Ամերիկյան վերլուծաբանները շարունակում են քննարկել Հայաստանում քաղաքական վերջին զարգացումները: Կարնեգի հիմնադրամի փորձագետ Փոլ Ստրոնսկու կարծիքով ընտրություններում եղան ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներ:
Վերլուծաբանը ընդհանուր առմամբ լավատես է տրամադրված Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով անցումը խորհրդարանական համակարգի, սակայն առկա են նաև խնդիրներ:
«Հայաստանի քաղաքականությունն ավելի շատ կապված է անձերի և դաշինքների ակտիվության, քան ծրագրերի վերաբերյալ քննարկումների հետ: Հույս ունեմ, որ գրանցվող առաջընթացն առաջնային կդարձնի գաղափարները, ինչը կօգնի ստեղծելու ավելի արդյունավետ և ժողովրդավար համակարգ»,-ասում է վերլուծաբանը:
Ստրոնսու կարծիքով երկրի առջև գոյացել են բազմաթիվ տնտեսական և անվտանգության խնդիրներ և ձևավորվող նոր համակարգում իշխող կուսակցությունը կունենա շատ մարտահրավերներ:
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող սերնդափոխությունը, ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության շարքերում, դրական ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում