Բենզինը, շաքարավազը, ծխախոտը, բանանը, երշիկեղենը, ալյուրը թանկացել են: Սպառողները այս ապրանքային շուկաներում թանկացումներ նկատեցին անմիջապես ընտրություններից հետո: Հետընտրական թանկացումները քաղաքացիները պայմանավորում են ընտրություններին ծախսած գումարները հետ բերելու օլիգարխների գործելաոճով, որոնց մի մասն ակտիվ ներգրավված էին ընտրական գործընթացներում:
Այս տեսակետը, սակայն, չեն կիսում պաշտոնական աղբյուրները: Երեկ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը ասուլիսում հայտարարեց, որ գնաճն արձանագրվել է հունվար-մարտ ամիսներին:
Ապրիլի մասով ԱՎԾ-ն դեռ ուսումնասիրություն չուներ:
Կարդացեք նաև
Քանի դեռ ապրիլ ամսվա տվյալները չկան, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը չի շտապում թանկացումները հետընտրական որակել:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Խաչատրյանն ասաց, որ կարելի է ենթադրել, որ ընտրությունների վրա ծախսած գումարները կփորձեն հետ բերել, նրանք, որոնք ունեն լծակներ եւ հնարավորություն այդ գումարները հետ բերելու, սակայն մեր զրուցակիցը դրա վերաբերյալ գնահատական տալ չցանկացավ` մինչեւ չհրապարակվեն ԱՎԾ ապրիլ ամսվա տվյալները:
«ԱՎԾ-ն ամփոփել է մինչեւ մարտը, իսկ մարտը ոչ թե հետընտրական, այլ նախընտրական պրոցես էր, այսինքն` այն մարդիկ, որոնք ձեւակերպում են տալիս` հետընտրական թանկացում, դեռեւս ամբողջ վիճակագրական բազան չունեն»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:
Պարոն Խաչատրյանը գտնում է, որ հետընտրական թանկացումներով պետք է զբաղվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` ՏՄՊՊՀ-ն: Ըստ նրա, ՏՄՊՊՀ-ն պետք է հիմնավորի այդ գնային բարձրացումները հիմնավոր են, թե` ոչ. «Հանձնաժողովի դերն այնքանով ուժեղ պետք է լինի, որ այս պահի դրությամբ ցույց տա, որ միջազգային շուկաներում չկա որեւէ նման գործոն եւ գնի բարձրացումը ներքին ցանկության հիման վրա է տեղի ունենում: Դա, այսինքն, սուբյեկտիվ գործոն է, որը կոնկրետ տնտեսվարողը կարող է ցուցաբերել, ՏՄՊՊՀ-ն այդ գործոնից ելնելով՝ պետք է իր վերահսկողության կամ մոնիտորինգի գործոնը կիրառելով դրա վերաբերյալ տա ուսումնասիրություն, որպեսզի ցույց տա ինչի արդյունքում է տեղի ունենում, իսկ եթե ինչ-որ ծախս չափի մեջ է, վերջիններս փորձելու են գտնել տարբեր հիմնավորումներ` սկսած նրանից, որ միջազգային գները աճել են՝ ապացուցելու համար իրենց ճիշտ լինելու հանգամանքը»:
Վիլեն Խաչատրյանը վերջին մի քանի օրերի թանկացումները նաեւ պայմանավորում է կանանց տոնի` ապրիլի 7-ի հանգամանքով. «Այս շրջանում մարդիկ գնելու ցանկություն ունեն, առաջարկ կա, այս օրերին նաեւ այդ գործոնն է աշխատել»:
Aravot.am-ը նույնպես մի քանի խանութներում ու սուպերմարքեթներում հարցուփորձ արեց, թե որ ապրանքը որքան է թանկացել:
Այսպես` արձանագրեցինք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում շաքարավազը 390 դրամից դարձել է 410-450 դրամ, ծխախոտը թանկացել էր 50 դրամով, երշիկեղենի գները` մասնավորապես տեղական արտադրության, ավելացել էին 100-200 դրամով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները` Նելլի ԲԱԲԱՅԱՆԻ