Ապրիլի 1-2-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է Վրաստանի VII պարային օլիմպիադան, որին մասնակցում էին պարողներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ջավախքից, Ադրբեջանից եւ Հայաստանից: Մեր երկիրը մի շարք, այդ թվում՝ ժողովրդական եւ ժամանակակից պարերի անվանակարգերում ներկայացրել է «Նոր դար» պարային համույթը՝ Մհեր Պետրոսյանի եւ Դոնա Բարեղամյանի ղեկավարությամբ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը: Համույթի կազմում հանդես է եկել նաև ժողովրդական պարերի աշխարհի կրկնակի՝ գործող չեմպիոն Գարիկ Պետրոսյանը:
«Շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ մինչեւ օլիմպիադայի սկսվելը: Տեղեկացանք, Ադրբեջանի պատվիրակության կազմում խուճապ է սկսվել, երբ իմացել են Հայաստանից ժամանած պարողների մասին: Անցած տարի հայաստանյան պատվիրակությունը Համաշխարհային պարային օլիմպիադայում ջախջախիչ հաղթանակ էր տարել, իսկ «Նոր դար» համույթը 12 ոսկե մեդալ էր նվաճել: Ադրբեջանցիները սկսեցին տեղում ինչ որ փոփոխություններ անել՝ փոխեցին անվանակարգերը, տարիքային խմբերը, անգամ՝ հայտադիմումներ հանեցին»,-Aravot.am-ին պատմեց «Նոր դար»-ի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նրա բնորոշմամբ՝ «Նոր դար»-ի պարուհիները մեկը մյուսի հետևից իրենց պարով և ժողովրդական հագուստներով հիացրել են հանդիսատեսին և խստապահանջ մրցավարական կազմին. «Մեր ներկայացրած բոլոր 14 մենապարերը, 5 զուգապարերը և 1 եռյակ-պարը գրավեցին պատվավոր առաջին տեղը, մեկ մենապար էլ՝ երկրորդ տեղը»:
Մհեր Պետրոսյանի փոխանցմամբ՝ «Նոր դար»-ն առաջիկայում պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ ժողովրդական պարերի աշխարհի առաջնությանը մասնակցելու: Հիշեցնենք, որ նախորդ պարային օլիմպիադաներից մեկում, որին եւս մասնակցել է «Նոր դար» համույթը, ադրբեջանական պատվիրակությունը փորձել է խոչընդոտել խմբի ելույթներին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