Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչն էր պատճառը, որ «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» չմիավորվեցին

Ապրիլ 08,2017 15:30

Ստեփան Սաֆարյանը ՀՀ-ի շարունակական գաղութացման վտանգ է տեսնում, քանի որ «Ելքն» էլ չի դնում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում ընդունեց, որ եթե «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» միավորվեին, ՀՀ խորհրդարանական ընտրություններին ավելի մեծ արդյունքներ կգրանցեին:

Պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք` արդյոք ի սկզբանե նման հարց քննարկվե՞լ է, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Իհարկե, կա նման բան: Եթե «Ելքն» ու «Ազատ դեմոկրատները» միանային, շատ ավելի պինդ եւ ուժեղ թիմ կլինեին»:
Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց, թե ինքը որեւէ առնչություն չի ունեցել քաղաքական ուժերի միջեւ ընթացող բանակցություններին ու չի կարող ասել, թե ինչը ճիշտ չարվեց, եւ ինչու չմիացան այդ երկու ուժերը: Բայց վստահեցրեց. «Միավորումը որքան մեծ լիներ, այնքան մեծ կլիներ հաղթանակի, ուժի ասոցիացիան, եւ այնքան ավելի ճիշտ կօգտագործվեին ռեսուրսները»:

Հետաքրքրվեցինք` այնուամենայնիվ, ի՞նչը խանգարեց այդ երկու ուժերին միավորվել, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ես եւ տիկին Անահիտը պատիվ ենք ունեցել երկու կողմից էլ ստանալ առաջարկ: Միասին լինելու, ինչպես նաեւ «Ազատ դեմոկրատների» ծրագրային շատ ընդհանրությունների համար համաձայնեցինք նրանց ցուցակում լինել: Բայց ո՛չ «Լուսավոր Հայաստանի», ո՛չ «Ազատ դեմոկրատների», ո՛չ «Քաղաքացիական պայմանագրի», ոչ էլ «Հանրապետության»` մեր ընկերներից չենք հարցրել, թե ինչը խանգարեց այդ միավորմանը»:

Փաստեցինք, որ խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժերի մեծամասնությունն ավելի պրոռուսական կողմնորոշում ունի, ու հետաքրքրվեցինք` հետեւաբար դա վկայո՞ւմ է, որ մեր հանրությունն ավելի ռուսամետ է, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Այդ ուժերը քվե են ստացել ռեյտինգային կոչվող ընտրակարգով, որտեղ որեւէ պրոռուսական, հակառուսական կամ պրոեվրոպական գաղափար չի քննարկվել: Եթե կարծում եք, որ Արայիկ Գրիգորյանը, Կարեն Կարապետյանը կամ Սամվել Ալեքսանյանն իրենց ընտրատարածքներում դրել են Եվրոպա, թե Ռուսաստան հարցը, ապա ես կհամաձայնեի Ձեզ հետ: Բայց փաստենք, որ սա եղել է մրցակցություն եւ ընտրություն փողի ու ավելի շատ փողի միջեւ: Այլ բան է, որ այն քաղաքական ուժերը, որոնց համար այդ ռեյտինգային թեկնածուները ձայն են հավաքել, պրոռուսական դաշտում են»:

Ստեփան Սաֆարյանը հավաստիացրեց, որ մարդիկ սիրում են ոչ թե Ծառուկյանի հայացքները, այլ փողերը, ոչ թե ՀՀԿ-ի ծրագիրը, այլ փողերը, եւ վախենում էին ճնշումներից: Պարոն Սաֆարյանը ցավով նշեց. «Սա ծրագրերի կամ գաղափարների միջեւ ընտրություն չէր: Հաշվարկն էլ այնպես է արվել, որ հիմնականում ռուսամետ ուժերից ձեւավորվեր խորհրդարան: Համենայնդեպս, կեղտոտ մանիպուլյացիաներն էլ ազդեցին: Վերջին օրերին տարբեր հարցումներ էին հրապարակվում, որ «Ազատ դեմոկրատները» չի հաղթում, եւ հաղթանակի ասոցիացիաներն այդ ուժի հետ կապված թուլացնում էին»:
Մեր հարցին՝ ընդհանուր առմամբ ռուսամետ կողմնորոշում ունեցող խորհրդարանն ի՞նչ վտանգներ է պարունակում, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Վտանգներ տեսնում եմ ՀՀ-ի հետագա շարունակական գաղութացման մեջ, քանի որ «Ելքն» էլ չի դնում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը»: Պարոն Սաֆարյանը հիշեցրեց, որ 2007-2012-ին «Ժառանգությունն» ընդգծված պրոեվրոպական էր, իսկ «Ելքը» քանի որ չի դնում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը, դա նշանակում է, որ ողբերգությունները խորանալու են. «Վախենում եմ, որ «Ելքի»` ե՛ւ ԵՏՄ, ե՛ւ ԵՄ դիրքորոշումը չազդի ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վրա»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

07,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930