Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Վանաձոր՝ Օձունի վտանգավոր, Ստեփանավանի երկար ճանապարհներով

Ապրիլ 07,2017 16:53

2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածը:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի բնակիչները Վանաձոր հասնելու համար ստիպված են երկար, վտանգավոր ճանապարհ անցնել, Վանաձոր մեկնել Օձունով, Ստեփանավանի տարածաշրջանով:

Նախկինում, երբ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհը երթեւեկի համար բաց էր, Նոյեմբերյան-Վանաձոր ավտոբուսի տոմսի գինը 900 դրամ էր, իսկ միկրոավտոբուսինը՝1000: Այդ ճանապարհի համեմատ Նոյեմբերյան-Ալավերդի-Օձուն-Ստեփանավան -Վանաձոր ավտոճանապարհը մոտ 30 կմ ավելի երկար է: Այդ պատճառով նշված երթուղու ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեվարձն ավելի թանկ է՝ 1200 դրամ : Օձունի կտրուկ, բարձրադիր ոլորաննները վտանգավոր են երթեւեկի համար, հատկապես՝ ձմռան ամիսներին: Միկրոավտոբուսները Նոյեմբերյան-Վանաձոր ճանապարհը հաղթահարում են մոտ երեք, իսկ հին, մաշված«ՊԱԶ» մակնիշի միկրոավտոբուսները՝ երեքուկես ժամում:

Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգումը կատարվելու է հատված առ հատված, այն կշարունակվի մինչեւ 2020 թվականը: Այդ պայմաններում արդյունավետ կլիներ Այրում-Վանաձոր էլեկտրագնացքի գործարկումը: Հայաստանի երկաթուղային դարպաս հանդիսացող Այրում կայարանը թերբեռնված է աշխատում, այն գործում է իր հնարավորությունների 15 տոկոսով:

Նախկինում գործող Գյումրի-Այրում էլեկտրագնացքը անցյալ տարվանից չի աշխատում, Թբիլիսի-Այրում գնացքն օրումեջ է աշխատում: Այրումի կայարանապետ Սամվել Օհանյանն ասաց, որ ամռան-աշնան սեզոնում ավելանում է դեպի Վանաձոր ուղեւորների հոսքը: Նրան հարցրինք, թե ինչքա՞ն կարժենար Այրում-Վանաձոր էլեկտրագնացքի տոմսը եւ քանի՞ ժամում Այրումից ուղեւորը կհասներ Վանաձոր: Կայարանապետն ասաց, որ տոմսի արժեքը կլիներ մոտ 500 դրամ, երթուղու տեւողությունը ՝ 2 ժամ:

Էլեկտրագնացքի գործարկումը թույլ կտար Նոյեմբերյանի, Ալավերդու տարածաշրջանների բնակիչների, Վանաձորի ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ավելի անվտանգ, էժան եւ արագ տեղափոխումը դեպի Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930