Դրան դեմ չեն ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Վաշինգտոնն ու Փարիզը
Վաշինգտոնի դիրքորոշումը մնում է նույնը
Մոսկվան հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կվերադառնան բանակցային սեղանի մոտ ու կվերսկսեն երկխոսությունը, որն ուղղված է կայուն կարգավորում ապահովելուն՝ ապրիլի 5-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ այդ օրը ուղիղ մեկ տարի է լրանում այն օրվանից, երբ Մոսկվայում ձեռք է բերվել պայմանավորվածություն Ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծում լայնածավալ մարտական գործողությունները դադարեցնելու մասին։ «Դա 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի ամենալուրջ խախտումն էր»,- ասել է նա` հավելելով, որ հույս ունեն՝ կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ ու կվերականգնեն երկխոսությունը։
Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ այսօր կարգավորման գործընթացը կառավարում է Մոսկվան, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրները` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ամենեւին դեմ չեն դրան:
Կարդացեք նաև
Տարածաշրջանային վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին Երեւանում «Առավոտ»-ը հարց էր ուղղել, որ անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ-ը մի քանի անգամ հստակ արտահայտել էր ԼՂ հակամարտության կարգավորման բանաձեւը` «տարածքներ` կարգավիճակի դիմաց», որը համընկնում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ, այժմ ամերիկացի համանախագահը կարո՞ղ է հաստատել, որ Սպիտակ տան նոր վարչակազմի օրոք պաշտոնական Վաշինգտոնի նշյալ դիրքորոշումը պահպանվել է, եւ արդյոք մյուս համանախագահող երկրները եւ առաջին հերթին Ռուսաստանը համակարծի՞ք են ԱՄՆ-ի հետ այս հարցում: Հոգլանդը պատասխանել էր. «Այո՛, մենք ունենք նոր նախագահական վարչակազմ Վաշինգտոնում, բայց վստահեցնում եմ՝ այս պահին մեր քաղաքականությունը նույնն է մնում: Մենք ամբողջովին նվիրված ենք Մինսկի խմբին, համանախագահների գործընթացին, մենք ամբողջովին նվիրված ենք բոլոր կողմերի հետ հանգիստ աշխատելուն՝ գտնելու համար լուծում, որը կտանի խաղաղության»:
Ռիչարդ Հոգլանդը հավելեց, որ մյուս երկու համանախագահների հետ շատ սերտորեն է աշխատում. «Մենք ժամեր շարունակ նստում խոսում ենք մանրամասների մասին: Կարող եմ ասել, որ մենք միասին ենք կանգնած, մեր միջեւ մեծ տարբերություններ չկան, եւ նույնը վերաբերում է մեր կառավարություններին: Եթե մեր կառավարությունները տարաձայնություններ ունենան այլ խնդիրների վերաբերյալ, սա այն խնդիրն է, որի շուրջ մենք չափազանց լավ ենք աշխատում»:
Հոգլանդն անդրադարձել էր նաեւ «Լավրովի ծրագրին»: «Մենք այն չենք կոչում «Լավրովի ծրագիր», սակայն, անշուշտ, սեղանին դրված է ծրագիր: Այն շատ համապարփակ ծրագիր է, բաղկացած է երեք մասից, սակայն ճիշտ չի լինի, եթե ես ձեզ մանրամասներ հաղորդեմ, որովհետեւ բանակցող երկու կողմերը պետք է աշխատեն տարբեր ասպեկտների շուրջ: Դիվանագիտությունը նման է թղթախաղի, երբ քարտերը քո ձեռքում են, ամբողջը չես նետում սեղանին, որ բոլորը տեսնեն»,- պատկերավորեց Հոգլանդը: Լրագրողների հարցին՝ արդյո՞ք այդ ծրագիրը նախաձեռնել է Ռուսաստանը, Հոգլանդն արձագանքեց. «Դժվար է պատասխանել այդ հարցին: Տարիների ընթացքում կարգավորման մի քանի ծրագիր եմ կարդացել: Այժմ սեղանին առկա ծրագիրը արմատապես չի տարբերվում նախկինում եղածներից: Թե ով է կամ որ երկիրն է հեղինակել այդ ծրագիրը՝ չեմ պատրաստվում մեկնաբանել, սակայն կարող եմ ասել, որ այն շատ լավն է եւ միջազգային հանրության կողմից հավանության է արժանացել: ԵԱՀԿ-ն, համանախագահները եւ համանախագահների կառավարությունները հավանություն են տվել այդ ծրագրին»: Իսկ թե Հայաստանի եւ Ադրբեջանի համար ընդունելի՞ է սեղանին դրված կարգավորման ծրագիրը` Հոգլանդը նկատել էր. «Կասեի, որ երկու կողմերը հստակորեն պատկերացնում են, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը: Սա չի նշանակում, թե կողմերը համաձայնություն են տվել դրան: Սեղանին առկա ծրագիրը շատ մանրամասն է, հստակ է, եւ ես վստահ եմ, որ բոլոր կողմերի իշխանությունները հասկանում են, թե ինչ կա դրանում»:
