Այս հարցը քննարկվում է ինչպես քաղաքագետների, լրագրողների, այնպես էլ միջազգային դիտորդների, դիվանագետների կողմից: Իսկապես, և կուսակցությունները (իհարկե, բացի ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից), և տեղական անկախ դիտորդները, նույնիսկ միջազգային դիտորդները, վերջիններս, բնականաբար, դիվանագիտական լեզվով, հայտարարում են ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում համատարած ընտրակաշառքների, ընտրողներին ուղղորդելու, նրանց քվեարկությունը վերահսկելու փաստերի մասին:
Արդ, այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ քաղաքական ուժերը, բացի մամլո ասուլիսներ և հայտարարություններ անելուց, բողոքի ալիք չբարձրացրեցին և, իմ կարծիքով, չեն էլ բարձրացնի:
Տեսակետներից մեկը, որի հետ կարելի է մասամբ համաձայնել, այն է, որ Հայաստանում հասարակությունը իշխանափոխության հույսը կապում է, կամ կապում էր, նախագահական ընտրությունների հետ, և խորհրդարանական ընտրությունների հետ հույսեր չի կապում: Եվ քանի որ ժողովուրդը չգիտակցեց, որ այլևս նախագահական ընտրություններ չեն լինելու, այս ընտրություններին լուրջ չվերաբերվեց, իսկ ընդդիմադիր ուժերը «չկարողացան այն բացատրել ժողովրդին»: Ոստի ընդդիմադիր ուժերը չեն կարող դժգոհությունը դարձնել համաժողովրդական ընդվզում:
Իրականում, կարծում եմ, մենք գործ ունենք հմտորեն բեմականացրած սցենարի հետ:
Կարդացեք նաև
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր իշխանությունը երկարաձգելու համար, ինչպես ասում են՝ օդ ու ջրի պես անհրաժեշտ էր «անցկացնել» սահմանադրական փոփոխությունները:
Այս նախաձեռնության հիմնական խոչընդոտը դեռևս 2011թ. ձևավորված, արդեն 2014-2015թթ. թափ հավաքած ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ ընդդիմադիր դաշինքն էր, որտեղ առաջին ջութակի դերը կատարում էր ԲՀԿ-ն՝ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանով:
2015թ. փետրվարի 12-ի ՀՀԿ ակտիվի հայտնի նիստում Սերժ Սարգսյանը սպառնալիքներով ջախջախեց և դուրս մղեց քաղաքականությունից իր հիմնական հակառակորդ Գագիկ Ծառուկյանին, որի արդյունքում փլուզվեց ընդդիմադիր դաշինքը և հարթվեց սահմանադրության անցկացման խաղաղ ճանապարհը:
Սրան հետևեց ԲՀԿ-ից արմատական թևի առանձնացումը և «Համախմբում» կուսակցության ստեղծումը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Իսկ արդեն անդեմ ԲՀԿ-ն ձեռնամուխ եղավ նախկինում իրենց իսկ կողմից մերժված սահմանադրական փոփոխություններին աջակցմանն ու քարոզչությանը:
Ահա և մոտեցան արդեն Սերժ Սարգսյանի համար կենսական նշանակություն ունեցող խորհրդարանական ընտրությունները: Չեմ ուզում անդրադառնալ նոր, այսպես կոչված «կոնսեսուսային» օրենսգրքի խորամանկ դրույթներին, քանի որ Սերժ Սարգսյանի համար ավելի կարևոր էր ընտրության, ավելի ճիշտ՝ քվեարկության խաղաղ, առանց լուրջ ցնցումների անցնելը:
