Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի հայկական կայքի խմբագիրը դիմել է դատական կարգով պաշտպանության

Ապրիլ 07,2017 13:00

«Սա պետք է մտահոգի մեր պետական կառույցներին: Ներքին թշնամուն հետ պահելով մեր երկրի անվտանգության, մասնավորապես, նման խառնակչություններից: Մեր լրագրողական հետաքննության արդյունքում Գայանեի այս կեցվածքը որակվում է ոչ ավել, ոչ պակաս՝ դավաճանություն հայրենիքի նկատմամբ: Գայանե Մանուկյանի դավաճանական արարքները, այո, սպառնում են մեր պետության անվտանգությանը: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է անհապաղ արձագանքեն այս ճչացող ու մեզ պատիվ չբերող իրողությանը»:

Մեջբերվածը 4news.am կայքում այս տարվա հունվարի 21-ին տպագրվածից է:
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Սեդրակյանը: Հայցը գտնվում է դատավոր Ն. Ավետիսյանի վարույթում:

Մարտի 31-ին նշանակված էր անդրանիկ դատական նախնական նիստը:
Փաստաբանը Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի ներկայացուցիչն է:

Հայցը 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի եւ օրեր առաջ դատարանում միջնորդությամբ պատասխանող ճանաչված լրագրող Արթուր Հայրապետյանի դեմ է:
Ըստ հայցադիմումի, ոստիկան Դավիթ Փերիխանյանն անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է հետեւյալը. «Գայանե Մանուկյան, եւ այլն, եւ այդ գրառմանը հաջորդել է ծաղրանկար, ռուսերեն վիրավորական արտահայտությամբ»:

 

Պատասխանող լրատվական կայքն այս տարվա հունվարի 21-ին հրապարակել է «Ադրբեջանական լրատվամիջոցների բարեկամ Գայանե Մանուկյանի դավաճանական քայլը» հրապարակումը, ուր մասնավորապես, ըստ հայցվորի՝ գրված էր. «Լրագրողական հետաքննության արդյունքում Գայանե Մանուկյանն օրեր առաջ հարցազրույց է տվել Հաքին.ազ կայքին: Թվում է, թե լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում պետք է լինի այս հանգամանքը, սակայն լրատվամիջոցները չանդրադարձան այս փաստին, նույնիսկ քչերին հետաքրքրեց, թե ինչ բարեկամական կապ կա Գայանեի, ադրբեջանական լրատվամիջոցի եւ հատուկ ծառայությունների միջեւ: Այս կինը խառնակչություններ է մտցնում սկսած Հայաստանի Հանրապետության այն օրերից, երբ երկրում տիրում էր արտակարգ դրություն»: Խոսքը ՊՊԾ գնդում տիրող իրավիճակի մասին էր:
«Ինչ է ստացվում, որ մեր երկիրը լքած կինը, ԱՄՆ-ում հաստատված, մեր երկրի ներսում կատարվող իրավիճակի մասին հարցազրույց է տալիս մեր թշնամուն, ինչքանով է դա տրամագծորեն ճշմարտացի»,-գրվել էր կայքում:

Ըստ հայցվորի ներկայացուցչի, իր վստահորդին նման արտահայտություններով վիրավորել են, զրպարտել:

Գայանե Մանուկյանը լրագրող է եւ թե հրապարակումը, թե գրառումները կատարվել են ֆեյսբուքյան ցանցի ներսում, հրապարակային, եւ նպատակ են ունեցել արատավորել նրա պատիվը, արժանապատվությունը եւ մասնագիտական համբավը, իսկ լրատվամիջոցով հրապարակվածը չի համապատասխանում իրականությանը:

Հայցվորը պատասխանողներից մեկ միլիոն դրամ է պահանջում, վիրավորանքի համար որպես փոխհատուցում, իսկ երկու միլիոն դրամ էլ՝ զրպարտության համար:
Հայցվոր կողմը հղում էր կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին, համաձայն որի, անձը, որի պատիվն ու արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Ի դեպ, վիրավորանքը խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով, պատիվը կամ արժանապատվությունը, կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

«Առավոտի» տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ.- Դեռ անցյալ տարվա նոյեմբերին լրատվամիջոցները տեղեկացրին փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի մի դատավարության մասին: Նա 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել էր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաեւ վնասել էր վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով գույքային վնաս: Հիշեցնենք, որ տուժող ճանաչված կազմակերպության՝ Ուտոպիանա.am-ի, ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը պատճառված վնասի հատուցման համար քաղհայց էր ներկայացրել եւ ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանից պահանջել էր 5.480.000 ՀՀ դրամ, որից 2 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

 

«Առավոտ»

06,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930