«Ընտրությունները կարող էին վիճարկվել միայն այն դեպքում, երբ լինեին ապացույցներ ընտրատեղամասում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ»,- ապրիլի 7-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի անդամ Լենա Նազարյանը:
Նա նշեց, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, բայց նրանք այն մասշտաբը չեն ունեցել, որ կազդեին ընտրությունների արդյունքների վրա. «Դա է պատճառը, որ քաղաքական ուժերից որեւէ մեկը չուներ այն հիմքը, որ նախաձեռներ հետընտրական գործընթաց»:
Դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Ելքի»՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը, ասաց, որ քննարկվում է նաեւ Զարուհի Փոստանջյանի հետ համագործակցությունը. «Կարող եմ միանշանակ հաստատել, որ «Ելք» դաշինքը միանշանակ մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, եւ իր ցուցակում ունենալու է նոր, երիտասարդ քաղաքական դեմքերի, որոնք որ նոր են մտնում քաղաքական դաշտ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