Ինչու «Լավրովի պլանի» մասին արձանագրելու կարիք այլեւս չկա
Ըստ էության, Հոգլանդը չի հերքել, որ բանակցությունների սեղանին առկա կարգավորման առաջարկները «Լավրովյան պլանն» է, թեեւ «դիվանագիտորեն» հասկացրել է, որ իրենք այդ արտահայտությունը չեն օգտագործում, ու լավ է, որ ինչ-որ պլան կա: Այսինքն` «մենք չենք ասում՝ «Լավրովի պլան», բայց բոլորս գիտենք, թե «դա որտեղից է եկել», նա հստակ ասել է` «դիվանագիտորեն մենք դա կոչում ենք «բանակցային սեղանին գտնվող պլան»:
Ամերիկացի համանախագահի կողմից, իհարկե, դիվանագիտական մոտեցում չէր լինի արձանագրելը, որ այո՛, դա ռուսական համանախագահության նախաձեռնությունն է, մանավանդ, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը, կարծես, առավել հակված է դրանց ընդունմանը, հայկական կողմը, գոնե այս պահին, վստահաբար վերապահումներ ունի:
Հետեւաբար այս պահին միջնորդներին այլ բան չի մնում, քան արձանագրել, որ կարգավորման սեղանին այս պահին միջազգայնորեն հավանության արժանացած պլան է, որ ԵԱՀԿ համանախագահող երկրներն աջակցում են այն: Ընդ որում, պարզ է, որ դրանում «նոր ուղիներ», «նոր լուծումներ են դիտարկում»։
Գալով մյուս համանախագահներին` նկատենք, որ մարտի 28-ին Ստեփանակերտում նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշեց, որ քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի խմբի ընդլայնման հարցը` հայտնելով, որ պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով: Պոպովի խոսքով՝ այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը: «Անջեյ Կասպրշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այն հարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին»,- ասել էր Պոպովը՝ հավելելով, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում նախագահների հետ քննարկել են արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր:
Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին` նկատելով, որ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ. «Բոլորի համար չէ դա տեսանելի, բոլորը չէ, որ գիտեն այդ մասին։ Իհարկե, մենք չենք կարող բացահայտել մանրամասները, քանի որ կոնֆիդենցիալ բանակցություններ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն, իսկ առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան»:
Ահա այս մթնոլորտում Լավրովն այսօր արձանագրում է, որ «Լավրովի ծրագիր» գոյություն չունի, որովհետեւ դրա մասին այլեւս խոսելու անհրաժեշտություն չկա. Մոսկվան հասել է իր նպատակին` կառավարում է կարգավորման գործընթացը, դրան դեմ չեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, եւ թե ինչպես պաշտոնապես դա կանվանեն մյուս համանախագահող երկրների ներկայացուցիչները՝ Մոսկվային չի հետաքրքրում, թերեւս, ի սկզբանե էլ չի հետաքրքրել: Ավելին, պաշտոնական Մոսկվան արձանագրում է, որ Ղարաբաղյան կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:
