«Ընտրական համակարգում մենք շատ խնդիրներ լուծել ենք»,- այս կարծիքին է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Նիկոյանը հիշեցնում է`հինգ տարի առաջ մամուլը գրում էր կրկնաքվեարկությունների, ընտրական կարուսելի, մահացածների եւ հանրապետությունից դուրս գտնվողների փոխարեն քվեարկությունների, լցոնումների, ձայները սխալ հաշվելու, ընտրակաշառքի մասին. «Փառք Աստծո, հիմա այդ նախորդ քննադատություններից ձերբազատված ենք: Ոչ բողոք կա, ոչ փաստեր կան իմ թվարկած երեւույթների վերաբերյալ»:
Ըստ նրա, մամուլում շրջանառվում են ընտրակաշառքի մասին խոսակցություններ ու բոլորը դրան են հղում անում: «Եթե մամուլի ներկայացուցիչները փաստ ունեն`թող դիմեն համապատասխան մարմիններին, ոչ թե լուրեր շրջանառեն»,- հորդորում է Սամվել Նիկոյանը`հավելելով. «Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են: Դրանից հետո մամուլը այլեւս չի կարող եւ երեւի թե չի էլ համարձակվի գրել ընդհանուր առմամբ ընտրակաշառքի մասին»:
Հարցին`վստահեցնում եք, որ այս անգամ ընտրակաշառք չի՞ բաժանվելու, Սամվել Նիկոյանը հակադարձեց. «Եթե ես ձեր հարցին պատասխանեմ, նշանակում է, որ ընդունում եմ, որ խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք է բաժանվել: Եթե դուք կամ որեւիցե մեկը գիտեք`այս մարդն ընտրակաշառք է բաժանել, որեւիցե մեկն էլ վերցրել է` դիմեք պատկան մարմիններին: Խոսքը վերաբերում է մամուլում հրապարակվող տեղեկություններին: Սկզբից ասվում էր` խոստումներ կան ընտրակաշառքի, հետո, մամուլում շրջանառվում է, որ մի տեղ եղել է, մի տեղ չի եղել: Եթե որեւէ լրագրող հարց է տալիս`ասում եմ`իսկ ձեզ տվե՞լ են, ասում է`ոչ, մամուլում է շրջանառվում: Հետեւաբար, եթե ես որեւիցե բան պատասխանում եմ, նույնպես հղում եմ անում մամուլի վրա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