Դահլիճում փոքրիկ բերձորցիներն էին՝ պետական մանկապարտեզի ավագ խմբի սաները: Տոնական են հագել բոլորը և իրենց ելույթներն ու ժպիտը, գեղեցկությունը նվիրում են իրենց մայրերին, տատիկներին, քույրերին, իրենց դաստիարակներին: Գարնան և կանանց տոների միամսյակն այստեղ ավարտվեց «Միսս մանկապարտեզ» հանդեսով:
Մանկապարտեզի ավագ խմբի 38 երեխաներից 14-ն աղջիկներ են, ովքեր իրենց ելույթներով մրցեցին ու արժանացան ներկաների ծափողջույններին, սիրուն և տարբեր անվանակարգերում՝ մրցանակների:
Հանդեսին մասնակից եղան նաև տղաները՝ խորհրդանշելով ուժն ու արիությունը, իրենց քույրերի ու մայրերի պաշտպան-զինվորը: Յուրաքանչյուր ելույթ՝ անհատական ու խմբային՝ պար, երգ, հումոր գնահատվում էր հանձնախմբի կողմից: Սակայն առավել գնահատանքի էր արժանանում հանդիսատեսի կողմից:
Կարդացեք նաև
Հանդեսի ավարտին մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանը շնորհավորեց ներկա կանանց՝ տոների առթիվ, գոհունակություն հայտնեց փոքրիկների ելույթների համար՝ նշելով նաև, որ Բերձորի ազատագրման 25 ամյակի առթիվ նույն խմբի տղաների համար կկազմակերպվի «Միստր մանկապարտեզ» հանդես-մրցույթ:
Այնուհետև յուրաքանչյուր անվանակարգում հաղթած աղջնակ հանձնախմբի կողմից ստացավ իր պարգևը՝ ժապավենը՝ «Միսս հմայք, Միսս թագուհի» և այլ գրառումներով: Հանդեսին ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, շրջանային զինղեկ Ստեփան Օհանջանյանը, շրջարհմիության նախագահ Աստղիկ Ավանեսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը:
Հանդեսին ներկա և հանձնախմբի անդամ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացուցիչ Ինգա Այվազյանը փոքրիկների ելույթը բարձր գնահատեց և հայտնեց շնորհակալություն նրանց դաստիարակներին, հանդեսի կազմակերպիչներին: Տնօրեն Ի. Բաբայանը տեղեկացրեց, որ հանդեսի կայացման գործում մեծ է խմբի դաստիարակներ Լուսիկ Գեղամյանի, Ալլա Գուլակյանի, երաժշտական ղեկավար Լիաննա Սարգսյանի, պարուսույց Էլինար Հայրապետյանի և մանկապարտեզի բոլոր աշխատակիցների դերը:
Ներկա լինելով հանդեսին՝ ակամայից հիշեցի անցած տարի այս օրերը: Նույն փոքրիկներն այցելեցին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմեր վառեցին ու աղոթեցին, որ խաղաղություն տիրի Հայոց երկրում, որ մեր սահմանապահ զինվորները զերծ մնան փորձանքից, ողջ ու առողջ տուն վերադառնան իրենց հայրերն ու պապերը, եղբայրները, ովքեր նույն օրերին կամավոր առաջնագիծ էին մեկնել: Եկեղեցում էին երեխաները, երբ լուր հասավ զինադադար կնքվելու մասին: Փոքրիկներից մեկն ուրախությամբ ու հուզված ասաց.
-Աստված Պապիկը լսեց մեր աղոթքը:
Հուսանք փոքրիկների աղոթքը մշտապես կլսվի Արարչի կողմից, և Հայոց երկրում ու ողջ աշխարհում խաղաղությունը կդառնա տիրող:
Զոհրաբ Ըռքոյան