Միջերկրական ծովում ամերիկյան նավերը թևավոր հրթիռներով հարվածել են Սիրիայի տարածքին: Tomahawk տեսակի մոտ 59 հրթիռներ արձակվել են Հոմս քաղաքի շրջանում գտնվող սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքի ուղղությամբ:
Այս նույն ավիաբազայից ապրիլի 3-ի առավոտյան սիրիական ավիացիան հարվածել էր Իդլիբի նահանգի Խան-Շեյխուն քաղաքին: Ամենայն հավանականությամբ, հարվածի ժամանակ կիրառվել է քիմիական զենք: Ավիահարվածի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի ժողովրդին ուղղված ելույթում նշել է, որ վերոնշյալ գործողությունները ձեռնարկվել են Միացյալ Նահանգների ազգային կենսական շահերը պաշտպանելու համար:
Տեղեկատվության համաձայն՝ հրթիռակոծման հետևանքով զոհվել է սիրիացի 4 զինծառայող:
Կարդացեք նաև
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ռուսական ուժերին նախնական ծանուցում են ուղարկել սիրիական ավիաբազայի ուղղությամբ հարվածներ հասցնելու վերաբերյալ: Նա նաև նշել է, որ հարվածներ չեն հասցվել այն տեղերի ուղղությամբ, որտեղ գտնվում են ռուս զինվորականներ: