Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանությունից հետո իրավիճակը չի հանդարտվում. փորձել են սպանել գործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանին։
Հայկ Հակոբյանը սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12։30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի– Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել։ Սպանության մեջ մեղադրվում է Նորատուսի բնակիչ 19-ամյա Մեխակ Հարությունյանը։ Վերջինիս օրեր առաջ՝ մարտի 25-ին, «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են սպանել։ Այս դեպքի վերաբերյալ թեեւ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ էր տարածել, սակայն այդպես էլ չէր նշել, որ կալանավոր Մ. Հարությունյանը նույն ինքը՝ Մեխակ Հարությունյանն է։
Մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել Մեխակ Հարությունյանին։ Հիշեցնենք, որ նա Նորատուսի գյուղապետի եղբոր՝ Չոլի շուն մականունով հայտնի Արտակ Հարությունյանի որդին է։
Այս դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի կողմից։ Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ. Հարությունյանը (խոսքը Մեխակ Հարությունյանի մասին է,-հեղ.)։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող- ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով, դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը, նա նաեւ վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում։
Մեզ հաջողվեց պարզել, որ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին, նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է։ Վերջինս, սակայն, միայնակ չի գործել, նրան «օգնության է հասել» մեկ այլ դատապարտյալ եւ փորձել սահմանափակել ՔԿՀ աշխատակցի շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից եւ շտապել դեպի Մեխակ Հարությունյանի խուց։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում