Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը խանգարեց «Ելքին» գրանցել կանխատեսվող 10 տոկոս ցուցանիշը

Ապրիլ 07,2017 18:30

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներն էլ փաստեցին, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները մոտ էին իրականությանը:

Պարոն Նավասարդյանն այս առիթով մանրամասնեց. «Մենք ճիշտ ենք կանխատեսել, թե ովքեր են անցնելու խորհրդարան: Մեր ստացած արդյունքները փաստել են, որ ոչ ՕՐՕ-ն, ոչ ՀՎԿ-ն չեն անցնելու խորհրդարան, այդպես էլ եղավ: Հիմնականում հենց ՕՐՕ-ի և ՀՎԿ-ի ներկայացուցիչներն էին թերահավատորեն մոտենում մեր հարցումներին, պնդում, թե հաղթելու և հավաքելու են մեծ քվեներ: Այնինչ մեր հրապարակած արդյունքները բավականին մոտ են այն քվեներին, որ իրենք ստացան:

«Ծառուկյան» դաշինքը և մյուս կուսակցություններն ավելի քիչ էին բացասաբար վերաբերվում հարցումների արդյունքներին, քան նույն ՕՐՕ-ի և ՀՎԿ ներկայացուցիչները, որոնք պնդում էին, որ ընդհանրապես «Գելափ» անունով կազմակերպություն չկա, և Վարդան Օսկանյանը նաև մեր հանրությանը փորձում էր մոլորեցնել, թե նման հարցումներ պետք չեն»: Արամ Նավասարդյանը չցանկացավ քննարկել, թե ինչ են եղել ՕՐՕ-ի պատվիրած հարցումները և որքանով է արժանահավատ այն, թե դա եղել է թվանկարչություն, «ինչպես իրենք են սիրում արտահայտվել», բայց պարոն Նավասարդյանը փաստեց, թե «նրանց ստացած արդյունքներն ընդհանրապես չեն համընկնում ԿԸՀ-ի տվյալների հետ»:

Մեր այն հարցին՝այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ի պարագայում տոկոսների այդքան մեծ տարբերություն գրանցվեց` իրենց կանխատեսմամբ 29.4%, ԿԸՀ հրապարակած արդյունքներով՝ 49.15%, պարոն Նավասարդյանն արձագանքեց`հիշեցնելով, թե իրենք ժամանակին էլ հայտարարել են, որ չեն ուսումնասիրել ռեյտինգային թեկնածուների իրականացրած քարոզարշավը, ուստի արդյունքները հնարավոր է փոփոխվեն. «ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները հավաստում են, որ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների աշխատանքը եղել է ավելի արդյունավետ քան մյուսներինը»:

Հիշեցրինք, թե ՀՅԴ-ի գրանցելիք արդյունքն ըստ իրենց ուսումնասիրությունների` 4.8% էր, այնինչ ԿԸՀ-ի տվյալներով` այդ կուսակցությունը հավաքեց 6.58%: Պարոն Նավասարդյանը պարզաբանեց. «Այդ տվյալը մինչև մարտի 20-նն էր: Հաշվի առեք տասն օրվա քարոզարշավը, գումարած երկու-երեք ռեյտինգային թեկնածուները, որոնք ևս մեծ ձայներ են հավաքել, ինչը ևս կուսակցությանը տոկոսների ավելացում է բերել»:

Արամ Նավասարդյանի դիտարկմամբ՝ պետք է հաշվի առնել նաև հարցմանը մասնակցած այն 17.5 տոկոսին, որոնք դժվարացել էին կամ հրաժարվել էին պատասխանել: Այս առիթով պարոն Նավասարդյանն ասաց. «Պարզ էր, որ այդ քվեները բաշխվելու էին կուսակցությունների միջև, բայց չէինք պատկերացնում, որ այդ քվեները հիմնականում կգնային իշխող կուսակցությանը: Դրանք կամ համամասնորեն կամ ընդդիմադիր ուժերի վրա էին բաշխվում սովորաբար: Դրանք այն քվեներն էին, որոնց վրա աշխատեցին ռեյտինգային թեկնածուները»:

