Երբ ցեղական ձին հոգնում է, ականջները սառչում են, եւ ձին այլեւս չի կարողանում լսել ձիավորին, ու ձիավորը կորցնում է նպատակին հասնելու իր նախընտրած թափը: Այսինքն թե` չի կարելի թույլ տալ, որ հոգնի ձին եւ ականջները սառչեն, այսինքն թե` այլեւս անհնարին կդառնա ձիու ներդաշնակ վարգը, երբ անընդհատ առաջնորդվում ես նույն հանգով եւ գոչյունով նույն:
Ժամանակների մեջ այդպես հոգնեց մեր պատմության ազնվացեղ ձին, եւ մենք չհասկացանք, որ եկել է ձիու ականջները շփելու, տաքացնելու ժամանակը, որ մեր ձին սթափվի, լսի մեր ձիավորի նոր հրահանգը…
Անշուշտ, ամեն ինչ անցնում է, բայց ինչ հրաշալի է, որ ամեն ինչ չէ, որ մոռացվում է:
Թեեւ ես հաստատ գիտեմ, որ անցյալի եւ պատմության արժեքը միայն իմաստուններին է հասու, իսկ մյուսներն ապրում են բնախոսական, բայց, միեւնույն է, ժամանակների միջով մեզ հասած մեր հոգնած նժույգը սպասում է, սպասում է նոր` իրեն ջահելացնող խոսքին, որը կարծես թե այսօր հնչում է…
Հին ենք, Տեր Աստված, այս ինչքան հին ենք, միտքդ նույնիսկ դադարում է հասկանալ թե ե՞րբ սկսեցինք եւ ինչպե՞ս, եւ ինչպե՞ս եղավ, որ թեեւ կործանվեցին մեր բոլոր բերդերն ու պալատները, սակայն մեր իսկ հողը պահեց հիշողությունը մեր:
Եվ այսօր, որտեղ փորում ենք` ծառ տնկենք կամ ցորեն ցանենք, թագավոր կամ իշխան է դուրս գալիս գետնի տակից. վերջերս նույնիսկ թուրքերը` քոչվոր, բայց այսու այլեւս մեր ժամանակավոր հարեւանները, որոնք քրտնում էին երկու անգամ` մեկ կռվելիս, մեկ ուտելիս, սկսեցին պեղել Վանի բերդը, եւ զարմանալի բան` հողի տակից նորից թագավոր դուրս եկավ` Ռուսա արքայի կնիքը, եւ թուրք պեղողների կողքին չկար մի հայ հնագետ, որ ասեր.
Կարդացեք նաև
– Տղեք ջան, Ռուսան մեր թագավորն է` Մեծն Արգիշտիի որդին, Մենուայի թոռը:
Չէ, ուրիշ ոչինչ պետք չէ, աշխարհաստեղծման հեռուներից, սրարշավ եկած մեր ցեղի նժույգին նոր խոսք է պետք, հին սեր է պետք, նոր կոչ, նոր հրահանգ, եւ մեր անցյալի թագավորները մարմին եւ հոգի կստանան` ներշնչելով մեզ իրենց արքայական արժանապատվությունը, որ վերագտնենք ժամանակներում կորցրած հաղթանակը մեր: Իսկ հաղթանակը այսօր մեր շեմին է…
ՄԵՐՈՒԺԱՆ
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
07,04.2017