Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վախենալ ցածր գներից

Ապրիլ 07,2017 10:10

Մարտի 5-ից, երբ սկսվեց քարոզչությունը, մինչեւ մարտի 31-ը ես, աշխատանքի բերումով, ստիպված էի լսել խոստումներ պարունակող ճառերի այնպիսի հեղեղ, որ դրանք մոռանալու համար ինձ պետք կլինի մի քանի ամիս: Մարդիկ միացնում էին իրենց պոպուլիստական ձայնապնակը եւ այնպիսի թափով էին այն պտտեցնում, որ կանգնեցնել հնարավոր չէր: Իմ կարծիքով՝ հարցազրույցի ժամանակ ամեն մի պատասխանի օպտիմալ չափն է 1-1,5 րոպե: Երբ հարցազրույց տվողն ավելի երկար է խոսում, ձանձրալի է դառնում՝ ինչպիսի հանճար էլ լինի: Բայց ընտրություններից առաջ թեկնածուները խոսում են երկար «չափաբաժիններով», ամեն մի պատասխանը՝ մոտ 5 րոպե: Օրինակ՝ եթե «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցչին հարցնես, պայմանական ասած՝ ինչ եղանակ է սպասվում վաղը, նա պարտադիր կասի՝ «մեր հեղինակած 200 օրենքը», «մեր բաժանած ավանդները», «մենք միշտ ժողովրդի մատից փուշ ենք հանել», եւ այդ մենախոսությունը կտեւի ոչ պակաս, քան 5 րոպե:

Իսկ ի՞նչ էին ասում մարդիկ՝ ըստ էության: Եթե կարճ ձեւակերպենք, ապա նրանք առաջարկում էին էժանացնել ամեն ինչը՝ ոչ միայն ապրանքներն ու մթերքները, այլեւ տուգանքները, փողը, բժշկական սպասարկումը, կրթությունը: Տնտեսագետ չլինելով՝ ես հասկանում եմ, որ դա հակասում է տրամաբանությանը: Պոպուլիստների հաշվարկը անգրագետ, լյումպենացված զանգվածին գայթակղելն է: Մինչդեռ ամեն ինչ ունի իր գինը, որը ձեւավորվում է առաջարկից եւ պահանջարկից: Եթե հիվանդանոցի պատին փակցված է ծառայությունների ցուցակ, ըստ որի՝ մասնավորապես, այսինչ վիրահատությունն արժե, ասենք, 100 դրամ, իսկ իրականում շուկայական գինը 1000 դրամ է, ապա դա նշանակում է մի բան. մնացած 900 դրամը, դրամարկղ գնալու փոխարեն, դրվելու է բժշկի խալաթի գրպանը: Դրա համար էլ, ինձ թվում է, պետք է վախենալ ոչ թե բարձր, այլ ցածր գներից:
Եթե լոլիկի շուկայական գինը 1000 դրամ է, եւ ինչ-որ հրաշքով հայտնվում է մեկը, որը ամիսներ եւ տարիներ շարունակ լոլիկը վաճառում է 100 դրամով, ապա այդ ամիսների կամ տարիների ընթացքում լոլիկի արտադրությունը կփլուզվի, եւ եթե 100 դրամով բերողը դադարեցնի իր «բարեգործությունները», մենք կմնանք առանց լոլիկի: Կամ ուրիշ տեղից կբերենք 2 հազար դրամով:

Եթե այդպես է լոլիկի դեպքում, ապա ինչո՞ւ նույնը չպիտի լինի փողի պարագայում` վարկերի եւ այլն (բանկերն էլ լոլիկի փխարեն փող են վաճառում): Եթե որեւէ մեկն անի այն, ինչ առաջարկվում էր նախընտրական թոհուբոհի մեջ, դա պարզապես կփլուզի բանկային համակարգը: Նույնը վերաբերում է ցանկացած այլ բնագավառի, որտեղ գործերն առանց այդ էլ փայլուն չեն, բայց ամբոխահաճո քայլերով ընդհանրապես կքանդվեն:

Դա, իհարկե, չի նշանակում, որ հնարավոր չէ մեր տնտեսական խնդիրները լուծել: Հնարավոր է: Բայց այստեղ ոսկերչական աշխատանք է պետք, ոչ թե պոպուլիստական բառերի հեղեղ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    1991թ-ին «Հոտի բերանը հետ շրջեցին, որ կաղ ոչխարները հոտի առաջև հայտնվեն» ու «Աչքը շինելու փոխարեն հոնքն էլ հանեցին»: «Խորովածի հոտի գնացին, էշ էին դաղում» որովհետեւ «Կաշառքը մութ տեղը լույս կտա»…

  2. Seyran says:

    Այդպիսի մեկ պետություն կար ՍՍՀՄ,որը երկու ծախսում էր մեկով վաճառում:Հիմա ուր է այդ պետությունունը՝պատմության թանգարանում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930