Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում 30 հազար հայ կա, որից 6 հազարը` երեխաներ

Ապրիլ 07,2017 10:39

Սիրիայում օդուժի հարվածներից հայ համայնքից տուժածներ չկան

«Սիրիայի Իդլիբ քաղաքի փողոցներում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման արդյունքում խեղդամահ լինող եւ մահացող երեխաների լուսանկարները սարսափազդու են: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի եւ նրանց ընտանիքների հետ են»,- նախօրեին այսպիսի հայտարարություն տարածեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը` հղում անելով կազմակերպության գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենն արձագանքել էր օրերս Սիրիայում երեխաների եւ ընտանիքների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկություններին:
«Եթե այս փաստը հաստատվի, մեր զայրույթը շարժելուց անդին` այս հարձակումները պետք է պարտադրեն իշխանություն եւ կարողություն ունեցողներին վերջ դնել այս ավերիչ բռնությանը»,- ասված է Էնթոնի Լեյքի հայտարարության մեջ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը կարծում է, որ նմանատիպ «սարսափելի զենքի ենթադրվող կիրառումը չպետք է աննկատ դարձնի Սիրիայի այլ քաղաքներում, այդ թվում` Հալեպում, Դամասկոսում, Համայում տեղի ունեցող բռնությունները, եւ ոչ էլ անուշադրության մատնվեն պաշարման մեջ գտնվող եւ մարդասիրական օգնությունից զրկված ավելի քան 280.000 երեխաների առօրեական տանջանքները»:

Հաշվի առնելով Սիրիայում հայկական մեծ համայնք ունենալու հանգամանքը՝ «Առավոտը» Սփյուռքի նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ ունեն, արդյոք նշյալ միջադեպի պատճառով տուժածների թվում մեր հայրենակիցներից էլ կա՞ն:

Հիշեցնենք, որ 2-3 օր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգում օդային հարվածների հետեւանքով մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ կային, այդ թվում եւ երեխաներ: Զոհվածները հիմնականում խաղաղ բնակիչներ են:

Միջազգային կազմակերպությունները կասկածներ ունեին, որ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այդ տարածքի վրա հարձակման ժամանակ սիրիական բանակը կամ ռուսական օդուժը օգտագործել են քիմիական զենք:
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ հարձակումից հետո մարդկանց մոտ սկսվել է խեղդոց:

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ Սփյուռքի նախարարությունից հայտնեցին, որ միջադեպից հետո կապվել են տեղի հայկական համայնքի հետ եւ տեղեկացել, որ նշյալ նահանգում, որտեղ տեղի են ունեցել օդային հարվածները, հայեր չեն բնակվում, եւ հայկական համայնք չունենք:

Նախարարության պատասխանատուների տվյալներով՝ այս պահին Սիրիայում կան թվով 30 հազար հայեր, որոնց մեծ մասը բնակվում է Հալեպում, նրանցից 6 հազարը երեխաներ են:

Միջադեպի հաջորդ օրը հայկական համայնքի թերթը` «Գանձասարը», հղում անելով սիրիական բանակի հրամանատարության հայտարարությանը, տեղեկացրեց, որ վերջինս հերքել է քիմիական եւ թունավոր գազեր օգտագործելու հանգամանքը:
Տեղեկությունը, ըստ «Գանձասարի», հերքել է նաեւ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ սիրիական բանակը նման քայլի չէր դիմի, բայցի այդ, բանակն ընդհանրապես քիմիական զենք չունի:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

07,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930