Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուլիսային պայմանավորվածություններ եղել են

Ապրիլ 07,2017 13:30

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝
ընտրական գործընթացների մասին

– Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ ամրագրեց, ու ընդդիմախոս ուժերն էլ շատ արագ ընդունեցին այդ հաղթանակը: Ո՞րն է ՀՀԿ-ական իշխանության հաջողության գաղտնիքը:

– Կարծում եմ՝ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր աշխատանքում զարմանալի փնթիություն թույլ չտար, ապա շատ դժվար կլիներ խոսել այն մասին, որ «ընտրությունների» արդյունքները, մեղմ ասած, կանխորոշված են եղել, իսկ քվեարկությանը մասնակցած քաղաքացիներն էլ ընդամենը նպաստել են նրան, որպեսզի գրանցվեն գործող իշխանության եւ ազդեցիկ արտաքին դերակատարներին անհրաժեշտ այս զավեշտալի «ջախջախիչ» արդյունքները:

Առաջին հերթին, իհարկե, պարզից էլ պարզ է, որ զանգվածային արտագաղթի հետեւանքով Հայաստանում 1.575.000 հազար ընտրող քվեատուփերին մոտենալ չէր կարող: Հավանաբար շատերն են նկատել, որ ՀՀ ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանը ձայների հաշվման մեխանիզմը նկարագրելիս հպարտությամբ պատմեց, որ Հայաստանում գործում է էլեկտրոնային համակարգ, որը եւ ապահովում է հաշվարկի ճշգրտությունը:

Իսկապես, պաշտոնապես եվրոպական չափանիշներին համապատասխանող այդպիսի համակարգի ներդրման փաստը հավաստող սերտիֆիկատներ ՀՀ ԿԸՀ-ին տրվել են դեռ 2011 թվականին, սակայն դրանց վավերականության ժամկետն ավարտվել է 2014-ին: Հավանական կոռուպցիոն բաղադրյալ պարունակող խնդիրներ ենք տեսնում բրիտանական կառավարության կողմից լիազորված մարմնի հավատարմագրումը ստացած GIC Ltd. ընկերության միջոցով այդ սերտիֆիկատները ՀՀ ԿԸՀ-ին տրամադրելու հանգամանքներում, բայց դա առանձին հարց է, որին ավելի հանգամանալից կերպով կանդրադառնանք ավելի ուշ, իսկ տվյալ պահին էականն այն է, որ ՀՀ ԿԸՀ-ն միտումնավոր կերպով ապակողմնորոշել է Հայաստանում ընտրական գործընթացներին մասնակից քաղաքացիներին, միջազգային դիտորդներին ու ԶԼՄ-ներին՝ իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկություն տարածելով առ այն, որ, իբր, ունի ISO 27001:2005 Application of Voting Technologies through “Elections” automated system, including Electronic (Internet)Voting (վկայական No N686383) եւ ISO 9001:2008 Application of Voting Technologies through “Elections” automated system, including Electronic (Internet) Voting (վկայական No N686126) սերտիֆիկատներով հավաստված էլեկտրոնային համակարգերը:

Մինչեւ ապրիլի մեկը հույս ունեի, որ այդ ժամկետանց սերտիֆիկատների էլեկտրոնային պատկերները ԿԸՀ պաշտոնական կայքում շարունակում են պահվել թյուրիմացաբար եւ կհեռացվեն մինչեւ քվեարկության օրը: Սեփական նախաձեռնությամբ չհեռացրին, եւ ես ստիպված եղա հրապարակավ պահանջել պարոն Մուկուչյանից, որպեսզի համապատասխան հրահանգը տա՝ դա էլ չարեց առ այսօր: Այդ համառության պատճառը պարզ է՝ եթե ՀՀ ԿԸՀ ղեկավարությունն ընդունի սերտիֆիկատների անվավեր լինելու հանգամանքն ու հեռացնի դրանց էլեկտրոնային պատկերներն իր կայքէջից, ապա ինքնաբերաբար ստիպված է լինելու խոստովանել, որ քվեարկության օրը Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային կառավարման համակարգ իրականում չի գործել, իսկ դա արդեն մեծագույն խնդիր էր լինելու եվրոպական դիտորդների համար՝ ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու տեսանկյունից:

Այնպես որ, ԿԸՀ մասնագիտական այս սայթաքումը թե՛ «ընտրությունների» իրավաչափության վրա խաչ քաշեց, թե՛ միջազգային դիտորդների դրական եզրակացության տակ մեծ ռումբ դրեց ու պայթեցրեց, քանի որ հատկապես երկարաժամկետ առաքելությամբ ՀՀ ժամանած դիտորդների բացառիկ անփութության ու մասնագիտական անհամապատասխանության արդյունքն է այն, որ ՀՀ ԿԸՀ այս ճակատագրական աճպարարությունը չկանխվեց, ու հետեւաբար Հայաստանում հերթական անգամ չի լինելու ժողովրդի քվեն ստացած լեգիտիմ իշխանություն: Այս համատեքստում հատկապես ուշագրավն այն է, թե ինչպես են մեր արեւմտյան բարեկամները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները պատեր ճանկռտելով փորձում հավաստել այս չազգընտիր իշխանության լեգիտիմությունը, եւ, անկեղծ ասած, հենց նրանց այս ջերմեռանդությունն եմ խիստ մտահոգիչ համարում՝ իրենք հո շատ լավ գիտեն մերոնց «անմեղ չարաճճիությունների» մասին, ու եթե այս դիրքն են բռնել, ուրեմն ոչ լեգիտիմ մեր իշխանություններից ակնկալիքներ ունեն:

– Իսկ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերն այս ընտրապայքարում իրականում ի՞նչ դեր խաղացին: Ձեր կարծիքով՝ քաղաքական կուլիսներում առկա խոսակցություններն այն մասին, որ ընդդիմությունն ու իշխանությունը պայմանավորվածություններ ունեին «խաղի կանոնների» շուրջ, իրակա՞ն են:

– Ինչ վերաբերում է «ընտրապայքարին» մասնակցած քաղաքական ուժերի փոխհարաբերություններին, «նախընտրական» պայմանավորվածություններին ու «հետընտրական» հեզ խոնարհությանը, ապա տպավորությունս այն է, որ իսկապես քաղաքական ետնաբեմում որոշակի պայմանավորվածություններ, վստահաբար, եղել են եւ հիմնականում դրանք կյանքի են կոչվել: Թեեւ առաջիկայում ձեւավորվելիք իշխանությունը վերը նշված պատճառներով լեգիտիմ չէ, այդուհանդերձ՝ կառուցվածքային տեսանկյունից դրական առաջխաղացում է այն, որ տեղի ունեցավ ընդդիմադիր բեւեռի զավթում տնտեսական լծակների տիրապետող քաղաքական ուժի կողմից: Այժմ Հայաստանում տնտեսական լուրջ ներուժ ունեցող երկու կուսակցություններ՝ համապատասխանաբար ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն վերահսկում են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր բեւեռը եւ հաջորդ ընտրափուլում արդեն գուցեեւ կարողանան փոխատեղվելու միջոցով լեգիտիմացնել իրենց այդ երկգլխանի իշխանությունը: Այլ հարց է, թե որքան մեծ է իրենց անմիջական կախվածությունն, օրինակ, Ռուսաստանից: Նախկին ՕԵԿ-ը նշված համատեքստում լուրջ սանմաքրման աշխատանք կատարեց եւ, ԱԺ չմտնելով, մեր հասարակությանը կարեւոր ծառայություն մատուցեց՝ բազմաթիվ մանր-մունր կուսակցություններ իր հետ մեջտեղից հանելով:

Չեմ կարծում, որ Արթուր Բաղդասարյանի այս ծառայությունը ինչ-որ կերպ չհատուցվի ապագայում: Միանգամայն անհավանական ձայներ ստացած Դաշնակցությունը Հայաստան-Սփյուռք կամուրջի շահագրգիռ ու մենաշնորհային պահակն է լինելու՝ երբեմն խիստ ուրույն գործառույթներ ստանձնելով: ՕՐՕ-ն եւս ինչ-որ առումով կատարեց ՕԵԿ-ի դերը, բայց հասարակության՝ իր ազդեցության տակ եղած տիրույթում: «Ելք» դաշինքն «իրական» արեւմտամետ ընդդիմության համար բացված խորհրդարանական «Կարմիր անկյունի» զարդը կդառնա, իսկ ՀԱԿ-ը՝ գործող իշխանության հողատվական խաղաղասիրության արտախորհրդարանական հենարանը: Մի խոսքով՝ լավ դերաբաշխում է, թեեւ չեմ պնդում, որ կատարված ամեն ինչը 100% փոխպայմանավորվածությունների արդյունք էր:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է նոր խորհրդարանը տարբերվելու իր նախորդներից: Շատերը խոսում են դրա որակական առավելությունների մասին: Դուք տեսնո՞ւմ եք այդ առավելությունները, որո՞նք են դրանք:

– Անկեղծ ասած, առայժմ միակ առավելությունն այն եմ համարում, որ նախորդ խորհրդարանի նախկին անդամներից շատերն այլեւս հնարավորություն չեն ունենա իրենց բթությամբ, անսկզբունքայնությամբ ու քրեական պահվածքով նյարդայնացնել հասարակությանը: Գուցե նորերն էլ շատ աչքի չընկնեն բարձր մասնագիտական ու բարոյական որակներով, բայց գոնե թարմ են:

– Ի՞նչ է սպասվում մեզ մինչեւ 2018 թվականը: Կարեն Կարապետյանը կարդարացնի՞ այն հույսերը, որոնք ընտրողների որոշ մասը, այնուհանդերձ, կապում է վարչապետի անձի հետ: Թե՞ հիասթափությունն արագ կգա:

– Պետք է ասեմ, որ առաջիկա մեկ տարին, ամեն դեպքում, անցումային շրջան է լինելու, որի ընթացքում պետք է պարզվի, թե 2018-ին՝ ՀՀ նախագահի նոր լիազորությունների ուժի մեջ մտնելուց հետո, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Գործող վարչապետը խոստումնալից հայտարարություններով հանդես եկավ իր պաշտոնավարման սկզբում, սակայն այն տպավորությունն ունեմ, որ հետագայում չկարողացավ կազմակերպել կառավարության աշխատանքն իր հռչակած սկզբունքներին համապատասխան: Այժմ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանա՞ խոստացված ներդրումների ծավալն ապահովել: Ամեն դեպքում նա առայժմ իրական քաղաքական կշիռ ձեռք չի բերել:

 

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

06,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930