Այստեղ արդեն հիշվեց 1998թ. կիրառված տեխնոլոգիան՝ Կարեն Դեմիրճյանի ֆենոմենը: Ինչպես Կարեն Դեմիրճյանը 1998թ. պալատական հեղաշրջումից հետո, արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հայտնի տրիումվիրատի (Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) կողմից ներմուծվեց որպես նախագահի թեկնածու՝ որպես բուֆեր, չեզոքացնելու համար 1996թ. նախագահական ընտրություններում փաստացի հաղթած Վազգեն Մանուկյանի հնարավոր հաջողությունը, այնպես էլ այժմ ներմուծվեց, արդեն նախագահի կողմից շքանշան ստացած, անվտանգ, վերահսկելի, բայց դեռևս ժողովրդի կողմից «փրկիչ» համարվող Գագիկ Ծառուկյան ֆենոմենը: Եվ չնայած Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային հայտարարությանը. «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իրականում, համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը եղել է նույն սպառնալիքի տակ, ինչպես որ եղել է 2015թ. նրա հեռանալը:
Հստակ տեղեկություններ չունեմ, բայց կարծում եմ, որ «Ծառուկյան» դաշինքին միանալու փորձեր են արել «Համախմբումը», «Ժառանգությունը», գուցե նաև այլ ուժեր: Սակայն բոլոր փորձերն անհաջողության են մատնվել՝ համաձայն վերևից տրված ցուցումի:
Ինչ կպատահեր, եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն: Դժվար է ասել, բայց չի բացառվում, ինչ-որ իմաստով տեղի ունենային իշխանությունների համար անկանխատեսելի զարգացումներ. այն է՝ ավելի լուրջ «Ելք» դաշինքի, իսկ առավել վտանգավոր՝ ՕՐՕ դաշինքի հնարավոր հաջողությունները: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը ստիպված կլիներ իշխանությունը պահելու համար դիմելու ավանդական ուժային մեթոդներին, և այդ դեպքում՝ էլի քաղաքական ճգնաժամ, մնաս բարով «ժողովրդավարություն», ԵՄ ֆինանսական աջակցություն և այլն:
Ընդհանրապես, չգրված կանոն կա, բողոքի ալիք բարձրացնելու բարոյական իրավունք ունի այն քաղաքական ուժը կամ գործիչը, որն ընտրությունների պաշտոնական արդյունքներով զբաղեցնում է երկրորդ տեղը: Այդպես է եղել 1996թ. Վազգեն Մանուկյանի կողմից, 2003թ. Ստեփան Դեմիրճյանի կողմից, 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից եւ 2013 թվականին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Ավելի ցածր տեղեր զբաղեցրած գործիչների կողմից բողոքի ալիք բարձրացնելը մի կողմից անհաջողության կհանգեցնի, մյուս կողմից՝ կդիտվի որպես «աբիժնիկություն»:
Եվ ինչպես 1998թ. Կարեն Դեմիրճյանը չբողոքեց, այնպես էլ այժմ Գագիկ Ծառուկյանը լռեց: Եթե գումարենք նաև, որ ընտրակաշառք բաժանելու որոշակի չափաբաժին և կեղծ դիտորդներ ունենալը թույլատրված էր նաև «Ծառուկյան» դաշինքին, պատկերն ամբողջական կլինի: Իսկ ո՞վ պետք է բողոքեր «Ծառուկյան» դաշինքից: Կարո՞ղ եք որևէ անուն տալ, այն էլ՝ առանց Ծառուկյանի համաձայնության:
Ընտրությունների ավարտին նվիրված ելույթում Սերժ Սարգսյանն ասաց. «Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է»: Սերժ Սարգսյանը հիմնականում նկատի ունի ոչ թե «Եքը» (թող ներեն ինձ «Ելքի» անդամները), որքան «Ծառուկյան» դաշինքը: Կարծեմ սահմանադրությամբ ընդդիմությանը տրվում է խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև ինչ-որ վերահսկիչ գործառույթներ: Պարզ չէ, որ դրանք անցնելու են հիմնական, այսինքն, առավել շատ ձայներ ունեցող ընդդիմությանը, այսինքն` ոչ թե «Ելքին», այլ «Ծառուկյան» դաշինքին, մանավանդ Իշխան Զաքարյանը «վերահսկողության» մեծ փորձ ունի:
Ահա և ձեզ ժողովրդավարություն հայկական ձևով:
Բայց ԵԼՔ կա՜(մեկնաբանություններն՝ ըստ ճաշակի):
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