Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափիդ մեջ մնա, կին արարած ես, վաղը մյուս օր չգնաս, չնստես»․ Շիրակի մարզպետը՝ իրեն «մրոտողին» (Տեսանյութ)

Ապրիլ 07,2017 22:07

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին տեղեկացրել էր, որ Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի՝ Շիրակի մարզի դատախազությանը հասցեագրված դիմումի համաձայն, թե իրենից կոնկրետ գումարի չափով կաշառք են պահանջել նույն դպրոցի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի հատկանիշներով։

Նշենք, որ ըստ shamshyan.com-ի էլ, Գոհարիկ Շահբազյանը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հանդիպելու նպատակով դիմել է մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանին, որը խոստացել է կազմակերպել հանդիպումը, իսկ տնօրենի պաշտոնում վերականգնվելու դիմաց պահանջել է 6 միլիոն դրամ։

Այս թեմայի շուրջ մենք պարզաբանումներ խնդրեցինք նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից։ Վերջինս նշեց․ «Աբսուրդի դաշտից է, որ իմ օգնականը իրենից ինչ-որ բաներ պահանջի։ Ես չէի էլ ուզենա անդրադառնալ սրան, իմ պատկերացմամբ ես ավելի լուրջ աշխատանքային հարցեր ունեմ, քան թե սրանով զբաղվեմ։ Պետք չէ մարդկանց մրոտել, իհարկե՝ սա ընդամենը մրոտել է, որ մարդու անվան հետ խաղան, կարող է տասը պատկերացնեն, տասը՝ չպատկերացնեն։ Ես վրդովված եմ, թե ինչպես կարելի է ասել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում, ինչպես կարելի է մարդկանց էդ աստիճան մրոտել, մարդկանց անվան հետ խաղալ։ Սա վերաբերում է իմ օգնականին, որովհետև ես չեմ էլ պատկերացնում, թե էդ մարդը ինչի՞ համար պիտի պահանջեր կամ ի՞նչ իրավունք ուներ պահանջեր։ Ես ուղղակի խնդրում եմ, որ մենք ավելի լուրջ թեմաներ լուսաբանենք, քան այս անհիմն հայտարարությունները։ Ես ցավում եմ նախ, որ ստիպված կլինեմ վաղը մյուս օր կին արարածը պատասխան պիտի կրի օրենքով սահմանված կարգով»։

Նշենք, որ մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանը ևս դիմում է ներկայացրել դատախազություն՝ Գոհար Շահբազյանին մեղադրելով սուտ մատնության մեջ։

«Վստահ եղեք, այդ կինն էլ թող վստահ լինի, որ այս դիմումը, որը ներկայացվել է իմ օգնականի կողմից դատախազություն, մինչև վերջ կգնա ու իր պատասխանը կստանա։ Ես ուղղակի հորդորում եմ իրեն՝ թող ինքը մնա իր չափի մեջ, մարդկանց անվան հետ չխաղա, որ մի փոքրիկ տեղ թողնի, որ կին արած լինելով՝ վաղը մյուս օր չգնա, չնստի։ Իսկ եթե ինքը շարունակի էս կարգով, էս ձևով, հաստատ վստահ եղեք, որ մինչև վերջ էս ամբողջը կբացահայտվի ու սուտ մատնության համար ինքը պատիժ կկրի։ Ես ուղղակի հորդորում եմ, որ ինքը հանդարտվի, չի նշանակվել, պիտի հանդարտվի, տարիներ առաջ մեկ ուրիշը չի անցել, և էստեղ որևէ խախտում չկա», -ասաց մարզպետը։

Նա մեջբերեց նաև ժողովրդական ասացվածքը՝«Չոր կեղտը չի կպնում մարդկանց փեշերին»։Հովսեփ Սիմոնյանի ասելով, տիկինն այնպիսի բաներ է խոսում, որ իրենից հազար կիլոմետր հեռու է։

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է դպրոցի տնօրենի պաշտոնի նշանակման համար կոնկրետ գումարի չափ նշվում․ տիկնոջ բողոքի մեջ 6 միլիոն դրամ է գրված, որտեղի՞ց է վերցված գումարի չափը, Հովսեփ Սիմոնյանն ասաց․ «Ես ի՞նչ գիտեմ որտեղից է վերցված, իրան պիտի հարցնենք՝ որտեղից է վերցված։ Թող գրեր 10 միլիոն, թող գրեր 5 միլիոն, ինչ գիտե՞մ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930