության 30 տոկոսը աղքատության շեմից ցածր, միջազգային կազմակերպությունների, ասենք օրինակ Համաշխարհային բանկի տվյալներով` նույնիսկ 60- 70 տոկոսն է այդ պայմաններում ապրում: Ընդդիմությունն էլ գիտի այդ թվերը, հանրապետականներից պակաս խոստում չի տալիս, թե կյանքը լավանալու է: Առցանց հրատարակված այս հոդվածում անդրադարձ կա նաեւ 60-ամյա Գագիկ Ծառուկյանին, որ օլիգարխիայի աստղի համարում ունի: Նրա կարողության մաս են կազմում տարեկան մոտ 5,7 միլիոն եկամուտ ապահովող 43 տարբեր ձեռնարկություններ, ավտոմեքենաներ, շինություններ, նաեւՙ մոտ 5 միլիոն եվրոյի ոսկի եւ ադամանդ, 810 000 եվրո արժեքով կահույք, 252 000 եվրոյանոց մետաքսե վարագույրներ: «Փրկիր մեր ժողովրդին, մեր երկրին», գոռում են «Բարգավաճ Հայաստանի» ընտրարշավին եկած գյուղացիները` նրան տեսնելիս:

Հայաստանը հակակոռուպցիոն օրենք ունի, բայց որեւէ մեկը դրան չի հետեւում: «Հիմա չէ, միգուցե ավելի ուշ», պատճառաբանությունը հաճախ կարելի է լսել: Հոդվածագիր Տիգրան Պետրոսյանը զրուցել է նաեւ «Ելք» դաշինքի Էդմոն Մարուքյանի հետ, որ նկատել է տվել, թե մարդիկ Հայաստանում աղքատության, սոցիալական ծանր պայմաններում են ապրում, նրանք չեն գիտակցում, թե որքան վտանգավոր է կանխիկ դրամով ընտրված խորհրդարանը: Իսկ հեղափոխական ներուժը, Մարուքյանի կարծիքով, վաղուց արտագաղթել է: Բայց Մարուքյանի հեգնանքը բոլորը չէ, որ հասկանում են: Մոտ 650 միջազգային դիտորդ է մասնակցում ընտրություններին, 300- ը` ԵԱՀԿ-ից: Տեղական հասարակական կազմակերպություններն այս տարի ավելի մեծ ներգրավում ունեն այդ գործումՙ ընդհանուր 3750 հոգի: Նրանց թվում 310 սփյուռքահայեր են` ԱՄՆ- ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից: «Մենք 98 տոկոսով կարող ենք քվեարկության գործընթացը վերահսկել», գերմանական լրատուի թղթակցին ասել է «Քաղաքացի դիտորդ» խմբի համակարգող Արմեն Գրիգորյանը, որի փոխանցմամբ, «ձայներ գնելն իր համար թեմա չէ»:

«Զյուդդոյչե ցայթունգ»-ը «Հայաստանի նոր պետաքաղաքական ուղին» վերնագրյալ հոդվածում է անդրադառնում ապրիլի 2-ի իրողություններին: Մոսկվայում աշխատող «ԶՑ» թղթակից Յուլիան Հանսը գրում է` «Սարգսյանի ընդդիմադիրները կասկածում են, որ սահմանադրական բարեփոխման անվան տակ փորձ է արվելու իշխանությունը պահել: 2012- ին հարեւան հանրապետությունումՙ Վրաստանում Սաակաշվիլիի նմանատիպ մի հնարք ձախողվեց: Ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ, Սաակաշվիլին էլ աքսորում հայտնվեց: Հայաստանում ընդդիմության հաղթանակը դեռ հեռանկարում չի ուրվագծվում, քանի որ ընդդիմությունը միաբանված չէ: Հանրապետական կուսակցությունը պետական վերահսկման տակ գտնվող մեդիաների եւ գերատեսչությունների միջոցով ընտրողներին կարող է մոբիլիզացնել: Միլիոնատեր Ծառուկյանը ուժեղ ընտրապայքարի միջոցներ ունի»:

Նույն թերթի հայացքով` «Հայաստանը Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ- ի հետ լավ հարաբերություններ հաստատելու կարիքն ունի», քանի որ դա է պարտադրում հարեւան Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունը: Ռուսաստանը թեպետ զենք է վաճառում Ադրբեջանին, բայց միաժամանակ Հայաստանում զորախումբ է տեղակայելՙ դրանով անվտանգության անփոխարինելի երաշխավոր դառնալով Հայաստանի համար: Արեւմուտքը Ղարաբաղի հարցում դիվանագիտությունից չպիտի հեռանաՙ հիշելով նաեւ, որ ԱՄՆ-ում ապրում է հայկական խոշոր համայնք, գրում է գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930