Դա է պատճառը, որ օրերս ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ «Լավրովի պլան» գոյություն չունի, որ «հենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից մշակված առաջարկն է», եւ ընդգծել է, որ կողմերը, հիմնականում չհերքելով հենքը, տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը, եւ որ կարգավորման «շատ բաղադրիչներ արդեն համաձայնեցված են, մնացել են մի քանի հարցեր, բայց դրանք ամենաբարդն են»:
Ի դեպ, ուշագրավ էր, որ ադրբեջանական կայքին տված հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը՝ ինչպե՞ս է Մոսկվան նայում այդ հարցին: «Մենք կարող ենք միայն ողջունել Եվրասիական տնտեսական ինտեգրացման գործընթացում Ադրբեջանի հավանական մասնակցությունը: ԵՏՄ-ի գործունեության ընթացքում մասնակիցների թիվը երեքից դարձել է հինգ: Դա ապացուցում է այն, որ Միությունն անդամ պետություններին զգալի առավելություններ է տալիս, որոնք կարելի է ստանալ՝ հասանելիություն ունենալով տնտեսական ընդհանուր տարածքին»,- պատասխանել է Լավրովը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նաեւ Ադրբեջանի նախագահը չբացառեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը:
ԱՄՆ-ը շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի օրերին հանդես եկավ նաեւ պաշտոնական Վաշինգտոնը: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է՝ պաշտոնական Վաշինգտոնը շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ:
Իսկ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն, որը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ին, ասել է. «Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա»: Քավանոյի խոսքով՝ այժմ նման ազդանշան ուղարկելու լավագույն ժամանակն է, քանի դեռ ամերիկյան նոր վարչակազմը զբաղված է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշմամբ. «Նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Թիլերսոնը հենց հիմա որոշում են, թե որ ոլորտների վրա են կենտրոնանալու։ Եվ եթե կողմերը ցանկանում են ակտիվ ներգրավել ԱՄՆ-ին, սա լավ ժամանակ է»: Ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ Մոսկվան եւ Վաշինգտոնը սերտորեն համագործակցում են ավելի քան երկու տասնամյակ՝ հիշեցրել է նախկին դիվանագետը. «Մեր սերտ համագործակցության մակարդակն այս հարցում իրոք կզարմացներ մարդկանց»: Քերի Քավանոյի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի սկիզբը ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն հակամարտության կողմերի համար, որոնց այն առաջինը կվնասի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, այնպես որ՝ ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Փարիզը հետաքրքրված են խաղաղություն հաստատելու գործում։
Իսկ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին Jnews.ge-ին տված հարցազրույցում խոսել է ԼՂ հակամարտության, հավանական հակամարտության էսկալացիայի թեմայով: «Ամենակարեւորն այն է, որ չլինի պատերազմ: Որովհետեւ եթե լինի պատերազմ, ապա շատ դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, եւ ինչպես այն կազդի Վրաստանի վրա: Սակայն ամենակարեւորը, իմ կարծիքով, ոչ Հայաստանի եւ ոչ էլ Ադրբեջանի շահերից չի բխում սկսել պատերազմ: Երկուսն էլ, ցավոք, շահ են փնտրում: Դա լավ չէ, քանի որ մարդիկ են մահանում, երիտասարդներ են մահանում այնտեղ: Բայց սա պատերազմ չէ: Ես չեմ կարծում, որ Բաքուն ցանկանում է պատերազմել: Քանի որ նրանք գիտեն, որ այդ պատերազմը կոչնչացնի իրենց տնտեսությունը: Հայերը չեն ուզում պատերազմ: Ինչու է այս պրոցեսում կարեւոր Մինսկի խումբը: Քանի որ այս խմբի շնորհիվ կա երկխոսություն Երեւանի եւ Բաքվի միջեւ»,- ասել է նա` ընդգծելով. «Մինսկի խումբը կարեւոր է այն պատճառով, որ սա միակ ճանապարհն է պատերազմը կանխելու»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 07.04.2017