Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակութային ոլորտում նոր ավետումների եմ սպասում»

Ապրիլ 07,2017 15:00

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի դիտարկումները:

Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասին հաճախ ենք լսում, որ մշակութային այս կենտրոնը, գոնե անկախության շրջանում, մի ամբողջ նախարարության գործ է անում: Մշտապես կազմակերպվում են ոչ միայն հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, նշվում անվանի գրողների հոբելյաններ, այլ նաեւ անցկացվում են մշակութային այլ ոլորտները ներկայացնող միջոցառումներ եւս:

Օրինակ, ապրիլի 6-ին, երբ «Առավոտը» այցելեց գրադարան, ակամա մասնակից դարձավ «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի (մեկնարկել է մարտի 21-ից եւ կշարունակվի մեկ ամիս) հերթական՝ «Հեքիաթի ժամ» խորագիրը կրող միջոցառմանը, որի շրջանակներում երեխաների համար հեքիաթներ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանները կամ մշակութային կցորդները:
Ֆրանսիական ժողովրդական «Ալվան ծաղիկը» հեքիաթի թումանյանական թարգմանությունը ընթերցում էր ՀՀ-ում Կանադայի հյուպատոս Արտաշես Էմինը, գրադարանի աշխատակիցն էլ հեքիաթը ներկայացնում էր ֆրանսերենով: Ցուցադրվեց նաեւ ճանաչված անիմատոր Լեւ Ատամանովի «Ալվան ծաղիկը» ֆիլմը:
Մեզ հետ զրույցում գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը (լուսանկարում) հավաստիացրեց, թե հաճախ է պատահում, երբ գրադարանի դահլիճներում, ընթերցասրահներում, այդ թվում՝ ամառային, միաժամանակ մի քանի միջոցառում է անցկացվում, ուր գրադարանի ընթերցողը՝ երեխայից մինչեւ կայացած գիտնական, գրադարանում գտնում է իրեն հետաքրքրող նյութն ու ժամանցային ծրագիրը: Մեր զրուցակցի խոսքերով. «Մեզ մոտ են ծնվում շատ գրքեր, օրինակ՝ այս պահին գրող, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, շուրջ 30 գրքի հեղինակ Սերգեյ Գալստյանը հենց գրադարանում է աշխատում իր «Ֆրունզե Դովլաթյան» գրքի վրա՝ նվիրված անվանի ռեժիսորի 90-ամյակին»:

ՀՀ-ում Կանադայի հյուպատոս Արտաշես Էմինը «Ալվան ծաղիկը» ընթերցելիս:

Հիշեցնելով ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի վերջերս հնչեցրած միտքը, թե փորձ է արվում գրադարանները դարձնել ընտանեկան ժամանցի ու հանգստի կենտրոն, Հասմիկ Կարապետյանը արձագանքեց. «Ոլորտի լավատեղյակ ցանկացած մարդ կարող է փաստել, որ Իսահակյանի անվան գրադարանը վաղուց արդեն ոչ միայն տեղեկատվական կենտրոն է, այլեւ ժամանցի վայր, ինչը պայմանավորված է այցելուների քանակով, որոնց թիվն օրական անցնում է 1000-ից: Մշակութային բազմաբնույթ նախասիրությունների (երաժշտարվեստ, կինո, թատրոն, կերպարվեստ) տեր մարդիկ մասնակցելով գրադարանում անցկացվող քննարկումներին, տարբեր ակումբների գործունեությանը եւ այլն, բավարարում են իրենց հետաքրքրությունները»: Հավելեց նաեւ, թե ուրախ կլինի, որ հայաստանյան ցանկացած գրադարան դառնա ընտանեկան ժամանցի ու հանգստի կենտրոն: «Ապրիլի 7-ը մայրության եւ գեղեցկության տոն է՝ ավետում: Անձամբ ես մշակութային ոլորտում նոր ավետումների եմ սպասում»,- խոսքը եզրափակեց տիկին Կարապետյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930