Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ. Թող Տիրոջ Ամենախնամ Աջի հովանու ներքո բոլոր մայրերը ուրախ սրտով գրկեն իրենց մանուկներին

Ապրիլ 07,2017 10:27

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին և օրիորդներին:

Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք և փոխանցվում է Սուրբ Ավետման հրեշտակաձայն հորդորը՝ ուրախ լինելու, քանզի Տերը ձեզ հետ է (հմմտ. Ղուկաս Ա 28): Դարեր շարունակ այս լուսաբեր ավետիսով քաջալերվել և զորացել է քրիստոնյա մեր ժողովուրդը, իսկ մեր մայրերն ու քույրերը օրինակ ունենալով Սուրբ Մարիամ Աստվածածնի կատարյալ մոր տիպարը՝ իրենց զավակներին կրթել և դաստիարակել են հավատով, առ հայրենին սիրով ու նվիրումով և անփոխարինելի իրենց նպաստը բերել ազգային-եկեղեցական ու հասարակական մեր կյանքին:

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ավետման այս նվիրական տոնի խորհրդով զորացած՝ տիկնայք, մայրերն ու օրիորդները շարունակեն արդյունավորել իրենց նվիրական ջանքերը՝ հանուն մեր երկրի առաջընթացի, մեր ժողովրդի բարօրության, իրենց ընտանիքների ամրության և երջանկության: Թող Տիրոջ Ամենախնամ Աջի հովանու ներքո բոլոր մայրերը ուրախ սրտով գրկեն իրենց մանուկներին և մեծացնեն խաղաղության ու ապահովության մեջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930