Մեր այն հարցին կարելի՞ է համարել, որ դա հենց այն լյումպենացված մասսան էր, որ ընտրակաշառքով է քվեարկել, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ամբողջապես պնդել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ դրանք բաշխվեցին ամենաուժեղ ռեյտինգային թեկնածուների միջև»:

Պարոն Նավասարդյանին հիշեցրինք իրենց հասցեին հնչող քննադատությունները, թե «թվանկարչությամբ են» զբաղվել, կամ Ստեփան Սաֆարյանի այն դիտարկումը, որ հարցումները, որոնք ընտրողին հասկացնում էին, թե «Ազատ դեմոկրատները» շանս չունեն, մեծ ազդեցություն ունեցան ընտրազանգվածի վրա: Նա արձագանքեց. «Քննադատողներին նախ խորհուրդ եմ տալիս լինել գոնե քչից-շատից գրագետ ու կարդալ, հասկանալ, որ թվերը ինչ կազմակերպություններ են հրապարակում: Էքսիթ փոլն այլ կազմակերպություններ են անցկացրել, մենք այլ կազմակերպություն ենք»:

Դառնալով «Ազատ դեմոկրատների» գրանցած արդյունքին` պարոն Նավասարդյանն ասաց. «Ազատ դեմոկրատների» ցուցանիշը մեզ համար զարմանալի էր, քանի որ մեր տվյալներով՝ մոտ 4 տոկոս էին հավաքում: Արդյունքները ցույց են տալիս այն, որ ռեյտինգային թեկնածուները բավականին վատ են աշխատել, ինչը փորձում էին բարդել կուսակցության ոչ հայտնի լինելու վրա: Չեմ կարող ասել, որ «Ազատ դեմոկրատները» շատ հայտնի էին հանրության շրջանում, բայց եթե, օրինակ, ռեյտինգային թեկնածուներից Հրանտ Բագրատյան, կամ Ստեփան Սաֆարյանն իրենք իրենց ունեցած քվեները ցույց տային, կուսակցությունն անցնելու խնդիր չպետք է ունենար»:

Պարոն Նավասարդյանը նշեց, թե երբ իրենք նոյեմբերին հրապարակել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ ԲՀԿ-ն բարձր վարկանիշ ուներ մարզերում, այդ ուժի կողմից իրենց հասցեին գովասանքի խոսքեր են հնչել, մինչդեռ երբ իրենց երկրորդ ուսումնասիրության արդյունքները հրապարակեցին, ու ՀՀԿ-ն առաջ անցավ «Ծառուկյան» դաշինքից, սկսեցին դժգոհել ու իրենց քննադատել:

Ըստ Արամ Նավասարդյանի` «Ելքի» ցուցանիշը կարող էր հասնել մինչև 10 տոկոսի, մինչդեռ ըստ նրա` այդ դաշինքին խանգարեց այն, որ քարոզարշավի վերջին տասն օրվա ընթացքում սկսեցին փոխադարձ թիրախավորումը ԲՀԿ-ի հետ. «Չհասկացա` ինչու այդ խնդիրն առաջ եկավ, երբ նույն Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը միայն խոսում էին ՀՀԿ-ի դեմ, բայց չգիտես ինչու վերջին տասն օրվա ընթացքում Արամ Սարգսյանի կողմից ակնհայտ ագրեսիա և թիրախավորում եղավ «Ծառուկյան» դաշինքի դեմ և հակառակ հարվածներ եղան այդ դաշինքի կողմից դեպի «Ելք»: Մինչդեռ երկուսն էլ վերջին տասն օրվա մեջ կարող էին առավել բարձր ցուցանիշներ գրանցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930