Երեկ Հովիկ և Արգամ Աբրահամյանների մեկենասությամբ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղադրվեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հովիկ Աբրահամյանը:
Նախկին վարչապետը արարողությունից հետո պատասխանել է NewsBook-ի լրագրողի մի քանի հարցերին: Զրույցը ներկայացնում ենք ստորև.
– Պարոն Աբրահամյան, իշխանությունից օտարվելու պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Ի վերջո, ինչո՞ւ լքեցիք ՀՀԿ-ն:
– Օտարվելու որևէ խնդիր չկա, ես ուղղակի զբաղվեցի իմ որդու ընտրություններով: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել Արարատի մարզի բնակչությանը, որ իրենց քվեն տվեցին իմ որդուն:
Կարդացեք նաև
Ես հասկացա, որ իմ որդին վաստակել է այդ հարգանքը: Ես կարծում եմ, որ դա տարիների արված գործի պատասխանն էր: Ես շնորհակալ և շատ ուրախ եմ, որ Արարատի մարզի բնակչությունը գնահատեց մեր ընտանիքի արված աշխատանքը:
– Երկար տարիներ ՀՀԿ-ի առանցքային դեմքերից եք եղել և մի օրում որոշելն ու հեռանալը բազմաթիվ հարցեր առաջացրեցին:
– Դա մի օրվա որոշում չի եղել, իմ որոշումը եղել է հստակ, և ես կարծում եմ, որ իմ որոշումը ճիշտ է եղել ինձ համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իմ արած գործը և՛ կուսակցությունում, և՛ պետության մեջ կարող է մոռանալ: Եվ կարծում եմ, որ դրա պատասխանը ես ստացա և պատահական չէ, որ մի քաղաքի քաղաքապետը մի ամբողջ կուսակցության չափ ձայն է ստացել:
– Ձեր ապագան քաղաքական դաշտում ինչպե՞ս եք պատկերացնում:
– Ամեն ինչ դեռ առջևում է:
– Սպասե՞նք Ձեզ:
– Այո:
– Շատերը Ձեզ պարտված են համարում:
– Բայց ես որտե՞ղ եմ պարտվել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «NewsBook»-ի կայքում: