Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարի է՝ Հայաստանում Իրանի դեսպանատան հետ կապված դատական վեճը չի լուծվում

Ապրիլ 08,2017 14:30

Այգեստան 9 փողոցի 2 Ա տան ժառանգներ Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանների պատմությունը հայտնի է իրավապահներին, արդարադատություն իրականացնողներին, արտաքին գործերի նախարարությանը, անգամ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին: Այդ գործով կան ՀՀ դատարանների 150-ից ավելի վճիռներ:

Այդ քսանհինգ տարիների ընթացքում արված յուրաքանչյուր մեր հրապարակումից հետո արձագանքել են ԱԳՆ-ն, իրանական կողմը: Սակայն վիճելի տան գործը մնում է հայ-իրանական բարեկամության շահարկման թեմաներից մեկը, իսկ ժառանգները ծնողների մահից հետո ստիպված են այդքան տարի բնակվել վարձակալության հիմունքներով:
Կա կասեցված քրեական գործ՝ «Էխո-Էկո բանկի» խորհրդի անդամ Արմեն Տեր-Արսենյանի եւ իրավաբան Արմեն Քալանթարյանի փախուստների պատճառով, երրորդ անձը «Փյունիկ» ֆուտբոլային թիմի հիմնադիր Գագիկ Սաֆարյանն է, որը գտնվում է անազատության մեջ:

Հիշեցնեմ, Հակոբյանների հոր մահվանից հետո սեփականության իրավունքը գրանցվել է մոր՝ Արուսյակի անունով: Վերջինս 1995թ. տան մի մասը «նվիրում» է Ա. Տեր-Արսենյանին: Տասներկու տարի առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ճանաչվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան օգտագործման իրավունքը նշյալ տան եւ հողամասի նկատմամբ:

Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանները դիմում են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ ժառանգության վկայագրերը գրանցելու նպատակով, սակայն մերժվում են:
Նրանք դիմում են վարչական դատարան, եւ դատարանի ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Ժառանգության իրավունքի վկայագրերի պետական գրանցման խնդրանքով տրված դիմումում խոսք չի եղել տան նկատմամբ ժառանգության իրավունքի պետական գրանցման մասին, այլ խոսքը եղել է 371.3 քմ մակերեսով հողամասի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման խնդրանքի մասին»:

Ըստ Հակոբյանների, իրանցիները չե՛ն տվել իրենց ժառանգության իրավունքի վկայագրեր, այլ Հայաստանում գործող օրենքը, եւ իրենց՝ ժառանգների գործողություններում որեւէ ոչ իրավաչափ տարր չկա. «Ժառանգության վկայագրի համաձայն…քաղ. Արուսյակ Հակոբյանի մահվանից հետո գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում որդին՝ Ալբերտ Հակոբյանը, դուստրը՝ Անահիտ Հակոբյանը, հաշվառված ք. Երեւան, Այգեստան 9 փողոցի 2 Ա տան հասցեով»: Նոտարական վավերացումը կատարվել է Կենտրոնի նոտար Էմմա Շաբոյանի կողմից:

Ըստ էության, իրանցիները ձեռք էին բերել նշյալ տունը, բայց ոչ հողամասը:
Ի դեպ, անցյալ տարվա նոյեմբերին կարծես վերջ պետք է տրվեր այս վեճին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կողմերի՝ Հակոբյանների եւ Իրանի դեսպանատան միջեւ պետք է կնքվեր 16 կետից բաղկացած «Հաշտության համաձայնագիր»:

Պայմաններից մեկն այն էր, որ Հակոբյանները պետք է հրաժարվեն վարչական գործից, փոխարենը վաճառեն հողամասը, որը գնահատվել է 130 000 դոլար: «Շեն» գնահատման կենտրոնի գնահատող Ա. Մարտիրոսյանը 80 քմ պակաս էր գրել, մեկ քմ հաշվել 150 000 հազար դրամ:

Երբ իրանցիները դատարան բերեցին իրենց տարբերակը, առաջարկում էին երեք օրվա ընթացքում կանխիկ 65 000 դոլար գումարով գնել հողամասը: Համաձայնագրի ստորագրումից հրաժարվել են Հակոբյանները, իսկ մի քանի օր հետո՝ ապրիլի 10-ին դատարանը վճիռ կկայացնի:

Ըստ Անահիտ Հակոբյանի. «Դա պարտադրանքի պայմանագիր էր, ոչ թե հաշտության: Այս համաձայնագրից պարզ դարձավ միայն, որ հողամասի սեփականատերը մենք ենք: Եթե ես համաձայնեի հաշտության համաձայնագրին, ապա նշանակում էր, որ ողջ գործարքներից, քրեական գործերից, հայցերից, տնից, գույքից պետք է հրաժարվեի, պայմանագրից երեւում է, որ իրանական կողմը ի սկզբանե հանցավոր համաձայնության է եկել Արմեն Տեր-Արսենյանի եւ Արմեն Քալանթարյանի հետ՝ մեր տունն իրենցով անելու համար»:
Այսօր վիճակը հետեւյալն է. դեսպանատունը Հակոբյանների տարածքում է: Նշյալ վիճելի տան հողը 1983 թվականին մահացած քույր եւ եղբայր Հակոբյանների հոր անունով է:
Դեսպանատունը մեկ միլիոն դոլարից ավելի արժողության տանն է, «տիրապետում» է 60 հազար դոլարի կահույքը, իսկ մոտ տասը տարի է՝ իրավապահները Հակոբյանների փողոց նետված գույքն են ման գալիս, «գող բռնում», նկուղը փակ է: ԱԱԾ-ն էլ այդ ժամանակ հսկել է տարածքի անվտանգությունը Հակոբյաններից…

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

07,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930